Allsport.am-ը գրում է.
Քիչ առաջ Լիսաբոնի «Էշտադիու դա Լուշ» մարզադաշտում ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2013-2014թթ. խաղարկության եզրափակիչ` «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկո Մադրիդ» դրամատիկ հանդիպումը:
Առաջին խաղակեսում «Ռեալը» համեմատաբար ավելի լավ տպավորություն էր թողնում: Կարլո Անչելոտիի թիմը 32-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն ուելսեցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը չկարողացավ դիպուկ հարված կատարել:
Բեյլը վրիպեց, իսկ մի քանի րոպե անց Դիեգո Սիմեոնեի սաները ցույց տվեցին` ինչպես պետք է պատժել կոպիտ սխալների համար: 36-րդ րոպեին Խուանֆրանի փոխանցումից հետո Դիեգո Գոդինը գրավեց Իկեր Կասիլյասի պաշտպանած դարպասը:
Երկրորդ խաղակեսում «Ատլետիկոն» բավականին գրագետ խաղ էր ցուցադրում, իսկ «Ռեալի» ֆուտբոլիստները չէին կարողանում շեշտակի հարվածներով զարմացնել Տիբո Կուրտուային. այսպես 45 րոպե շարունակ:
Ավարտված 90 րոպե, գլխավոր մրցավար Բյորն Կույպերսի կողմից ավելացրած 5 րոպե, 90+3... Թվում էր երկու րոպե անց «Ատլետիկոյի» ֆուտբոլիստների ձեռքին տեսնելու ենք Եվրոպայի ուժեղագույն ակումբի համար նախատեսված գավաթը, բայց Սերխիո Ռամոսն այլ կարծիք ուներ: Ավելացված ժամանակահատվածի 3-րդ րոպեին Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո իսպանացի պաշտպանը գրավեց Կուրտուայի դարպասը:
«Ռեալի» հոգեբանական առավելությամբ թիմերը խաղը շարունակեցին լրացուցիչ ժամանակահատվածում: Լրացուցիչ ժամանակահատվածի առաջին կեսում գոլեր չեղան, սակայն երկրորդ կեսում` 110-րդ րոպեին, օրվա լավագույն խաղացողներից Անխել դի Մարիայի ջանքերից հետո Գարեթ Բեյլն առաջ մղեց իր թիմին:
Սա դեռ ամենը չէր. 118-րդ րոպեին Մարսելոն հաշիվը դարձրեց 3:1, իսկ մեկ րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն, հստակ իրացնելով Կուրտուայի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը, ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:
Այսպիսով` 12 տարվա դադարից հետո Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայում հաղթահարեց բոլոր արգելքները և նվաճեց Եվրոպայում ուժեղագույնի կոչումը 10-րդ անգամ: