Համացանցում լրագրողի աշխատանքի առաջարկ տեսա: Մեջբերում եմ նույնությամբ, բայց լատինատառ հայերենը դարձնում եմ հայատառ՝ բաց թողնելով միայն գործատուի անունը.
ՙՀարգելի ուսանողներ կամ պարզապես անգլերեն լեզվի մասնագետներ և լրագրողներ, եթե ցանկանում եք համատեղել ուսումը և աշխատանքը ապա բավական հարմար առաջարկ է ձեզ համար: ՙ…՚ ինտերնետային մարքեթինգի կազմակերպությանը անհրաժեշտ են լրագրողներ անգլերեն լեզվի լավ իմացությամբ, կամ անգլերեն լեզվի մասնագետներ, ովքեր կարող են գրել հետաքրքիր հոդվածներ: Հոդվածը և թեմաները տրամադրում ենք մենք, որոնք սոցիալական կայքերի, ինտերնետի մասին են. աշխատանքը՝ տանից՚: 
Դե, հայտարարություն է, էլի, արդիականությունն էլ չի կորցրել, մինչև օգոստոսի կեսերը կարելի է դիմել: Բայց ցնցողը շարունակությունն է՝ ՙ10 հոդված գրելու դեպքում կվարձատրվեք 3000 դրամ՚: 
Այսինքն, մեկ հոդվածը՝ 300 դրամ, այն էլ՝ օտար լեզվով: Եթե մյուս դիմում­կոչականները բացառենք էլ, թեկուզ ուսանողական կյանքի հետ համատեղած մեկ հոդվածի դիմաց 300 դրամը գլխումս պարզապես չի տեղավորվում: Դրա փոխարեն երկու դաստա կանաչի կամ երկու հատ խաչապուրի առաջարկեին, էլի: Չէ, ավելի լավ է՝ շոկոլադապատ ՙՔինդեր սյուրպրիզ՚, կարող է միջից մի արժեքավոր խաղալիք դուրս գար: Չնայած, նրանք, ովքեր դիմել և դիմելու են այս աշխատանքի համար, իրենք են այս կազմակերպության իսկական ՙՔինդեր սյուրպրիզն՚ էլ, նրա միջի արժեքավոր խաղալիքն էլ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել