Չեմ կարող չբարձրաձայնել բանակում առկա մեկ այլ կարևոր խնդրի մասին: ՀՀ Պ նախարարը մինչ օրս ունի ընդունած բազմաթիվ որոշումներ, որոնք վերաբերում են զինծառայողներին, նրանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն: Բանակում առկա է դրանք զինվորներին ծանոթացնելու խնդիր: Ճիշտ է, բոլոր զորամասերի հրամանատարներին հանձնարարվում է դրանք ծանոթացնել զինվորներին, բայց այն չի հասնում իր նպատակին: Զինվորը ստորագրում է համապատասխան փաստաթղթում, որ նա ծանոթացել է հրամանին կամ որոշմանը, բայց հրամանատարությունը նման որոշման կամ հրամանի բովանդակությունը չի տրամադրում զինվորին: Հետևանքը հետևյալն է: Ըստ ՀՀ ՊՆ տվյալների՝ զինվորները տեղեկացված են, բայց լրիվ հակառակ իրավիճակն է: Զինվորը տեղեկացված չէ իր իրավունքները սահմանող և իր համար պարտականությունները սահմանող իրավական ակտերին: Իսկ բանակում չիրազեկվածությունն էլ հանգեցնում է բազմաթիվ բացասական հետևանքների՝ ընդհուպ մինչև զինվորական հանցագործության: Չեմ հասկանում նաև, թե ինչու շատ շարքային սպաներ հրաժարվում են զինվորին տրամադրել նման իրավական ակտերը: Միգուցե դա հենց անհրաժեշտ է սպային, միգուցե նրան նպատակահարմար չէ, որ զինվորը իմանա իր և իրեն վերադաս համարվող սպայի իրավունքների ու պարտականությունների սահմանները: Ես նաև շնորհակալ ՀՀ ՊՆ նախարարին, որ նա անձամբ է առանց որևէ մեկին զգուշացնելու գնում տարբեր զորամասեր՝ ստուգելու առկա խնդիրներն ու իր կողմից տրվող հրամանների կատարումը, բայց և այնպես շատ եմ ափսոսում, որ մինչ նրա զորամաս ժամանելը տվյալ զորամասին հրամանատարությունը ներքին կարգով տեղեկացված է նախարարի այցի մասին: ՀՀ ՊՆ-ը խնդրում եմ և առաջարկում եմ, որ բոլոր զորամասերի հրամանատարության առջև խնդիր դնի՝

1) անմիջական կերպով ծանոթացնել իր հրամանների ու որոշումների բովանդակությունը,

2) Յուրաքանչյուր զորամասի զորանոցներում՝ համապատասխան փաստատախտակներում կամ իրավական անկյուններում, տեղադրեն այդ իրավական ակտերի պատճենները,

3) անընդհատ զինվորների շարքերում ստուգել տվյալ իրավական ակտերի տեղեկացվածության մակարդակը: Այս գրառումից հետո շատերը կհակադարձեն իմ այս գրառմանը՝ ասելով, որ նման խնդիր չկա, բերելով նույնիսկ փաստացի ապացույցներ, բայց հավատացեք, դրանք միայն ձևական ապացույցներ են, իրական պատկերն լիովին այլ է: 

 

 

                                                                            Հարգանքով՝                  Ա. Կարապետյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել