kinetoon.com-Godzilla-2397346

Ճապոնական մշակույթի հոլիվուդականացումն անիմաստ ու աննպատակ գործ է, որի իրականացման ընթացքում բազմաթիվ ռեժիսորներ են «կոտրել ատամները»: Նախորդ դարի 90-ականներին այդ ստորջրյա խութերին հանդիպեց ամուր ձեռք ու ամեն ինչ քանդելու մոլուցք ունեցող Ռոլանդ Էմերիխը (Roland Emmerich). նրան պատվիրել էին ամերիկյան կինոդիտողի համար ադապտացնել ճապոնական կուլտային «Գոձիլան»: Նրանց համար, ովքեր չգիտեն. «գոձիլայի» կամ հսկայական ռադիոակտիվ վիշապի կերպարը ճապոնական մշակույթի անկյունաքարերից է, որը ներառում է 28 լիամետրաժ կինոնկար և անթիվ-անհամար կոմիքսներ, մուլտֆիլմեր, գրքեր և այլն:

Էմերիխը երեխայի խանդավառությամբ հանձն առավ ադապտացնելու հսկայական հրեշին` ամերիկյան իրականությանը: Նախ նա հրաժարվեց ճապոնական կանոնից, որն ամերիկյան կինոդիտողի համար առնվազն ծիծաղելի կլիներ, ապա ընտրեց այդ պատմությունը պատմելու` առավելագույնս իրատեսական տարբերակը: Ռադիոակտիվ, ճառագայթներ կրակող արարածը վերածվեց հսկայական, բայց ամենասովորական կենդանու, որը միամտաբար հայտնվել էր «մեծ խնձորի» կենտրոնում` անհանգստություն պատճառելով իր համար աննկատ մարդկանց: Էմերիխի մոտեցումը տրամաբանական էր ու գովելի, նա հրաժարվեց ճապոնական լեգենդի հիմքերից` դրա համար թողնելով ընդամենը մեկ-երկու ռեպլիկ, ֆիլմը մարդկանց դուր եկավ իր մասշտաբի ու էմոցիոնալության համար, բայց…

kinetoon.com-Godzilla-2359934

Բայց օրիգինալ «Գոձիլայի» միլիոնավոր երկրպագուներ, մեղմ ասած, դժգոհ մնացին: Ամենուր բացականչում էին «կանոնին չհամապատասխանելու» մասին, քննադատում էին ռեժիսորին, բանը հասնում էր անգամ անեծքների ու սպառնալիքների, որոնք չեն դադարում մինչև օրս: Գերմանացու մողեսին արհամարհական անվանեցին «Զիլլա», իսկ հետագայում ճապոնացիների հերթական Godzilla: Final Wars ֆիլմում «կանոնիկ» Գոձիլան մեկ հարվածով ոչնչացրեց Զիլլային` ասպիսով ցույց տալով, որ ամերիկյան մողեսը ճապոնական հսկայի ամենաթույլ հակառակորդն էր: Թերևս, ամենից շատ երկրպագուներին զայրացրել էր Գոձիլային հակառակորդ որևիցե արարածի բացակայությունը, ինչը կանոնի գլխավոր պայմաններից է:

kinetoon.com-Godzilla-2380497

Հասկանալով այս ամենը` Warner Bros. ընկերությունը որոշում կայացրեց` ադապտացնել Գոձիլային ամեիկյան կինոդիտողի համար ևս մեկ անգամ` չհրաժարվելով կանոնից: Նախագծի ղեկին հատնվեց մի քանի տարի առաջ իր Monsters ֆանտաստիկ դրամայով հաջողած (որը, ըստ էության, ստեղծվել էր ընդամենը մեկ մարդու ջանքերով ու հաջողեց խիստ գրագետ գովազդային արշավի արդյունքում), երիտասարդ ու էներգիայով լի Գարեթ Էդվարդսը (Gareth Edwards): Վերջինս, ստանալով լիակատար ստեղծագործական ազատություն, առաջին կարգի դերասաններ և 160 մլն դոլարի հասնող բյուջե, որոշեց չկրկնել Էմերիխի սխալն ու ստեղծեց իդեալական ամառային բլոկբաստեր:

kinetoon.com-Godzilla-2359936

Ի տարբերություն Էմերիխի` կես կատակ, կես լուրջ պատմանը` Էդվարդսը իր պատմությունը պատմում է լրիվ լուրջ դեմքով: Դա արդեն իսկ խոշոր բացթողում է, քանի որ էկրաններին տեղի ունեցողն անհնար է դեմքի լուրջ արտահայտությամբ ընկալել: Բացարձակապես անհամաձայն լինելով «իրատեսական» կամ «տրամաբանական» հասկացությունների հետ, թքած ունենալով բնության բոլոր օրենքների վրա` Էդվարդսը, սարկազմի ու երգիծանքի` անգամ մեկ պտղունց չի ցանկանում օգտագործել` իր աբսուրդ հեքիաթը պատմելով նույնքան մռայլ հայացքով, որքան անտառում խարույկի մոտ նստած ու իր ընկերներին ցնցել ձգտող անչափահասը: Դա առաջացնում է անկեղծ չլինելու բավական տհաճ զգացում, հետևաբար` ֆիլմի ստեղծագործական հատվածը, նրա ողնաշարն անհարթ է ու ժամանակ առ ժամանակ ֆիլմը կաղում է կռիվների մեջ թուլացած Գոձիլայի նման:

Ֆիլմի միակ ու բացարձակ առավելությունը նրա հատուկ էֆեկտներն ու օպերատորական աշխատանքն են. օգտագործված հնարքներն ու լուծումները, կինոխցկի անհնարին վիրաժները ստիպում են ամեն անգամ հիացմունքից բացականչել` մոռանալով, որ քեզ են նեկայացնում գեղեցիկ փաթեթավորված «ոչինչ»: «Գոձիլայի» ամենամեծ ձեռքբերումն ունեցել է, թերևս, հնչունային ռեժիսորը, ում ստեղծած ձայների համար պարտադիր է այս ֆիլմը միայն կինոթատրոնում դիտել:

kinetoon.com-Godzilla-2396252

Չնայած Էդվարդսն ամեն կերպ ձգտում է տեղի ունեցողը ներկայացնել մարդկանց տեսանկյունից` կառուցելով իբրև թե մադկային դրամա, այստեղ հետաքրքրիր են միայն հրեշները: Մարդիկ ընդամենը տհաճ ֆոն են, որոնցից անընդհատ ուզում ես ձերբազատվել. տափակ, անշունչ, անգույն ու անհամ կերպարներ, որոնցից ոչ ոք կարեկցանք չի առաջացնում:

Անհասկանալի է լավ դերասանուհի Ժուլիեթ Բինոշի (Juliette Binoche)` ընդամենը 5 րոպեով ֆիլմում հայտնվելը, այն դեպքում, երբ նրա փոխարեն կարող էր լինել ցակացած չհիշվող դերասան: Հրաշալի Բրայան Քրենսթոնը (Bryan Cranston) կրկին մարմնավորում է Հայզենբեգին` Breaking Bad-ից, փայլուն ճապոնացի դերասանՔեն Վատանաբեն (Ken Watanabe) ամբողջ ֆիլմը նույն խորիմաստ մեռելային հայացքով անբովանդակ ռեպլիկներ է բաց թողնում, իսկ Էլիզաբեթ Օլսենն (Elizabeth Olsen) այստեղ նույնպես ընդամենը ներկա լինելու համար է: Կենտրոնական դերում հանդես եկող Աարոն Թեյլոր-Ջոնսոնի (Aaron Taylor-Johnson) խաղը նույնպես ոչ մի դրական արձագանք չի ստանում: Այնպիսի տպավորութուն է, որ ռեժիսորը զբավել է միայն ու միայն հրեշների կերպարներով ու բախումներով, իսկ դերասաններին լրիվ «անտեր» թողել:

Այդուհանդերձ` ֆիլմի շքեղ հատուկ էֆֆեկտները, օպերատորական աշխատանքն ու ձայնը այն դարձնում են լավ popcorn-կինո, որը վայելում ես հենց այդ պահին ու մոռանում` կինոթատրոնից դուրս գալուց հետո:

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

Գոձիլա / Godzilla
(ԱՄՆ, Ճապոնիա, 2014)
Ռեժիսոր` Գարեթ Էդվարդս
Դերերում` Աարոն Թեյլոր-Ջոնսոն, Քեն Վատանաբե, Էլիզաբեթ Օլսեն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել