Ստորև ներկայացված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հրատարակված քարտեզը, որի վրա պատկերված է, թե աշխարհի տարբեր երկրների բնակիչները միջին հաշվարկներով որքան ալկոհոլ են օգտագործում: Ինչպես երևում է քարտեզից, ալկոհոլն ամենից լայն սպառում ունի ռուսների ու նրանց հարևան ազգերի շրջանում: Ալկոհոլի սպառման մակարդակը բավականին բարձր է նաև Պորտուգալիայում, Գրենադայում ու Անդորրայում: Ըստ 2010 թ.-ին անցկացված հետազոտության տվյալների՝ այս երկրների՝ 15 տարեկանից բարձր յուրաքանչյուր բնակիչ խմում է 12.5 լիտր ալկոհոլ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի մեջ նշվում է, որ հետազոտության մասնակիցների 48 %-ն առհասարակ խուսափում է ալկոհոլի օգտագործումից:
Կանադացիներն ավելի շատ են խմում, քան ամերիկացիները: Ալկոհոլի սպառման մակարդակը ցածր է Աֆրիկայի հյուսիսում, մինչդեռ Հարավային Աֆրիկայի և Նամիբիայում խմողների թիվն ավելի շատ է:
Հարբեցողությունը բավականին մտահոգիչ խնդիր է Ռուսաստանի համար: Վերջերս անցկացված հետազոտություններից մեկի արդյունքներից հետևում է, որ վաղաժամ մահացության բարձր մակարդակը անմիջականորեն կապված է հարբեցողության հետ: Ռուսաստանի բնակիչներից շատերը վաղաժամ հեռանում են կյանքից լյարդի հիվանդությունից, ալկոհոլային թունավորումից: Ռուսներից զգալի մասը մահանում է նաև հարբած վիճակում ճանապարհատրանսպորտային վթարների ենթարկվելու կամ ծեծկռտուքների մեջ մտնելու հետևանքով: Ռուսաստանի հարևան երկրներից Ուկրաինայում ու Բելառուսում ևս ալկոհոլի սպառման մակարդակը բավականին բարձր է: Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում նշվում է, որ Եվրոպայում սպառվում է ողջ աշխարհի ալկոհոլի 25.7%-ը:



