Նոր «Ազատություն» ռադիոկայանի կիրակնօրյա վերլուծականն էի դիտում: Հաղորդումը նվիրված էր Եվրասիական միությանը, Աստանայի գագաթաժողովին, Նազարբաևի հայտարարությանը: Հաղորդման հյուրը՝ Դավիթ Շահնազարյանը, պահանջում էր, որ Սերժ Սարգսյանն անհապաղ դադարեցնի եվրասիական ինտեգրացիայի քաղաքականությունը:
Ես ինքս եվրաինտեգրացիայի համոզված կողմնակից եմ, բացասաբար եմ վերաբերել Սերժ Սարգսյանի՝ անցած տարվա սեպտեմբերի 3-ի հայտարարությանը, ռիսկեր եմ տեսնում Եվրասիական միության մեջ, բայց իրատեսական չեմ համարում պարոն Շահնազարյանի պահանջը:
Հայաստանի եվրասիական ընտրությունը պարտադրված որոշում էր՝ պայմանավորված տարածաշրջանի միլիտարիզացիայի բարձր մակարդակով, նաև Սերժ Սարգսյանի շրջապատի այն մտավախությամբ, որ Հայաստանում կարող է կազմակերպվել հեղաշրջում:
Հատկապես առաջին գործոնը չեզոքացված չէ, ըստ այդմ՝ Հայաստանը չունի ռեսուրսներ Կրեմլի ճնշումներին դիմակայելու համար:
Իրատես լինենք. մեր տիպի սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրները չեն կարող հակադրվել կայսրություններին ու առավելագույնս պետք է փորձեն չդառնալ դրանց թիրախ կամ չմնալ նույն այդ կայսրությունների փլատակների տակ:
Գլոբալ առումով՝ Հայաստանի քաղաքականությունը կաշկանդված է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված չեն: Մեր քաղաքական համակարգի որակը թույլ չի տալիս լավատես լինել ու կանխատեսել, որ մոտ ապագայում Հայաստանի որևէ լուրջ քաղաքական ուժ այդ խնդիրները լուծելու քաղաքական օրակարգ կձևավորի:
Ըստ այդմ՝ անկախ իշխանության պատկանելիությունից, վարվող քաղաքականությունն որակապես տարբեր չի լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել