Երկու տարի առաջ ընկերներով այսպիսի մի դասընթաց կազմակերպեցինք։ Հրահանգիչը ՆԱՏՕ-ական հատուկ պատրաստություն անցած մարդ էր, ու դասընթացն էլ բավականին հաջող էր, բոլորը գոհ մնացին։ Մեր ՊՆ-ն էլ ահագին օգնեց որոշ հարցերում։
Տեսարան 2012թ. պարապմունքներից. «դարան ընկած» ստորաբաժանումը շրջանային պաշտպանություն է կազմակերպում
Այսպիսի մի բան շատ վաղուց էինք ուզում անել, որովհետև գիտակցում էինք (ու շարունակում ենք գիտակցել), որ Ադրբեջանի հետ պատերազմն անխուսափելի է. վաղ թե ուշ լինելու է։ Հասկանում ենք նաև, որ այդ պատերազմը բոլորիս է «կպչելու», ու ավելի լավ է պատրաստ լինել, քան անպատրաստ։
Սակայն դասընթացն ավարտելուց հետո լիքը հարցեր առաջացան։ Օրինակ՝ տարեկան երկու շաբաթ պարապելը հավես բան է, բայց նորմալ ֆիզիկական վիճակը պահելու համար պետք է պարապել շաբաթական գոնե երեք անգամ։ Իսկ մարտական գործողություններին պատրաստ լինելը միայն ֆիզպատրաստությունով չէ. պետք է պարբերաբար հրաձգային պատրաստություն անցնել, մարտավարության դասեր անցնել և այլն։ Ինչպե՞ս ենք այդ ամենը կազմակերպելու, մարզիչներ ճարելու, վերջիվերջո ո՞վ է վճարելու այս հաճույքների համար։
Որոշեցինք զբաղվել... Երկար-բարակ չպատմեմ, թե ինչքան խնդիրներ ենք լուծել 15-20 համախոհներով ու դեռ ինչքան էլ պիտի լուծենք։ Բայց փաստ է, որ այս պահի դրությամբ ունենք պրոֆեսիոնալ մարզիչներով ֆիզպատրաստության կանոնավոր պարապմունքներ, հրաձգության դասընթաց ենք անցնում և այլն, և այլն (չեմ ուզում առայժմ բոլոր փակագծերը բացել)։ Ընդ որում մեծերի (այսպես ասած՝ «պահեստազորային տարիքի») հետ պարապմունքներին մասնակցում են նաև 15-16 տարեկան (նախաբանակային) տարիքի տղաներ։ Բոլոր ծախսերը պարապողներն իրենք են հոգում։
Այն, ինչ մենք անում ենք՝ անվերջ է։ Այսինքն քանի դեռ ոտքի վրա ենք, պիտի զբաղվենք, հակառակ դեպքում դառնում է ոչ թե պատրաստություն, այլ հոբբի։ Դեմ չեմ հոբբիներին, բայց մեր ուզածը հոբբի չէ, այլ իսկապես պատրաստ լինելն է։ Եւ այստեղ մենք մոտենում ենք շատ ավելի լուրջ հարցի...
- Ընկերներիս մեջ քանի՞ մարդ կա, ով պատրաստ է միանալ մեր խմբին, հստակ հասկանալով որ բավականին ժամանակ ու փող է ծախսելու, ընդ որում սա ոչ թե մեկ-երկու ամսով է, և նույնիսկ ոչ էլ մեկ տարով է, այլ անվերջ գործընթաց է։ Երկիրը պատշպանելու «հա էլ» պատրաստ լինելու գործընթաց։
Հ.Գ. Ի վերջո նպատակը երկրի մակարդակով մշակույթ ստեղծելն է. ամեն տղամարդու՝ երկրի պաշտպանության համար ընդհանուր պատասխանատվության, զենքից չվախենալու ու ռազմական գործին տիրապետելու մշակույթ։ Կստացվի այդպիսի մշակույթ ստեղծել թե ոչ, ազնվությամբ չգիտեմ։