Երեխաների պաշտպանության օր… Անտանելի է, երբ երեխադ գալիս և ասում է, որ իրեն նեղացրել են: Այդ պահին վրայիցդ թոթափում ես քաղաքակրթության փոշին, մոռանում ես քո կարդացած բոլոր գրքերը, դիտած ֆիլմերը ու աստվածաշնչյան պատվիրանները: Այդ պահին քո մեջ արթնանում է նախամարդու էգը, որը պատրաստ է ցանկացած դինոզավրի «լղոզել» քարանձավի պատերով՝ իր ձագին պաշտպանելու համար: Սակայն երբեմն մեր երեխաներին պետք է պաշտպանենք ինքներս մեզնից: Հենց մեզից, միայն մեզնից: Մեր վատ տրամադրությունից, մշտական հոգնածությունից, անվերջ զբաղվածությունից, որը օրվա վերջում կոտրվում է նրանց շեկլիկ գլուխներին: Նրանք նայում են մեր ջղաձգված, գոռգոռացող դեմքներին ու չեն հասկանում, թե այդ ինչ աշխարհակործան մեղք են գործել: Նրանք մեղավոր չեն… Մենք ենք մեղավոր: Մեղավոր ենք, որ իրենց հետ «ձի-ձի» խաղալու փոխարեն էշի պես վազում ենք այս կյանքում, ուզում ամեն տեղ հասցնել, շատ փող աշխատել, անիմաստ կարիերա անել: Իրենց հեքիաթ կարդալու փոխարեն ֆեյսբուքներում ուրիշների հեքիթներն ենք լսում: Ու հետո զարմանում ենք, որ օր ծերության մեզ տանում, փակում են ծերանոցներում ու դուռն անգամ չեն բացում: Որովհետև մոռանում ենք՝ իրենք խաղալիք չեն, որ խաղացիր, հավեսդ հանեցիր ու անկյուն կանգնեցրիր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել