Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ), մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Աթաբեկ բեյ Մամիկոնյան) և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի (այժմ՝ Վահագնի), մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ: Հայկական զորքն ունեցել է 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր: Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայկական ուժերը հիմնական հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ (այժմ՝ Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (այժմ՝ Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին՝ թշնամուն հարկադրելով նահանջել դեպի Համամլու (այժմ՝ ք. Սպիտակ): Մարտերում աչքի են ընկել գնդապետներ Նիկոլայ Ղորղանյանի, Աթաբեկ բեյ Մամիկոնյանի զորամասերը, պորուչիկ Գարեգին Նժդեհը, հերոսաբար զոհված շտաբս կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները: Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ:
Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան: Շնորհակալություն Srbuhi Stamboltsyan ին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել