Օրեր առաջ ականջս լուր ընկավ, որ «ՀայՌուսգազարդ»-ն ու Ամերիա բանկը կոնֆլիկտի մեջ են հայտնվել ու գժտվել են միմյանց հետ, և արդյունքում բանկը հիմա իր հաճախորդներից ցուցադրաբար չի ընդունում գազի վճարումներ: Միևնույն ժամանակ, ոչ մի այլ բանկում նման խնդիր չկա, և բոլորը բնականոն ռեժիմով աշխատում են: Լուրը ճշտելու համարլրագրողական փոքրիկ հետաքննություն իրականացրեցի: Այսօր գնացի Ամերիա բանկ, որպեսզի վճարեի տանը սպառած գազի համար եկած հաշիվը: Ի զարմանս ինձ՝ բանկում բավականին տարօրինակ ռեակցիա ցուցաբերեցին, երբ ասացի, որ ուզում եմ վճարում կատարել: Եթե երկու խոսքով ասեմ, թե որն էր պատճառաբանության բովանդակությունը, ապա պարզապես ասացին, որ համակարգում ինչ-որ խնդիր կա, ու «ՀայՌուսգազարդ»-ի հաշվին փոխանցում անել չի լինում: Զավեշտը, սակայն, այն էր, որ մինչ այս հոդաբաշխ միտքը կարողացա կորզել բանկի աշխատողներից, նրանց ողջ ռեակցիան խոսում էր այն մասին, որ ուզում են ինձ ցրած լինեին ու խուսափեին այս ինտիմ թեմայի արծարծումից: Դա ինձ բավականին զարմացրեց և, վերադառնալով տուն, զանգահարեցի մի քանի այլ բանկ ու հետաքրքրվեցի, թե արդյո՞ք հնարավոր է գազի համար վճարում անել իրենց մոտից, ինչին բոլոր բանկերում էլ դրական պատասխանեցին: Հետո ես զանգեցի «ՀայՌուսգազարդ»՝ Սփյուռում նշված համարով, ու նկարագրեցի իրավիճակը: Ինձ միանգամից սկսեցին ցրել ու ի վերջո տվեցին իրենց գանձման ծառայության համարը, երբ ես ասացի, որ չեմ ուզում փոստարկղից կամ այլ բանկից վճարում կատարել, այլ հենց Ամերիայից: Զանգահարեցի տրված համարով ու նկարագրեցի խնդիրը: Այստեղ ևս զարմացած աչքեր արեցին, թե ո՛չ տեսել ենք, ո՛չ լսել ենք, ու առաջին անգամ ենք տեղեկանում նման խնդրի մասին: Վերջում էլ կրկին հորդորեցին, որ վճարումն անեմ փոստարկղից կամ ցանկացած այլ բանկից, ու ասացին, որ, ամենայն հավանակնությամբ, Ամերիայի համակարգում ինչ-որ խնդիր կա: Փաստորեն, կարելի է արձանագրել, որ, այնուամենայնիվ, ինչ-որ կոնֆլիկտ եղել է, ու մեր տնտեսության այս երկու գիգանտները հիմա իրենց պահում են նեղացած երեխաների պես: Այնպես չէ, որ Հայաստանը դրանից փուլ պետք է գա, պարզապես զավեշտալի է, երբ բազմամիլիարդ դրամի շրջանառություն ունեցող այս կազմակերպությունները որդեգրել են նման ինֆանտիլ ռազմավարություն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/andranik.isahakyan.7/posts/1565747790318342?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել