Վերջին շրջանում մեզանում ավելի ու ավելի հաճախ է շրջանառվում «պատմական հայրենիք» արտահայտությունը: Այն օգտագործվում է` շեշտադրումը կատարելով Արևմտյան Հայաստանի վրա, իսկ «հայրենիք» եզրով հիմնականում բնորոշվում է մեր ներկայիս երկու հանրապետությունների տարածքը: Այլ խոսքով` Հայաստանի կամ Հայոց հայրենիքի ամբողջականությունը դասվում է պատմական երևույթների շարքը: Խնդիրն այն է, որ Հայոց ներկա պետականություններն ընդգրկում են Հայաստանի տարածքի մի մասը միայն, մինչդեռ այսօր պահանջ կա աշխարհասփյուռ հայության կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունները, որպես հայրենի պետություններ` հայրենիք ընկալելու: Այս երկու առաջնահերթություններն իրականում անհակադրելի են, մինչդեռ Հայոց հայրենիքի կորսված հատվածը որպես հայրենիք «պատմական» որակելով` մենք, նյութական առումով, այն, ինչ ունենք այսօր, հակադրում ենք նրան, ինչ ունեինք անցյալում, այլ խոսքով` ներկա հայկական պետությունների` ողջ հայության համար հայրենիք ընկալվելու անհրաժեշտությունը բախման մեջ է մտնում հայրենիքի ամբողջության գաղափարի, ազգային պահանջատիրության և պատմությանն ու ներկային հավասարապես աղերսվող հենքային արժեքների հետ: Փաստորեն, պատմական հռչակելով մեր հայրենիքի մեծ մասը, մենք հայրենիքը «փաքրացնում» ենք ու սերունդներին մատուցում մեր պետականությունների ներկա սահմաններով: Մինչդեռ Հայաստանն ու Հայկական պետականությունները անհակադրելի մեծություններ են: Երկուսն էլ նույնանում են հայրենիքի գաղափարին, մեկը` բացարձակ, իսկ մյուսը` «ազգային պետություն-հայրենիք» մոտեցման տեսանկյունից: «Հայրենիք» և «պատմական հայրենիք» եզրույթների օգտագործումն իրականում արհեստական երևույթ է և, ամենայն հավանականությամբ, մեր իրականություն է ներթափանցել այն հայերի միջոցով, որոնք բնակվելով այլ պետություններում, փորձ են կատարել բնակության պետություն-հայրենիքը և պապերի հայրենիքը ինչ-ինչ ձևով համադրել և կամ զուգահեռել: Ես այդ երևույթին ականատես եմ եղել ՌԴ-ում, որտեղ հայերից որոշները հենց այդ հայեցակետից էլ Հայաստանը համարում էին «պատմական հայրենիք»: Այնտեղ առկա էր նաև երկրորդ խեղված մոտեցումը: Որոշ հայերի մոտ բախվում են հայրենիքի ամբողջական գիտակցությունն ու տեղական (լոկալ) հայրենիք-ծննդավայրի ընկալումը, երբ բախման հետևանքը բերում է նրան, որ ներկայիս մեր պետականությունները չենք ընկալվում որպես հայրենիք այն հայերի կողմից, որոնց պապերի ծննդավայրը գտնվում է Արևմտյան Հայաստանում: Բարեբախտաբար, նման մտայնությունն առկա է չնչին թվով հայերի շրջանում: Սակայն, եթե փորձենք խնդրին նայել ՀՀ և ԼՂՀ հայության և սփյուռքահայության տեսանկյուններից ընդհանուր առմամբ, պարզ կդառնա հայրենիքը «պատմական»-ի և «ոչ պատմականի» տարանջատման սնանկությունը:
1. Մենք` ՀՀ և ԼՂՀ հայերս, կերտելով պետականություն, մեր հայացքը չենք կտրում Հայաստանի` թուրքերի կողմից բռնազավթված տարածքներից, գիտենք, որ հայրենազրկվել ենք և շարունակում ենք հայրենիք ասելով ընկալել Հայաստանն ամբողջությամբ:
2. Սփյուռքահայերն ունեն ընկալման նույնանման հայեցակետ, սակայն նրանց տեսանկյունից գոյություն ունի «ամբողջական» և «տեղական» հայրենիքի ընկալումը (անվանումները Հ. Քաջազնունունն են): Երկրորդը, որը նույնական է ծննդավայրին, սփյուռքահայի համար հիմնականում դուրս է մեր ներկայիս պետականությունների տարածքից: Սակայն դա չի խանգարում, որ սփյուռքահայությունը ՀՀ-ն ու ԼՂՀ-ն ընկալի որպես հայրենիք ու հայրենի պետություն միաժամանակ: Փաստացիորեն, չկա որևէ հիմք Հայոց հայրենիքի մի հատվածը «պատմական» կոչելու, առավել ևս, որ այդ բառը ցույց է տալիս նաև հայրենիքի` գոնե սահմանային ընդգրկման առումով տարաբնույթ ընկալումների առկայություն: Մինչդեռ հայրենիքի գիտակցումը թե´ հայրենի պետությունների և թե´ Սփյուռքի հայության տեսանկյունից առավել հոգևոր արժեք է, սրբազան ընկալում, ուստի` անբաժանելի ու ամբողջական: Այժմ վերադառնալով «պատմական հայրենիք» ասվածին` փորձենք հասկանալ, թե ինչու՞ ենք այն օգտագործում: Եթե դրանով շեշտում ենք այն, որ Հայոց հայրենիքի սահմաններն այժմ փոխված են, ապա դա հանցավոր մոտեցում է: Հայրենի պետության սահմանները կարող են փոփոխվել, բայց հայրենիքինը` երբե´ք, քանի դեռ ապրում են հայրենիքի գաղափարը կրողները: Ժամանակին մեծն Տերյանը «Հոգևոր Հայաստան» գրվածքում ահազանգ հնչեցրեց, որ մենք Հայաստանն առավել որպես նյութական երևույթ ենք ընկալում, այսինքն` «կերտում» Հայաստան, որ չունի հոգի, այլ միայն մարմին է: Այսօր «պատմական հայրենիք» և «հայրենիք» բառերը զուգահեռ օգտագործելով` մենք ծվատում ենք Հայաստանի մարմինը, բայց չէ՞ որ դրանով ծվատվում է նաև Հայաստանի հոգին, որն ամբողջական է` անկախ նրանից` նյութական մարմինն ամբողջական է, թե ոչ: Մենք կարող ենք օգտագործել «հայրենիք» և «հայրենի պետություն» եզրույթները, Հայաստան և Հայաստանի Հանրապետություն անվանումները, բայց պետք է կտրականապես հրաժարվենք «պատմական հայրենիք» արտահայտությունից, որը նաև հրաժարում է, զիջում, արդիական խնդիրը պատմականի վերածելու և ամբողջական հայրենիքի գաղափարը անցյալում թողնելու միտում: Կա մի երևույթ, որի տեսանկյունից գնահատելով ասվածը, կարող ենք վեր հանել նոր հիմնահարցեր: Հայտնի է, որ հասարակությունների ձևավորումը տեղի է ունեցել տարածքային սկզբունքով (տարածքային սոցիալիզացիա), երբ մարդկանց հանրույթը «կապվում» է որոշակի տարածքի, ստեղծում ավանդույթներ, կենցաղ և մշակույթ: Ի վերջո, ձևավորվում է նաև հայրենիքի գիտակցությունը: Եթե այս տեսանկյունից փորձենք քննարկել «հայրենիք» և «պատմական հայրենիք» եզրույթների առկայությունը մեր հասարակության մեջ, ապա «միտում»-ը (իհարկե´, սխալ) այն է, որ դրանք արդյունք են երկու տարբեր հասարակայնացումների` մի դեպքում` պատմական, երբ այն կատարվել է ավելի քան 400 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա, իսկ մյուս դպքում` արդի, երբ դա տեղի է ունեցել նշված տարածքի` համեմատաբար 10 անգամ ավելի փոքր հատվածի վրա: Այդ տեսանկյունից` հայությունն այսօր բոլորովին այլ էություն է, այլ հասարակություն, քան անցյալում: Այն, որ ստացված «արդյունք»-ն իրականության հետ առնչություն չունի, պարզից էլ պարզ է: Այլապես ստիպված կլինենք սփյուռքահայության «հայրենիք»-ն էլ դիտարկել ըստ գտնվելու վայր պետությունների: Մինչդեռ իրականում մեզ բոլորիս միավորում է հազարամյակներ առաջ ծնված և հարատևած ամբողջական հայրենիքի գաղափարը: Իսկ հայրենիքի գաղափարի մասնատումը հղի է ազգային ամբողջականության մասնատման վտանգով: Որպեսզի հավելյալ հիմնավորենք «պատմական հայրենիք» և «հայրենիք» եզրույթների զուգահեռ օգտագործման սխալ լինելը, անդրադառնանք վաղուց ի վեր հայտնի որոշ ճշմարտությունների:
1. Ազգը, բացի քաղաքական երևույթ լինելուց, նաև ու գլխավորապես պատմական անհատականություն է, պատմական ճանապարհի արդյունք: Իսկ այդ անհատականությունը ձևավորում է ազգային ինքնություն: Մեր պատմական անհատականությունը մշտապես կապված է եղել ամբողջական Հայաստան-հայրենիքի հետ, ուստի` մեր ազգային ինքնության գլխավոր հենքերից մեկը հենց Հայրենիքն է ամբողջական ընկալմամբ:
2. Հայտնի է, որ ազգի հեռանկարը հենվում է անցյալ-ներկա-ապագա ամբողջական-ընդհանրացված ընկալման վրա, իսկ հայրենիքի մեծ մասի` «պատմական» կոչելը խեղաթյուրում է այդ ընկալումը` հակադրություն ձևավորելով Հայոց պատմության շրջափուլերի միջև և դեպի ապագա ուղղված հայության հայացքը դարձնում մշուշոտ: Ուստի` եթե կորցնենք ամբողջական հայրենիքի գիտակցումը, կկորցնենք նաև այն էական որակներից շատերը, որոնք ծնունդ են հենց այդ գիտակցման, մասնավորապես, ազգային ամբողջականության գիտակցումը: Դրանից կխեղվի ազգի անհատականությունն իր ապագայի տեսլականով: ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՉԻ ԼԻՆՈՒՄ, ԱՅՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԼԻՆՈՒՄ Է ԿԱՄ ՉԻ ԼԻՆՈՒՄ` ԿԱՊՎԱԾ ԱՅԴ ԳԱՂԱՓԱՐԸ ԿՐՈՂՆԵՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԿԱՄ ԱՅԼԵՎՍ ՉԼԻՆԵԼՈՒ ՀԵՏ: