Լուսանկարը՝ Արմեն Մխեյանի Պետո Պողոսյանի հրաշք նկարը |
Երևանյան ամենաշոգ օրերից մեկն էր, բայց հեղձուցիչ տոթը չէր խանգարում իմ զբոսանքին: Անցորդներն արագ անցնում էին վայրկյան առաջ ստվերում հայտնվելու համար, իսկ ես շարունակում էի քայլել: Այնպիսի տպավորություն էր, ասես տարիներ շարունակ չէի եղել իմ քաղաքում ու հիմա արևի կիզիչ ճառագայթներն ի զորու չէին ետ պահել ինձ նորից զգալու Երևանի շունչը: Հանրապետության հրապարակից քայլեցի դեպի Հյուսիսային պողոտա: Երևանյան կոլորիտին մի քիչ օտար, բայց շատ երևանցիների համար արդեն հարազատ դարձած այս փողոցով օրական հազարավոր անցորդներ են անցնում, հատկապես երեկոյան ժամերին, այն էլ ուրբաթ օրով: Հին ծանոթներ, ընկերներ տեսնելը այստեղ այնքան հաճելի է, առավել ևս, երբ նրանց երկար ժամանակ չես տեսել: Սա Երևանն է, իմ քաղաքը ու ես Նրան շատ եմ սիրում:
Հանկարծ ուշադրությունս գրավեց մի երտասարդ, ով գրեթե փողոցի կենտրոնում էր նստած ու ձեռքին բռնել էր փայտե տախտակ, որին ամրացված թղթին էր հանձնում հեռու և մոտ շենքրի գծերն ու շինությունները: Հասկացա, որ նկարն իսկապես գեղեցիկ է լինելու, անգամ եթե միայն մատիտով լինի նկարված: Մոտեցա, սակայն մտածեցի որ շատ մոտ կանգնելով գուցե խանգարեմ աշխատանքին ու հեռու գնացի մի փոքր: Տեսնում էի ինչպես է մատիտը սահուն ու վարժ անցնում թղթի վրայով, սպիտակի վրա սևով գծում ու նկարում պատկերը, պատկեր որ կենդանի է, հոգի ունի… Հետաքրքրությունս առավել մեծացավ, երբ փոքրիկ ներկապնակին հայտնվեցին ջրաներկի գույները: Այնտեղ գույներ էին ծնվում ու հանձնվում թղթին: Նորից մոտեցա: Գծանկարը գույներով էր պատվում, ու ստացվում էր, այն ինչ մեկ բառով կարելի է հրաշք անվանել: Ֆոտոխցիկով ընդամենը մեկ ակնթարթ է պետք լուսանկար ստանալու համար, սակայն կենդանի նկար հնարավոր չէ: Լուսանկարը մեկ ակնթարթն է կանգնեցնում, իսկ նկարչի ձեռքով նկարվածը ամեն վրձնի հարվածի հետ հոգուց մի մասնիկ է փոկում ու գույների երանգի հետ միախառնվելով, մնում թղթի վրա: Նկարը շունչ ունի, բովանդակ հոգի ու կենդանի է այնքա՜ն: Հանեցի ֆոտոխցիկը, բայց միացնել այն անհնար էր: Էկրանին հայտնվում էր միայն «փոխել մարտկոցը» արտահայտությունը: Դիմեցի հեռախոսի օգնությանը: Մի քանի լուսանկար, թեպետ անշունչ, բայց պատկերված նկարի շունչը տարածող… Ահա այսպես:
Հ.Գ. Շնորհակալություն Պետո Պողոսյանին հրաշք նկար ստեղծելու համար:
Նյութի աղբյուր՝ http://armmkheyan.blogspot.com/2012/07/blog-post_29.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել