a14Սա այն դաշտն է, ուր թվում էր՝ ամեն ինչ պիտի վերջանար…

Պիտի վերջանար մի ազնվագույն ժողովուրդ, մի մեծասքանչ լեզու եւ մի փառահեղ քաղաքակրթություն։ Բայց այստեղ ամեն ինչ նորից սկսվեց… Եվ սկսվեց մի այնպիսի ժամանակ, երբ մարդկային ամենահասարակ տրամաբանությունն իսկ ասում էր, թե այլևս ոչինչ չի կարող սկսվել, քանի որ բառացիորեն մեն-մենակ էինք արար աշխարհում, մենակ, անպաշտպան, ծվատված ու արյունաքամ…

Ճիշտ է, Սարդարապատի օրերին դեռ չէր հնչել Չարենցի պատգամը՝ «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է», բայց նրա էությունը, որպես ժողովրդի հավաքական ենթագիտակցություն ու բնազդ, կար, գործում էր և Սարդարապատի օրերին գործեց մինչեւ այդ պատմության մեջ չտեսնված ուժով ու թափով, գործեց բարձրագույն լարումով։

Քրքրելով մեր պատմության կրակն ու մոխիրը՝ չի կարելի չգալ այն հաստատ համոզման, որ Սարդարապատը մեր ժողովրդին բաժին ընկած ամենասև փորձությունն էր, բայց և աստղային ամենավսեմ ժամը։ Նրա պատմական խորին խորհուրդը մինչև հիմա լիովին չի գիտակցված ու չի գնահատված։ Դա կյանքի ու մահու սահմանագիծ էր և իր նշանակությամբ շատ ու շատ ավելին, քան լեգենդացած ու սրբագործված Ավարայրը։ Հայաստանն այն ժամանակ թեև Պարսկաստանից ոչ անկախ, բայց ներքին զորությամբ ու կենսահյութով էր լի։ Կենաց ու մահու հարցը սպառնալիորեն չէր կախված Ավարայրի վրա։

Ավարայրը պատերազմ էր հանուն հավատի։

Սարդարապատը պատերազմ էր հանուն կյանքի և ընդդեմ մահի։

 ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել