Ռուս-չինական գազային պարը շատ վերլուծաբաններ սկսեցին դիտարկել իբրև «Արևմուտքի մայրամուտ» կամ միաբևեռ աշխարհակարգի փլուզում: Սակայն այդպիսի գնահատականները դեռևս ապրիորի դատողություններ են, քանի որ դրանք դեռևս պետք է ապացուցեն իրենց մրցունակությունը, գաղափարական և քաղաքական կենսունակությունը և այլն:
Կառուցվածքային ասպեկտ. համագործակցային հարաբերությունը դեռևս դաշնակցություն չէ, այն չի կարող լուրջ մրցակցություն ապահովել դաշնակցային հարաբերության դեմ, իսկ Արևմուտքը հիմնված է ուժեղ դաշնակցային հարաբերության վրա: Այսինքն՝ անհրաժեշտ է ունենալ ճկուն կազմակերպչական կառուցվածք՝ նպատակների ճիշտ ուղղորդման համար: Ֆունկցիոնալ ասպեկտ.
1. Ռուսաստանը Չինաստանին պետք է վաճառի 38 միլիարդ խմ գազ (համեմատության համար նշենք, որ Չինաստանից բնակչությամբ 2.5 անգամ փոքր Եվրոպային Ռուսաստանը մատակարարում է 5 անգամ ավելի գազ), որը չի կարող այնպիսի տնտեսական հարաբերություն ձևավորել, որը կկարողանա աշխարհաքաղաքական էֆեկտ ապահովել, որովհետև այդ թիվը դժվար թե կաշկանդի Չինաստանին ու ստիպի աջակցել ռուսական պլաններին.
2. Դեռևս հստակեցված չեն՝ արդյո՞ք համապատասխանում են Ռուսաստանի և Չինաստանի գեոստրատեգիական հետաքրքրությունները եվրասիական տարածությունում, ինչը շատ կարևոր հանգամանք է արտաքին հարաբերություններում՝ միասնական քաղաքականության մշակման կամ, գոնե, լուրջ հակասություններ չառաջանալու համար.
3. Ինչպիսի՞ ֆունկցիոնալ վիճակ պետք է ունենա այս համագործակցությունը, որպեսզի կարողանա ստեղծել երկրորդ բևեռը, որովհետև առանց գաղափարական, արժեհամակարգային, քաղաքական և ռազմական ընդհանրականության, միայն տնտեսական հարաբերությունը կարող է ապահովել կարճաժամկետ օգուտներ:
4. Թե Ռուսաստանը, թե Չինաստանը բավականաչափ հզոր են, որպեսզի կարողանան համատեղ հանդես գալ գլոբալ հարթությունում, թե Ռուսաստանը, թե Չինաստանը բավականաչափ պատրաստված չեն, որպեսզի կարողանան ստեղծել սեփական կենսունակ բլոկները՝ միաբևեռ աշխարհակարգը փոխելու համար: Ի վերջո, նրանք չունեն նաև ընդհանուր արժեհամակարգ, որը քաղաքական լուրջ միավորիչ ռեսուրս է, այլապես հակասությունները վաղ թե ուշ գլուխ են բարձրացնելու. այս հսկաները նաև լիդերության դերի ստանձնման խնդիր են ունենալու և սկսելու են մրցակցել այդ դերի համար, և այլն:
Համեմատական-մրցակցային ասպեկտ.
1.Արևմուտքը բավական կուռ քաղաքական միավոր է: Չնայած որոշ տարաձայնություններին՝ արևմտյան տերություններն ունեն ընդհանրական աշխարհաքաղաքական տեսլական, գեոստրատեգիական հետաքրքրություններ, արտաքին քաղաքական համընդահնրություն, գաղափարական-արժեհամակարգային բանաձև և այլն.
2. Արևմուտքը գլոբալ տարածության վերահսկման համար տիրապետում է անհրաժեշտ մեխանիզմների. ինֆորմացիոն տարածության վերահսկում, միջազգային կառույցների «զինանոց», հատկապես՝ ֆինանսատնտեսական կառույցների՝ ԱՄՀ, ՀԲ, ԱՀԿ, և հենց դրանք էլ ապահովում են Արևմուտքի գործունեության լեգիտիմացման հարցը, որով վերջինիս գործունեությունը կամ որոշումները դառնում են յուրօրինակ իրավական հիմքեր:
Սրանք գլոբալ քաղաքականության գործի դրման բավական ճկուն մեխանիզմներ են, որոնք փոխելը ոչ միայն շատ բարդ է, այլև հղի է միջազգային քաղաքական և տնտեսական ճգնաժամերի ռիսկերով:
Կանխավարկածային մոդել.
Ռուսաստանի և Չինաստանի ամբիցիաները և հզորությունը հնարավոր է՝ ինչ-որ պահի հանգեցնեն նրանց միջև հակասությունների խորացման՝ այն առումով, որ Մոսկվան, չստանալով իր գազի քաղաքական օգուտները, կարող է փորձել Պեկինին ճնշել դրա օգնությամբ: Ի վերջո, այս երկու երկրները չեն տիրապետում միջազգային կառույցների և ինֆորմացիոն գործիքակազմի այնքան, որպեսզի կարողանան իրենց քաղաքականության համար ինֆորմացիոն և դիվանագիտական հարմար դաշտ բացեն: