«Ես միշտ էլ հավատացել եմ իմ ժողովրդի ոգուն: Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնությունները: Ես համոզված եմ նաև, որ ազգն իմ հայոց անարգ թշնամուն դեռ չի ասել իր վերջին խոսքը: Եվ խոսքն այդ պիտի լինի հաղթական»: Գևորգ Ե Սուրենյանց. Կաթողիկոս Ամենայն Հայոց
1918 թ.-ին, երբ թուրքական 36-րդ դիվիզիան ներխուժում է Արարատյան դաշտ և գրավում Սարդարապատից 10 կմ հեռու գտնվող «Արաքս» կայարանը, որով անցնում է Ալեքսանդրապոլ-Երևան երկաթգիծը, հայկական զորքերի զորախմբի հրամանատար գեներալ Սիլիկյանը, Երևանի ապագա պարետ Շահխաթունու ուղեկցությամբ, այցելում է Էջմիածին:
Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե կաթողիկոսին նա առաջարկում է անվտանգության համար տեղափոխվել Սևանա լճի շրջան։ Կաթողիկոսը պատասխանում է կտրուկ մերժողական. «Եթե հայկական ուժերն ի վիճակի չեն պաշտպանելու այս սրբազան վայրը, ապա ես ինքս կանեմ դա, և հոգ չէ, թե կզոհվեմ հազարամյա տաճարի շեմին»:
Հայոց հովվապետը հրամայում է օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա ժողովրդի ներկայությամբ աղոթելով՝ երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Ս. Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայր աթոռը։
Գևորգ 5-րդ Սուրենյանցը ժողովրդին դիմում է կոչով.
«Ա՛զգ հայոց, թուրքը՝ մեր բանական հոտի դարավոր թշնամին նվաճել է Ալեքսանդրապոլը, շարժվում է դեպի սիրտը մեր երկրի, մեր հավատի, մեր կենսագրության: Գալիս է Արարատյան Երկրի վրա:
Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել: Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սրբ. Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը:
Ո՛չ և ո՛չ: Հազար անգամ ո՛չ: Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը: Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից:
Իսկ եթե եկել է վերջը, ապա այն ինչո՞ւ չընդունենք պատվով ու քաջությամբ, և ո՛չ թե ողորմելի ստրուկի պես ոսոխի առաջ սողալով: Մեր պատմության անցյալ դարերը լիքն են քաջությամբ ներկված նահատակների արյամբ: Դրանով չի սպառվել մեր արյունը և ուժը: Դարեր շարունակ հայ ազգն ապրել է ինքնության համար պայքարելով: Դրա համար է, որ զանգվածային կոտորածներով հարուստ մեր կենսագրությունը չ՛ի ունեցել և չ՛ի ունենա վերջին վերջակետ: Ուրեմն էլ ինչո՞ւ ազգովին չբարձրանանք թշնամու դեմ, որը գալիս է ծարավ մեր վերջին արյունին»:
Աղբյուրը՝ panorama.am
Գևորգ 5-րդ Սուրենյանցի լուսանկարը՝ «Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ» ֆեյսբուքյան էջից