Լուսանկար առաջին
Եռանկյունի
Արդեն մեկ ամիս է ինչ գրավում է ուշադրությունս:
Գեղեցիկ է:
Իսկ գեղեցիկները մինչև խոսելը շատ գեղեցիկ են, խոսելուց հետո կարող են մի այնպիսի բառ սեպեն ականջիդ որ…
Ամեն օր զգում եմ նրա զննող հայացքը,նույն երթուղային տաքսիով ենք գնում,բայց մինչև հիմա չենք բարևել միմյանց,իսկ ես այնքան եմ ուզում:
Միայն բարևել,ուրիշ ոչինչ:
Հագած անձրևանոցը երկարէ,շրջազգեստը կարճ,գեղեցիկ լինելու աստիճանի կարճ:
Իմ ինժեների հայացքն արդեն որոշել է շրջազգեստի երկարությունը-18 սմ-ից երկար չի լինի:
“Իսկ Արփի՞ն”: Սա իմ ենթագիտակցությունն է վիճում ինձ հետ:
Իմ ենթագիտակցությունը մի հաստագլուխ երևույթ է,որը միշտ ինձ խանգարում է իմ երազելու պահերին,կամ էլ ընկերացել է Արփիի հետ:
Հիմա էլ սկսեց սղոցել ականջս “Արփին ավելի տնտեսող է,այդքան կտորից իրեն չորս շրջազգեստ կկարի,իսկ դու ու՞ր ես նայում..”
Նայում եմ նրա կապրոնե զուգագուլպաներին,ափսոս չեմ կարող որոշել մի միակ իմացած “Լևանտեն” է,թե ոչ: Հետաքրքիր է:
Ենթագիտակցությունս ասում է ”Մի նայիր այդ կողմ,նայիր պատուհանից դուրս,տես մի պառավ է անցնում առանց լուսաֆորի կարմիրին նայելու”:
Ինչու՞ նայեմ դուրս,երբ մի զույգ գեղեցիկ ոտքեր կանաչ լույս են տվել աչքերիս,չնայաց ոչինչ չեմ կարողանում տեսնել:
Իսկ Արփի՞ն:
Վերջին անգան նեղացավ ու արդեն տասնմեկերորդ օրն է չի զանգում,ինչ էր եղել որ…
Սրճարանում էինք,իրար քիթ-քթի կպած ծիծաղում էինք ու ամեն ինչ լավ էր,նույնիսկ մատուցողուհու ձեռքի կեղտոտ շորը,որով սրբեց մեր սեղանը,լավ էր նույնիսկ հաճախորդների պիցցաներով լիքը բերանների չլմփացնելով ծամելը:
Ամեն ինչ լավ էր թվում, երբ կողքի սեղանից մի կանացի ձայն ծխախոտ խնդրեց:
Բայց ի՞նչ կարող էի անել,Արփի:
Երևի դա է եռանկյունի կոչվածը,որի մասին շատ էի լսել,բայց դեռ չէի հանդիպել:
Արփի,զուգագուլպաներով աղջիկ,սրճարանի աղջիկ … եթե նույնիսկ ես ճիշտ եմ ուրեմն Բերմունդյան,կամ ավելի ճիշտ Հայկական:
“Երևանյան”-հուշում է ենթագիտակցությունս ու հրճվում.”Գնա կորիր այդ եռակյան մեջ,քեզ տեղն է”
- Դու նրա ծխախոտը ուրիշ ձև վառեցիր,նայում էիր փայլուն աչքերով,դու խոզ ես,զզվում եմ տղաներից:
Արփիի հեռանալուց հետո, գիտեի որ դուրսը սպասելու է,լուռ,սուրճիս կիսատ բաժակը ձեռքիս մոտեցա ու նստեցի նրա սեղանին:
-Կներես ես չէի ուզում,Բայց լավ ստացվեց,ինձ թվաց կվազես նրա ետևից,բայց դուր եկավ որ չգնացիր: Ես Սոնան եմ,արդեն քսանչորս տարի:
-Դե ոչինչ,հո դիտմամբ չարեցիր:
-Մեկի հետ պայմանավորվել էի,Ինտերնետով ենք ծանոթացել,իրար չէինք տեսել,ինձ կինո հրավիրեց,եկավ,հանդիպեցինք ձեր գալուց մի 10 րոպե առաջ ու ընկերուհուդ նման հեռացավ,իսկ ես այնպես եմ ուզում կինո գնալ:
-Տանը հեռուստացույց չունե՞ք,-ժպտում եմ ես:
-Կինոյում ուրիշ է,երևի շատ լավ,կյանքում տղայի հետ կինո գնացած չկամ:
-Հրավիրում եմ,-մտքումս զարմանում այսպիսի աղջկան լքած հիմարի վրա:
-Ճի՞շտ,-երեխայի նման ուրախանում է Սոնան:
-Գնանք:
Վեր կացանք,առաջին երկու քայլը դեպի սրճարանի դուռը և...Սոնայի մեղավոր հայացքը,Արփիի դռների մոտ սպասելը և իմ շփոթմունքը –դարձյալ եռանկյունի:
Սոնան կաղում էր:
Լուռ անցանք Արփիի լայն բացված աչքերի մոտով ու կուլ գնացինք կինո “Մոսկվայի” դռներում:
Զուգագուլպաները կարմիր լույս վառեցին, ոտքեր միացան իրար,կարմիր լույս էր նաև իմ աչքերի ու վարորդի համար:
-Այստեղ ես չէ՞ իջնում,-ինձ արդեն դեմքով ճանաչող վարորդը մեքենան քաշեց աջ:
Ենթագիտակցությունս թույլ-թույլ ասաց.
“Իջիր,իջիր”:
Լուսանկար Երկրորդ
Կարուսել
Աստիճանները սառն են:
Ստվարաթղթե կտորն էլ,որի վրի վրա նստած եմ,ոտքս տակս թաքցրած,իր գոյության մասին ոչինչ չի ասում:
Մատներս սառել են,կիթառի լարերը ցավեցնում են: Կողքս դրած հորս գլխարկն էլ համարյա դատարկ է,այսօր վատ օր է երևում:
Արդեն քսան օր է ինչ նվագում եմ այստեղ`մետրո իջնող աստիճանների վրա:Համարյա գիտեմ բոլոր պոտենցիալ փող գցողներին:
Հիսուն դրամից ավել գցող չկա,բացի մի երկարաճիտք կոշիկներով աղջկանից,որը հարյուր դրամ է գցում,ամեն երկու օրը մեկ:
Այսօր նրա գալու օրն է:
Հենց նրան տեսնում եմ տրամադրությունս բարձրանում է:
Ահա և նա: Ես միշտ հեռվից եմ նրան նկատում:Այսօր երկար վերարկու է հագել,մազերի ձևն էլ փոխել է,բայց աչքերը նույնն են`բարի,խորը..
Երբ նրան տեսնում եմ սկսում եմ նույն երգը նվագել.
Պտտվիր,պտտվիր կարուսել
Ես քո երգը վաղուց եմ լսել..
Ապրածս տարիները բավարար են,որոշելու որ նա ինձ համար կարող է լինել միայն ու միայն փող գցող,ուրիշ ոչինչ:
Մոտենում է,ես գիտեմ մոտավոր տեղը,որտեղ հասնելիս բացում է պայուսակը և հեց այդ տեղից էլ սկսվում է իմ `
Պտտվիր,պտտվիր կարուսել…
Ոտքերը գժվեցնելու աստիճանի գեղեցիկ են`ստեղծված ոչ թե քայլելու այլ ցուցահանդեսի համար:
Ինձ մոտ այսօր ոչինչ չի ստացվում,ոչ երգս ոչ նվագս,ցուրտ է,շատ ցուրտ:
Աչքերս կախ,լուռ երևի զրկվում եմ հերթական հարյուր դրամից:
Երկարաճիտք կոշիկները մոտեցան ու կանգնեցին իմ իմ դիմաց:
Վերարկուն երկար է,իսկ շրջազգեստը գերկարճ,երևի նոր մոդա է:
Չէ մեկ-մեկ հրաշքներ էլ են լինում:
Գլխարկի մեջ իջան երեք հիսուն դրամանոցներ ու մի նարիջ:
Գլխարկը կարծես լցվեց բերնե բերան:
Հրաշքը լինում է նաև չար,տանջող,քանի որ աչքերս բարձրացնելով տեսնում եմ նրա կարճ շրջազգեստի տակից հազիվ երևացող կիսավարտիքի սպիտակ գլխիկը:
-Ցուրտ է,հա՞ :
-Այո,ուզում եք արտասանեմ առանց նվագելու:
-Պետք չէ,երբ ես վերջացնում:
-Երևի այսօր էլ չնվագեմ,գնամ:
-Ես ժամը 6-ին էլի այստեղով եմ անցնելու,-հեռանում է դանդաղ,արհամարելով մնացած մարդկանց զարմացած հայացքները:
Մի տասը րոպեից հետո անցուդարձն ավարտվեց:
Ալարկոտ հավաքում եմ կողքս դրած արհեստական փայտե ոտքս,իմ իսկական ոտքս թմրել է:Երբ արհեստական ոտքը տեղավորում էի ցելոֆանե սև տոպրակի մեջ,մետրոյում ծառայություն կատարող ոստիկանի հայացքը ժպտաց:
Ես անհանգիստ հայացքով նայեցի շուրջբոլորս ու համոզվելով որ նայող չկա,հանգիստ հեռացա:Ուսիցս կախված կիթառը աստիճաններով բարձրանալիս,քայլերիս հետ համաչափ օրօրվում էր:
Աստիճանների վերջում կամ սկզբում իր “աշխատանքն” էր կատարում մի փոքրիկ իրոք մուրացիկ աղջնակ:
Նարիջը մեկնեցի նրան:
Ժպտաց:
-Այն,-ձեռքով ցույց է տալիս քիչ հեռու նարինջ վաճառող կնոջը,-պառավը քսան դրամով կվերցնի:
-Ինքդ կեր,-ես նրա ձեռքն են խոթում մի հիսուն դրամանոց:
Համոզված եմ որ հակառակ իմ մեծ ցանկության աղջիկը քսան դրամով կվաճառի նարինջը:
Ինչպես մեն առավոտ,այսօր էլ կիթառս,ոտքս ու գլխարկը հանձնում եմ լրագրավաճառ ընկերոջս,մինչև հաջորդ առավոտ:
Ամեն անգամ պահ տալուց կիթառս,ոտքս և գլխարկս ինձ են նայում կարծես օտարացած,կարծես ոչինչ չգիտենք իրար մասին,չնայած երեքով էլ դարձել են իմ ընկերները,ամեն օր կիսելով ցուրտ օրերիս դառը վարձը:
Այսօր ուրիշ օր է,քիչ ցուրտ,բայց երևի նշանավոր,չգիտեմ ինչու:Միգուցե սրբի օր է:
Այսօր ես առաջին անգամ ծախսեցի նրա կողմից տված 50 դրամը,մնացածը`4800 դրամը պահում եմ Պ.Սևակի գրքի մեջ:
Չէ հրաշքներ չեն լինում,լինում է միայն վերջ:
Միգուցե վերջն այսօր է:
Չգիտեմ,ասում են Ս.Սարգսի օրն է:
* * *
Ժամը 17.45 րոպե: Նորից նույն տեղում եմ,առանց “ընկերներիս”,հագուստս էլ ուրիշ:
Թող գա,ինչ լինելու է թող այսօր լինի:
Հեռվից մոտենում է,դանդաղ,կարծես լողում է օդում:
Զարմանալը նրա համար չէ,ավելի շատ ինձ համար:
-Նորից բարև,հուսով եմ նարինջս բուժե՞ց ոտքդ:
-Ես կարող եմ սուրճով հյուրասիրել քեզ,-կմկմում եմ ես:
-Անպայման:Եվ ոչ միայն սուրճով,բայց վճարում եմ ես:
Ես ծիծաղում եմ,գրպանումս իր տված փողերն են,եթե նույնիսկ ես վճարեմ դա նույնը կլինի թե ինքն է հյուրասիրում:
Սեղանի շուրջը,ծանոթանալուց հետո,բացատրում եմ որ հորս գոյության մասին իմացել եմ վերջերս,որ բավականին գումար է թողել ինձ,որը ստանալու համար մեկ ամիս է մնացել,որ հայրս զբաղվել է մուրացկանությամբ ու ես անգործությունից հայտնվել եմ նման իրավիճակում` ժամանակավորապես:
