Lurer.com-ը գրում է.

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում` առանց ԱՄՆ-ի և ԵՄ-ի, անհնար են Մոսկվայի ու Կիևի միջև երկկողմ բանակցությունները: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

«ՌԴ-ի հետ բանակցությունների վերաբերյալ կառավարության դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ: Ներկա պայմաններում երկկողմ բանակցություններն առանց ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներկայության, անհնար է պատկերացնել»:

Մինչդեռ, Մոսկվան, ինչպես նախօրյակին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատրաստ է երկխոսություն վարել Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Պյոտր Պորոշենկոյի հետ, բայց դրա համար միջնորդների կարիք չունի: «Պատրաստ ենք համագործակցել Եվրամիության և ԱՄՆ-ի հետ այն հարցերում, որոնք վերաբերում են «ճանապարհային քարտեզի» իրագործմանը,- ասել է նախարարը:- Բայց ինչ վերաբերում է Ուկրաինայի հետ հարաբերություններին, ես կասկածում եմ, որ այստեղ մեզ միջնորդ է պահանջվում»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունների արդյունքներով առաջատար Պյոտր Պորոշենկոն երեկ հայտարարել էր, որ Ուկրաինայի վարչապետի պաշտոնում կմնա Արսենի Յացենյուկի, քանի որ նա բավական հաջող գործունեություն է ծավալել Ուկրաինայի վարչապետի պաշտոնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել