Հայոց նորագույն հաղթական պատմություն կերտող հարգարժա՛ն դասախոսներ, ուսուցիչներ, սիրելի՛ ուսանողներ ու դպրոցականներ,

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ուսումնական տարվա ավարտի առթիվ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ուժ, եռանդ՝ գալիք տարիներին նույնպես պատվով շարունակելու ձեր անբասիր ու շնորհակալ աշխատանքը: 
Արցախյան հերոսամարտ հաղթանակած հայ ժողովրդի խոստումնալից ու հպարտ սերունդ, այսօր հնչում է ուսումնական տարվա քո վերջին զանգը: Ջերմորեն շնորհավորելով ձեզ՝ ձեր կյանքի կարևոր ու շրջադարձային այս անմոռաց պահի համար՝ «Հայոց Արծիվները» կանաչ ճանապարհ է մաղթում բոլորիդ:
Թանկագին և ազնվագույն երիտասարդներ, ձեզ համար սա ոչ թե վերջին զանգ է, այլ սքանչելի կյանք ոտք դնելու, նաև՝ բարդ ու հակասական աշխարհի դուռը բախելու ազդարար:
Քայլե՛ք հաստատուն ու նպատակային ձեր վառ գալիքի ճանապարհով, դուք հայոց հայրենիքի փայփայած սերն եք, հույսն ու ապագան:
Սեփական հայրենիքում ապրելու կոչ եմ անում և հայրենիքը զորացնելու կամք ու հաստատակամություն, ձեր իղձերի Հայաստանը կառուցելու նպատակասլացություն եմ մաղթում՝ ուսումնական տարին ավարտած և մասնագիտական կրթություն ստացած բոլոր երիտասարդներիդ:
Մեր խորին հարգանքն ու շնորհակալությունը ձեզ՝ պատվելի՛ ուսուցիչներ և դասախոսներ: Ձեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք հրաշալի և հայրենատեր սերունդ ունենք: Նրանք մեր վաղվա լուսաբացներն են և մեր միակ ու անփոխարինելի հայրենիքի հզոր ուժն ու առաջընթացը:
Կրկին շնորհավորում եմ ձեզ՝ հայոց հզոր պետականության գաղափարը ձեր մեջ կրող, արծվային սլացք ունեցող հայրենապաշտ շրջանավարտներ՝ ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ:
Միշտ գիտակցեք, որ դո՛ւք եք հայրենատեր, օրինապաշտ, աշխատասեր, պատասխանատու և հավատավոր քաղաքացին ու բնակիչը մեծ և հզոր, քրիստոնյա Հայաստանի:
Մաղթում եմ ձեզ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:
Աստված ձեզ և ձեր ընտանիքին պահապան:

Հարգանքով՝
«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել