«Ես` Աշոտ Սուրենի Ղազարյանս, ծնվել եմ… կարևոր չէ, թե որ թվականին եմ ծնվել, կարևորը, որ ծնվել եմ»:

Հենց այս խոսքերով «Արամ Խաչատրյան» համերգասրահում Աշոտ Ղազարյանը ներկայացավ իր հանդիսատեսին, ընկերների և բարեկամներին: Սա հերթական համերգը չէր հումորիստի համար, սա իսկական տոնահանդես էր: Դերասանը նշում էր իր ծննդյան տարեդարձը:


«Ծննդյանս օրը մի քանի երազանք եմ պահել՝ որ երեխաներս, թոռնիկներս երջանիկ լինեն, մեր երկիրը լավ ապրի, աշխարհում էլ խաղաղություն լինի: Ես ընդհանրապես իմ ծննդյան օրերը չեմ սիրում: Այս տարի ամենաանսպասելին ինձ համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազանգն էր, ով զանգահարեց, շնորհավորեց ու մաղթեց, որ շարունակեմ ուրախացնել հայ ժողովրդին: Այդ զանգից բավական  ուրախացա, շատ հաճելի էր»,- ArmStar.am-ի հետ զրույցում նշեց դերասանը:

Աշոտ Ղազարյանի բենեֆիսին ներկա էին նաև հումորիստի ընկերները՝ Հրանտ Թոխատյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Ջուլիետա Բաբայանը, Զառա Արամյանը, Արմեն Ամիրյանը և շատ այլ հայտնի դեմքեր ու մտերիմներ:

ArmStar.am-ը որոշեց զրուցել դերասանի ընկերների և հարազատների հետ և անմիջական զրույցի արդյունքում նրանք  բացահայտեցին Աշոտ Ղազարյանին այն կողմերից, որոնց հանդիսատեսն այնքան էլ ծանոթ չէ:

Հրանտ Թոխատյան

Որպես դերասան՝ նախ պետք է ասեմ, որ Աշոտը շատ տաղանդավոր է և իր որակի, տեսակի մեջ նա պրոֆեսիոնալ է: Չկրկնվող դերասան է, որովհետև այն ժանրը, որը ներկայացրել է նա, մենք չենք ունեցել: Աշոտն առաջինն էր, որ էստրադային ժանրը բերեց բեմ հենց այս տեսակի մեջ: Կային փորձեր, հիմա էլ շատ երիտասարդներ են փորձում  հաստատվել այդ ժանրի մեջ, բայց միևնույնն է դա այն չէ, ինչ անում է Աշոտ Ղազարյանը: Աշոտի մարդկային տեսակն ինձ համար բացառիկ է, Աշոտը բոլորինն է և բացի նրանից, բոլորն էլ Աշոտինն են:

Նադեժդա Սարգսյան

Ես ուզում եմ, որ մեր Աշոտը լինի առողջ, սա շատ կարևոր բան է: Մեծ ճանապարհ անցած ստեղծագործ անձնավորություն է Աշոտը, ով երբեք չի կանգնում իր տեղում, տարեց տարի միշտ ինչ-որ նորություն անում է: Ես ուզում եմ, որ մինչև 100 տարի այսպես շարունակի և ուրախացնի բոլորիս: Որտեղ Աշոտն է, այնտեղ էլ ժպիտն ու ուրախությունն անպակաս է:

Ջուլիետա Բաբայան

Բոլորի մեջ տպավորվել է, թե ես Աշոտի զոքանչն եմ, դե զոքանչի դերերն այնքան շատ են եղել, երևի հեռուստադիտողը դրա համար է այդպես կարծում: Իրականում Աշոտ Ղազարյանը, բացի լավ դերասան լինելուց, նաև լավ ընտանիքի հայր է, թե՛ իր երեխաների համար, թե՛ իր թոռնիկների, թե՛ կնոջ համար և, իհարկե, զոքանչի համար: Ես տեսել եմ, թե Աշոտն ինչքան ջերմ է իր զոքանչի հետ: Նախանձելի փեսա է մեր Աշոտը:

Զառա Արամյան

Ես իմ շատ սիրելի, պաշտելի Աշոտ Ղազարյանին ուզում եմ մաղթել առողջություն, որ իր շատ սիրելի տիկնոջ՝ Մելանյայի հետ ապրեն երկար տարիներ իրենց բալիկներով, թոռներով և մեր նման ընկերներով:  Աշոտը շատ լավ ընկեր է: Շատ բաներ կան, որ բազմիցս պատմել եմ, բայց մի բան կա, որն առաջին անգամ հիմա ձեզ կասեմ` Աշոտը շատ է սիրում թթու դրած դանդուռ և քանի որ ես հիմնականում ապրում եմ ամառանոցում, հենց մեր դանդուռը դուրս է գալիս, ես անունը դրել եմ Աշոտի դանդուռը/ծիծաղում է/,  հենց թթուն պատրաստ է, ես իրենց խնդրում եմ, որ համենան մեր տուն և իմ թթու դրած դանդուռն ուտեն: Ինձ ու Աշոտին երկար տարիներ են կապում, մինչ մեր ընկերությունը նա ընկերություն է արել հայրիկիս հետ , իսկ հիմա ոչ միայն հայրիկս է իր ընկերը, այլև ամուսինս: Ընտանիքներով ենք ընկերություն անում:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել