Հայաստանում օգոստոսին սկսվում է մեղրաքամը: Մեղր կարելի է գնել ինչպես անմիջապես մեղվապահներից, այնպես էլ գործարանային շշալցված: Մեղրի գինը տատանվում է կգ-ը 2500-5000 դրամի սահմաններում: Շատ քաղաքացիների մտահոգում է այն հարցը, թե որքանո՞վ գնված մեղրը մաքուր է, կամ ինչպե՞ս կարելի է ստուգել մեղրի մաքրությունը:
Նշենք, որ մեղրի ստուգման բազմաթիվ ձեւեր կան, սակայն NEWS.am-ը փորձեց մեղրի լաբորատոր ստուգում իրականացնել: Այդ նպատակով Աշտարակ քաղաքի «Աշտարակ» սուպերմարկետից ձեռք բերեցինք Մասիս քաղաքի «Ալիշան» ընկերության արտադրած մեղրը` 400 գրամանոց շշի համար վճարելով 1500 դրամ: Ընդ որում` մեղրն այդ գնով վաճառվում էր ակցիայի տակ:
Լաբորատոր ստուգումն իրականացվել է 15 ցուցանիշներով, այդ թվում` սախարոզան, թթվայնությունը, մետաղների պարունակությունը եւ այլն: Լաբորատորիայից ստացված եզրակացության համաձայն` «Ալիշան» մեղրը 2 չափանիշներով չի համապատասխանում ստանդարտներին` սախարոզա եւ դիաստազա:
Սախարոզան ցույց է տալիս շաքարի պարունակությունը մեղրում: Ըստ նորմայի` այն չպետք է գերազանցի 5.5%-ը, սակայն կազմել է 5.7%: Մասնագետների գնահատմամբ` սախարոզայի նման մակարդակը շատ բարձր է, եւ ցույց է տալիս, որ մեղուները չափից ավելի սնվել են շաքարով:
Երկրորդ անհամապատասխանությունը եւս վկայում է այն մասին, որ մեղուները ծաղկափոշի քիչ են օգտագործել: Այդ ցուցանիշը արտահայտվում է դիաստազային թվում, որի պայմանական նվազագույն միավորը 7-ն է: Իսկ մեր հանձնած փորձանմուշում այն կազմում է 4.4: Մեկ այլ ցուցանիշով` ծաղկափոշու առկայությունը, արձանագրվել է սահմանային նվազագույն նորմատիվը:
Այսպիսով` «Ալիշան» ընկերության մեղրը բնական է, սակայն այդ մեղրը ստացվել է շաքարի միջոցով, եւ քիչ չափով մեղուներն օգտվել են ծաղիկներից:
Անշուշտ` Հայաստանում բազմաթիվ են մեղվապահներն ու ընկերությունները, որոնք համեմատաբար անարատ մեղր են առաջարկում: Քանի որ լաբորատոր ստուգումը բավական թանկ արժե (լրիվ փորձաքննությունը 35 հազ. դրամ է), մեղրի սիրահարներին խորհուրդ ենք տալիս մի քանի փորձված մեթոդներ.
1.Մեղրը ամանից դատարկելիս չպետք է կտրվի, այլ ծորալով պետք է դանդաղ իջնի ու ծալքերով կուտակվի իրար վրա: Այդ դեպքում մեղրը մաքուր է: Իսկ եթե ուղիղ իջնի մեղրի խորքը եւ առաջացնի ձագարաձեւ փոս, ուրեմն անարատ չէ, այլ պատրաստված է մեղվի օգնությամբ, բայց շաքարաջրից:
2. Թղթի վրա բարակ շերտով մեղր քսել ու այրել: Եթե կրակը հասնի մեղրի շերտին ու հանգչի, ուրեմն մաքուր է: Եթե կրակը չի հանգչում, ուրեմն պատրաստված է շաքարաջրից: Շաքարն այրվում է, մեղրը` ոչ:
3. Մեղրը լուծում են մուգ գույնի անանուխի թուրմի մեջ, եւ եթե թուրմի գույնն անմիջապես պղտորվի, ուրեմն` այն անարատ է:
4. Ծոր մեղրի մեջ ընկղմում ենք 1 կտոր շաքար, եթե որոշ ժամանակ հետո այն լուծվեց մեղրի մեջ, ապա դա կնշանակի, որ մեղրն անարատ չէ: Իսկ եթե շաքարի կտորը մնաց անփոփոխ, ուրեմն մեղրն անարատ է:
Նյութը՝ News.am-ից