Ծիծաղում է:
-Գիտեմ,ես ապրում եմ հորդ բնակարանի հարևանությամբ,որտեղ հիմա դու ես ապրում:Հորդ մուրացիկ շորերի դիզայնը և փայտե ոտքի գաղափարը իմն է:Նա որպես դերասան իր բարձրության վրա էր ու այլ կերպ չէր կարող տանել իրեն թոշակի ուղարկելը:
Զարմանալը նրա համար չէ,գուցե ավելի շուտ ինձ հանար:
Երկար ոտքերով մատուցողուհին բերեց հաշիվը:
Նայում եմ երկար ու…ծիծաղում:
Զարմանալը նաև նրա համար է:
Գումարից ինձ չի հերիքում ընդամենը 20 դրամ:
Ինձ մոտ պակասում էր ընդամենը մեկ նարինջ:
Լուսանկար երրորդ
Սպիտակ աղավնիներ
Պատուհանի գոգին նստած է մի աղավնի:
Աղավնին սպիտակ չէ,մոխրագույն է:
Շատ կցանկանայի որ սպիտակ լիներ,բայց…
Աղավնու կտուցը ոչինչ չունի բռնած,ոտքին էլ ոչ նամակ կա ոչ երկտող:
Կցանկանայի որ լիներ,բայց…
Գուցե՞ սոված է,թռել եկել է հացի փշուրներ կտցահարելու,հակառակ դեպքում նման կլիներ հեքիաթի,բայց սա հեքիաթ չէ ու ես էլ չեմ կարող հացի փշուրներ հյուրասիրել:
Երեկ գիշեր վերջին կտոր հացը ուտելիս փշուրները ջանասիրաբար հավաքեցի ու լցրեցի բերանս:
Դա ինձ ավելի կշտացրեց քան հացի մի ամբողջ կտորը:
Սա հեքիաթ չէ հակառակ դեպքում կլիներ այսպես.
Իմ պատշգամբից դեպի հակառակ շենքի համապատասխան պատշգամբ ձգվում է լվացքի մետաղալարը: Այդ պատշգամբից երկար մազերի միջով ինձ են նայում մի զույգ աչքեր,երևի գեղեցիկ,ես դա չեմ տեսնում,այստեղից չի երևում:
Թղթե սպիտակ աղավնին,որի թևի վրա գրված է “Բարև,ես եմ” ամրացնում եմ մետաղալարին ու հրում այնքան որ հասնում է դիմացի պատշգամբ:
Աղջիկը ժպտում է,վերցնում աղավնին ու հեքիաթի արագությամբ անհետանում:
Վերադառնում է,ամրացնում աղավնին ու հրում դեպի ինձ:
Ես արդեն պատկերացնում եմ թե ինչ է գրված նամակում,սիրո խոստովանություն,քանի որ արդեն մեկ ամիս է որ ամեն առավոտ անխոս իրար ենք նայում:
Աղավնին տեղ հասավ,վերցնում եմ:Աղավնու մյուս թևին գրված է”Բարև,գիտեմ” և վերջ:
Հեքիաթն ավարտվեց թե՞..
Ավարտվեց իհարկե,քանի որ ես էլ եմ ժպտում:
Բայց հեքիթներն այդպես չեն ավարտվում,այլ այ այսպես.
Երկնքից ընկան երեք խնձոր…
Մեկը ինձ – ես իմ խնձորը սուրճի հետ կուտեմ,թե չէ արդեն երկար ժամանակ է տանը շաքարավազ չկա ու ես սուրճը դառն եմ խմում,տհաճ ինչպես դեղը:
Աղավնու թևի իմ մասում գրում եմ “Դու քո խնձորը ինձ կտա±ս” և ուղարկում եմ,համաչափ հրելով մետաղալարը:
Պատասխանը չի ուշանում.”Մեր տանն այսօր խնձոր չկա,թուզ կա,առանց տերևների,թե չէ կուղարկեի որ ծածկվեիր”:
Նայում եմ ինձ,լողազգեստով եմ:
Չէ,չհասկացավ թե չէ կկանչեր թզով սուրճ խմելու,բայց ինչու± պետք է կանչեր որ..
“Հայրս երկրաբան է,այստեղ չէ,ես ժամանակավորապես բնակվում եմ իր տանը,մինչև վերադառնա”:
Թղթե աղավնին բումերանգի նման վերադարձավ.”Մայրս ակնաբուժ է,հիմա տանը չէ,աշխատանքի է,ուրիշ±”:
“Ավելի լավ կլիներ,որ մայրդ օրթոպեդ լիներ,քանի որ հիմա աղավնու փոխարեն ես եմ մետաղալարով գալու դեպի քեզ:Եթե ընկնեմ ու ջարդուփշուր լինեմ ավելի լավ կլինի մայրդ ինձ “հավաքի””:
Ուղարկում եմ թղթե թռչնակին ու տխրում…աղավնին տեղ չհասավ:
Հեքիաթի քամին չար,աշխույժ,քշեց,տարավ:Ուր,միայն քամին կիմանա:
Ես խոսք տվածիս համաձայն կանգնում եմ մետաղալարին ու կամաց շարժվում առաջ:
Սա հեքիաթում է լինում,իսկ իրականում…
“Երբ նրա նուրբ ձեռքերրը վախից փակեցին գեղեցիկ բերանը,մետաղալարը կտրվեց”
Կես ժամ հետո շտապօգնության մեքենան ինձ կտանի դիահերձարան,իսկ վաղը դիակիս կողքը կհավաքվեն գլխներին սպիտակ աղավնիներ թառած ապագա բժիշկ-բժշկուհիները իրենց պրոֆեսորի հետ միասին:
Իմ դին նրանց համար գյուտ կլինի,քանի որ իմ բոլոր օրգանները չեն համապատասխանում նորմալ վիճակին:
Պրոֆեսորը կսկսի.
-Սա սիրտն է,պայթած,քանի որ նրա ցանկություններն ու երազանքների չափը գերազանցել են սիրտ մտնող արյան հոսքին…
-Սա լյարդն է,մեծացած քանի որ նա իր դառն ապրած տարիները փորձել է քաղցրացնել գինով,օղիով,կոնյակով,գարեջրով…
-Սրանք թոքերն են,սև ագռավի գույնի,քանի որ նա իր կյանքի սև գույները փորձել է քողարկել ծխախոտի ծխով..
-Սա..
-Սա..
-Իսկ այ այս օրգանը, թզի տերևով ծածկված, թող մնա վաղը:
Գուցե պրոֆեսորը տեղի կտա անհամբեր ուսանողուհիների բողոքին,ցույց տալու թզի տերևի տակ թաքնված կարողությունները գերազանցած օրգանը:
Սա ցերեկվա հեքիաթ է... Իսկ գիշերը…
Կգան աղավնու սպիտակ թևիկներով գեղեցիկ տղաներ ու ողջիկներ,իրենց հրեշտակապետի հետ և նա կսկսի.
-Սա սիրտն է,բացված ծաղիկի նման,քանի որ նրա ցանկություններն ու երազանքները եղել են ծաղիկների նման գեղեցիկ:
-Սա լյարդն է,մեծացած,քանի որ մեծ հոգին պետք է մեծ մաքրության աղբյուր ունենա:
-Սրանք թոքերն են,թթվածնի կարոտ,քանի որ նա չի հասցրել շնչել իրեն հասանելիք կյանքի բույրը:
-Սա..
-Սա..
-Իսկ թզենու տերևի տակ թաքնված տղամարդու վարդագույն հոգին,մենք մեզ հետ կտանենք:
Ի նշան համաձայնության հրեշտակները կթափահարեն թևիկներով:
Աղավնին,որը սպիտակ չէր,թափահարեց թևերը ու թռավ առանց հացի փշուր ստանալու:
Մոտեցա լվացքի պարանին:
Մետաղալարի վրա նստած էին բազմաթիվ սպիտակ աղավնիներ,գուցև սոված,գուցե..
Ինձ տեսնելով,բոլորն էլ թռան գնացին:
Երևւ զգացին որ չեմ կարող կերակրել իրենց:
Դիմացի պատշգամբն էլ դատարկ էր,բայց փոքրիկ սեղանիկի վրա պարզ երևում էր սպիտակ ափսեի մեջ հյութալի թզերի եռանկյուն բուրգը: