Փառք Աստծո, Լաս Վեգասի ամենախոշոր գործարարը հայ է, նույն ինքը` ինքնատիրապետման, առք ու վաճառքի, հարկերից խուսափելու, սիցիլիական կամ հրեական, իռլանդական, հունական կամ նեգրական, և կամ ցանկացած այլ մաֆիաների հետ չթշնամանալու հարցում հեշտությամբ հաջողության հասնելու հանճարը: Ծանր գործ է: Այնպիսի դժվար աշխատանք, որ նույնիսկ Քիսինջերը նրա հետ չի համեմատվի: Եվ մեր տղան` հայը, որ իսկական հայի արտաքին ունի, գլուխ է հանում այդ ամենից` հանցավոր, թե անախորժ, բարեգործական, թե հրաշալի: Կեցցես, հայ տղա: Եվ երբ ունեցածդ միլիարդը Աստծո օրհնությամբ կկրկնապատկվի, ամբողջ աշխարհի հայերը հավատով կլցվեն, որ չես զլանա դրա շատ փոքր մասն իրենց փոխանցել, հայերենին` սուրբ լեզվին, եկեղեցուն, որ ինքնին սուրբ ընտանիք է, դպրոցներին, հիվանդանոցներին` իրենց բժիշկներով ու բուժքույրերով և նորագույն, խելացի ու հրաշագործ սարքավորումներով, սքանչելի հովիտներում ծվարած ծերանոցներին, ամեն տեսակի մշակութային ծրագրերին` ներառյալ անգլերեն, ֆրանսերեն և հայերեն ամսագրերի ու գրքերի և պարսավագրերի հրատարակումը: Մենք փոքր ածու ենք, հայ տղա, և չնայած մեր քանակը գնալով ավելանում է, բայց միայն Խորհրդային Հայաստանում: Մնացած բոլոր վայրերում անհետանում ենք` ամուսնանալով, ինչպես ասում են, «օտարների»` ոչ հայերի հետ, ինչպես ինքդ ես վարվել, և մեր գրեթե մեծագույն մասը` աշխարհով մեկ: Ինքներս անկարող ենք կարդալ մեր մայրենի լեզվով և հազիվ ենք խոսում, և մեր զավակները բացարձակապես անտարբեր են այդ ամենի հանդեպ և անտեղյակ են այն ամենից, որ կարելի է ասել, թե իսկապես մերն է, իրոք հայկական, այն, ինչը մեզնից յուրաքանչյուրը այսպես թե այնպես ի զորու է հավատալ, թե հրաշալի է, սակայն միևնույն ժամանակ այդ իրողությանը չի հավատում: Եվ եթե այդ երկու միլիարդից մի քիչ նվիրես մյուս հայերին, ինչպես երեսուն տարուց ավելի արել է Ալեք Մանուկյանը` մաքուր հիսուն միլիոնից ավելի գումար տալով, բոլոր հայերը ամբողջ աշխարհում կտեսնեն լուսանկարներդ բոլոր հայկական օրաթերթերում, շաբաթաթերթերում, ամսագրերում, որ տպագրվում են երկրագնդի բոլոր ծագերում հայերենով, անգլերենով, ֆրանսերենով և հարավամերիկյան իսպաներենով, որովհետև մեզնից շատերը Արգենտինա են տեղափոխվել և այնտեղ եկեղեցիներ ու դպրոցներ են հիմնել:
Վիլյամ Սարոյան
Թարգմանիչ՝ Արամ Արսենյան