շոկոլադ, ռեցեպտ, պուդինգ, պաղպաղակ, իտալական խոհանոցՄիգուցե այս նկարին նայելիս դժվար է պատկերացնել, թե որքան հեշտ ու մատչելի է պատրաստել այսպիսի դեսերտ, բայց հավատացեք՝ սա նույնքան բարդ է, որքան սուրճ եփելը :) Մի ալարեք ու վեր կացեք տեղից` այս համեղագույն իտալական դեսերտը պատրաստելու համար: (Եթե ձեզ նեղում է այն փաստը, որ աղանդերի փոխարեն դեսերտ եմ գրում, ապա պատկերացրեք, որ այդպես չէ):

Իտալական դեսերտ ասելիս մեզանից շատերը պատկերացնում են մեկ բան` տիրամիսու: Իհարկե, բան չունեմ տիրամիսուի դեմ, բայց, կարծում եմ, իտալական խոհանոցը լի է համեղ քաղցրավենիքներով, որոնք արժե գոնե մեկ անգամ փորձել: Դրանցից մեկն էլ սա է` Բուդինո դի չոկկոլատո կամ պարզապես շոկոլադե պուդինգ:

Բուդինո դի չոկկոլատոյի այս ռեցեպտից դուրս է գալիս 6-8 բաժին պուդինգ: Այն ձեր գրպանը կթալանի ընդամենը 1600-1700 դրամով:

Պուդինգի համար մեզ պետք է

2 բաժակ պաստերիզացված կաթ

1/2 սառը ջուր

3 ճգ եգիպտացորենի ալյուր

* պուդինգների, քաղցրավենիքում գործածվող կրեմերի համար խորհուրդ եմ տալիս օգտագործել Real Value ապրանքանիշի ալյուրը, որը դեռ տեսել եմ մենակ «Փակ Շուկա» և «Գուռման» սուպերմարկետներում` գինը 350-410 դրամ (եթե այլ վայրերում հանդիպեմ, անպայման կգրեմ դրա մասին)

կակաո, շոկոլադ, ռեցեպտ, պուդինգ, պաղպաղակ3 ճգ կակաո

* գործածեք մուգ, որակյալ կակաո (գերմանական կակաոյի փոշի, բնական կամ սև): Նման կակաոն ավելի լավ է գնել կիլոգրամով: Իսկ եթե դեռ չեք գտել նման կակաո և գործածելու եք սովորական «Золотой Ярлык» կամ այդ տիպի այլ կակաո, ապա ավելացրեք ևս 1 գդալ

1թգ վանիլի լուծույթ կամ փոշի

1-3 ճգ շաքարի փոշի (ըստ ճաշակի)

Ի դեպ, կարող եք շաքարի փոշու տեղ շաքարավազ էլ օգտագործել, բայց այդ դեպքում հնարավոր է՝ լուծույթի մեջ գնդիկներ առաջանան:

Անցնենք պուդինգի պատրաստմանը:

Դնում ենք կաթսան միջին կրակի վրա ու լցնում ջուրը, որից հետո նոր ավելացնում ենք կաթը (այսպես կաթը չի կպնի կաթսայի հատակին ու վառվի): Վերցնում ենք բոլոր չոր բաղադրիչներն ու լավ խառնում իրար, որից հետո դանղադ ավելացնում ենք կաթսայի մեջ` միաժամանակ հարելով լուծույթը, որպեսզի խուսափենք գնդերից:

Չենք դադարում խառնել լուծույթն այնքան ժամանակ, մինչև այն չսկսի պնդանալ` դա կտևի մոտ 8 րոպե: Պնդանալուն պես հանում ենք կաթսան կրակից և տեղափոխում լուծույթը 1 մեծ կամ 6 փոքր ապակե ամանների մեջ: Թողեք լուծույթը մի փոքր սառի, հետո նոր տեղափոխեք սառնարան 3-4 ժամով:

*Ավելի ընդգծված շոկոլադե համ ստանալու համար կարող եք ավելացնել մինչև 70 գրամ մուգ շոկոլադ: Ուղղակի ավելացրեք այն ամենավերջում և հարելով հալեցրեք տաք լուծույթի մեջ:

շոկոլադ, ռեցեպտ, պուդինգ, պաղպաղակ

Մատուցելիս կարող եք ավելացնել սերուցք (խորհուրդ կտամ օգտագործել Hochwald բուսական սերուցքը) կամ կտրատած մրգեր, պաղպաղակ, մանրեցված ընկույզ և այլն: Տարբերակները բազմաթիվ են…ստեղծագործեք առանց վախենալու` ձեր խոհանոցի տերը դուք եք: Վերջում չմոռանաք մի թեթև կակաոյի փոշի ավելացնել, որպեսզի պուդդինգի մանր-մունր թերությունները ծածկվեն և այն ստանա ռեստորանային դեսերտի տեսք (հյուրերը կափսոսան այն ուտել ;) )

Ի դեպ, եթե չեք ուզում պուդինգն ամանի մեջ մատուցել, ապա մի փոքր պահեք գոլորշու վրա և այն հեշտությամբ ու առանց տեսքը վնասելու դուրս կգա իր տարայի միջից:

Կարծում եմ` մեկ անգամ փորձելուց հետո այս պուդինգը կդառնա ձեր խոհանոցի ամենացանկալի հյուրերից մեկը:

Սիրով`

Նյամիկ Էլլա Կանեգարիան

շոկոլադ, ռեցեպտ, պուդինգ, պաղպաղակ, իտալական խոհանոց

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել