1563 տարի առաջ այս օրը տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը: Չպատմեմ ճակատամարտի մանրամասները. բոլորս էլ գիտենք: Դա, ինչպես ասում են, բարոյական հաղթանակ էր, բայց ես մի փոքր դրա հետ համաձայն չեմ: Պատերազմի հաղթել-պարտվելը դրսևորվում է տարբեր ձևերով. օրինակ՝ կողմերից մեկի տարածքի օկուպացիայով: Մեր դեպքում նման նպատակ չկար. Հայաստանը վաղուց պարսկական տիրապետության տակ էր, և Պարսկաստանի նպատակը հայերին կրոնափոխ անելն էր և լեզվափոխությունը: Ահա այս տեսանկյունից է պետք նայել Վարդանանց պատերազմին: Պատերազմի սկսվելուց առաջ մի կողմի նպատակն էր լեզվափոխ և կրոնափոխ անել մյուսին, իսկ մյուսինը՝ չենթարկվել կրոնափոխությանը և լեզվափոխությանը: Միգուցե մենք Ավարայրի ճակատամարտում ռազմական պարտություն կրեցինք, բայց պատերազմը հաղթեցինք՝ նյութապես հաղթեցինք՝ ոչ բարոյապես միայն: Այսպիսով՝ մեր ուզածը եղավ, ոչ թե՝ հակառակորդի: Իսկ Վարդան Մամիկոնյանի՝ առաջինը գրոհելու փաստը պետք չէ մատի փաթաթան դարձնել. միայն մենք կարող ենք դարերով մեզ համար հերոսացված մարդու արարքի մեջ կեղտ փնտրել: Ոմանք կասեն հաղթանակը բարոյական էր, որովհետև Հայաստանը չանկախացավ, այլ միայն մնաց իր կրոնին և լեզուն չփոխեց: Պետք է ընդունենք, որ Վարդանանց պատերազմի առաջնորդները անկախանալու խնդիր չէին էլ դրել իրենց առաջ: Մենք հաղթել ենք իրական, որովհետև պատերազմի արդյունքում մենք հասանք մեր ուզածին:



