Երեկ` մայիսի 22-ին գրեթե բոլոր կայքերը տեղեկացնում էին, որ Ազգային ժողովում ընդմիջմանը Հանրապետական խմբակցության մի քանի պատգամավորներ արդեն հասցրել էին «նշել» ծրագրի ընդունման փաստը, ավելի ճիշտ հարբել էին…:
Կարդում էի և նյարդայնանում, քանզի ուղղակի ապշեցուցիչ է, թե ինչպես կարող են հանրապետականները այսօր ինչ-որ ծրագրերի վրա ուրախանալ, մանավանդ, ինչ-որ հավատ չներշնչող ծրագրի ընդունման փաստով. չէ որ իրենց ղեկավարման տարիներին մեր երկիրը ավերակների է վերածվել, քանի որ նրանք նմանատիպ (ոչ հեռանկարային) ծրագրերը բազմիցս անցկացրել են: Ամեն անգամ անցկացնելուց էլ տոնել են այդ փաստը, իսկ արդյունքն այն է, որ ազգը հայտնվել է մղձավանձի մեջ:
Ես այստեղ չեմ ցանկանում կանգ առնել նրանց հարբելու փաստի վրա, քանզի հանրությունը արդեն գրեթե բոլոր հանրապետական պատգամավորներից ամեն ինչ սպասում է. չէ որ նրանք բազմիցս են մեզ ապշեցրել իրենց էլ ավելի սոսկալի «հերոսություններով», «ցինիզմներով», «ամենաթողությամբ» և այլ «սխրանքներով», էլ չեմ խոսում նրանցից շատերի զավակների «հերոսությունների մասին». դա այլ էպոպեա է: Մենք արդեն իմունիտետ ենք ձեռք բերել այս կուսակցության հանդեպ…:
Ապշեցնում է այն հանգամանքը, որ նրանցից շատերը երևի չեն էլ գիտակցում, թե երկիրը ինչ վիճակում է հայտնվել, և երևի հենց դա է պատճառը, որ նրանք ուրախանում ու ուրախանում են, իսկ մենք այդ ժամանակ արտագաղթում ու արտագաղթում ենք: Իսկ եթե նրանք պնդեն, որ գիտակցում են, ապա սա կրկնակի ողբերգություն է, քանզի այստեղ մենք գործ կունենանք բացահայտ ցինիզմի հետ:
Հ.Գ. Հարց հանրությանը. «Եվ ինչքա՞ն ենք պատրաստ հանդուրժելու այս ամենը»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karentum/posts/527344387377819
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել