Արձանը սովորաբար խորհրդանշում է որևէ անձի, իրադարձության կամ երևույթի դրական հատկանիշը: Այն ոչ միայն տվյալ անձի գործունեությունն արժևորելու, այլև նրա դրական օրինակը ներկայի վրա տարածելու միջոց է: Արձանը անցյալի ներկայությունն է: Այն ունի շատ հստակ գործառույթ` իր ներկայությամբ պահելու անցյալի այն հիշողությունները (կամ անձանց), որոնք օրինակելի են ներկայի հասարակության գաղափարական և արժեքային համատեքստում: Արձանը նշան է հերոսության, անձնազոհության, հզորության և այլն: Այսինքն՝ արձանը ՕՐԻՆԱԿ է ներկա սերունդների համար` անելու այն, ինչ օգտակար է:
Իսկ ի՞նչ, եթե արձանը լինի ԽՐԱՏ ներկա սերունդների համար` չանելու այն, ինչ վնասակար է: 
Թող տեղադրեն Միկոյանի արձանը, և թող մարդիկ այդ արձանի կողքով անցնելիս ոչ թե պատվեն, այլ անարգեն այն տարբեր ձևերով: Թող քաղաքում լինի արձան, որը կխորհրդանշի ոչ թե հերոսություն, այլ դավաճանություն: Անցյալի հերոսներին հիշելը լավ է, բայց դավաճաններին մոռանալը վտանգավոր է: Դավաճանի արձանը քաղաքում նշան է բոլոր ներկաների համար, որ իրենք էլ կանարգվեն մահից հետո, եթե գործեն նույնկերպ: Սա հասարակության համար յուրատեսակ զսպաշապիկ է Չլինելո՛ւ ինչ-որ կերպ:

Հ. Գ. Եթե հնարավոր չէ փոխել արձանը, կարելի է փոխել արձանի տրամաբանությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել