Ադրբեջանական լրատվամիջոցները ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանի սպանության մասին նյութ են տարածում, որտեղ կիրառում են ղարաբաղա-ադրբեջանական «շփման գիծ» և «հակամարտ զորքեր» քարոզչական խայծերը, մեր լրատվամիջոցներն էլ նույն կերպ ընդօրինակում են: Նախ, ղարաբաղա-ադրբեջանական սահման է, ոչ թե շփման գիծ. սա պետք է վերջապես հասկանալ, որովհետև սահմանը պետության չափորոշիչ է, ճիշտ է, այն ճշգրտված չէ, սակայն դրանով չի դադարում սահման լինելուց, որտեղ տարածվում է ԼՂՀ սուվերեն իշխանությունը, որն ամրագրված է նաև վերջինիս սահմանադրությամբ: Իսկ առավել վտանգավոր է «հակամարտ զորքեր» եզրը, որն ունի քարոզչական երկու էֆեկտ՝
1. Քաղաքացիական պատերազմ հիշեցնող մանիպուլյատիվ ձևակերպում է, երբ միևնույն պետության մեջ առաջացել է այլ ուժի կամ ուժերի կողմից վերահսկվող տարածք, որոնք էլ հակամարտության մեջ են մտել կենտրոնական ուժերի հետ,
2. «Հակամարտ զորք» եզրը չի ներառում պետական կառավարման մարմնի հատկանիշները: ԼՂՀ-ի սահմանները հսկում է ԼՂՀ Պաշտպանության բանակը, այն բանակ է իր բոլոր ատրիբուտներով՝ կառուցվածքով, հրամանատարական-կառավարման ինստիտուտներով, պետական կառավարման բոլոր հատկանիշներով, կազմակերպվածությամբ և այլ հատկանիշներով: «Հակամարտ զորքերի շփման գիծ» արտահայտությունը լիովին տեղավորվում է Ադրբեջանի կողմից մշակված «քաղաքացիական պատերազմ», «անջատողականություն» և այլ մետաֆորաների տիրույթում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/709671312404700?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել