Ուորլիքյան «դիվանագիտությունը» հայ-ադրբեջանական ինֆորմացիոն հակամարտության տիրույթում դիրքավորման համար նոր մրցակցություն է բացել, որից Բաքվում սկսում են օգտվել: Միջնորդի վերջին հայտարարության կապակցությամբ Հայաստանի հասարակական սեկտորի դժգոհություններն ադրբեջանցի պաշտոնյաներն ու վերլուծաբանները փորձում են կապել պաշտոնական Երևանի դիրքորոշման հետ և այն որակել իբրև ապակառուցողականություն: Այնտեղ փորձում են նաև խնդիրը ներկայացնել այնպես, իբրև պաշտոնական Երևանը միշտ հետ է կանգնել որևէ համաձայնությունից՝ այդպիսով տապալելով բանակցային գործընթացը: Հատկանշական է, որ Ուորլիքի հայտարարությունը, ինչպես ինքն էր պնդում, պարտադրական ուժ չունի, և դա ԱՄՆ դիրքորոշումն է, այսինքն՝ սա չի եղել բանակցային գործընթացի բաղկացուցիչ մաս, հետևաբար այստեղ ապակառուցողականության մասին խոսք էլ չի կարող լինել: Ինչ մնում է ապակառուցողական մոտեցմանը, ապա բոլորը լավ հիշում են, որ հենց Բաքուն էր, որ Կազանում ընթացող բանակցությունների ժամանակ կիրառեց ամենաանսպասելի ու ապակառուցողականության մղող տակտիկան՝ վերջին պահին նոր պահանջների առաջ քաշում (հայտնի 10 կետերը): Հիմա Բաքվում փորձում են ստեղծել ինֆոլոգեմներ, որոնք արտաքին ու ներքին լսարանի մոտ հայկական հասարակական, վերլուծական, առավել ևս պաշտոնական ցանկացած դժգոհություն ուղղելու է «ապակառուցողականության» դաշտ, որն էլ խտացվում է «օկուպանտի գույներով»՝ Բաքվի կողմից ռազմական գործողությունների հեռանկարը հնարավորինս լեգիտիմացնելով միջազգային հանրության մոտ, իսկ ներքին լսարանին էլ տրամադրելով, որ պատերազմն այլընտրանք չունի: Հայաստանի «ապակառուցողականության» միֆոլոգիզացիան ուղեկցվում է նաև ԵԱՀԿ ՄԽ՝ որպես միջնորդական կառույցի անզորության, սպառվածության քարոզչությամբ, որի նպատակն է բանակցային հիմնական ու օժանդակ սուբյեկտների մեջ Ադրբեջանին «զոհի» կարգավիճակով պատկերելը՝ այդպիսով «արդարացնելով» նաև միջնորդական կառույցի փոխարինման «անհրաժեշտությունը»: Եվ այս ամենն ուղեկցվում է «օկուպացիա» և «ագրեսոր» բառերի առատ օգտագործումով: Ի դեպ, ադրբեջանական գրեթե բոլոր կայքերը միաբերան ԼՂՀ-ի հարցին առնչվող հոդվածներն ավարտում են հետևյալ տողերով. «Հիշեցնենք, որ երկու երկրների միջև կոնֆլիկտը ծշագել է 1988թ.-ին, որի ընթացքում Հայաստանը օկուպացրել է ադրբեջանական ԼՂ-ն և հարակից 7 շրջանները: ՄԱԿ-ի 3 բանաձևերը և բազմաթիվ միջազգային բանաձևերը՝ դադարեցնել օկուպացիան, այդպես էլ օգուտ չեն տվել»: Գուցե այս անգամ էլ մենք կիրառենք նրանց տակտիկան՝ կոնտրսիմվոլիզմի տեսքով: ԼՂՀ-ն 1991թ. ԽՍՀՄ սահմանադրությանը և օրենսդրությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությանն ու Հելսինկյան եզրափակիչ ակտին համապատասխան կիրառեց իր ինքնորոշման իրավունքը, որից հետո հաջորդեց Բաքվի ռազմական ագրեսիան: Դեռ պատմության էջերում շատ լավ երևում է 1921թ. հուլիսի 5-ի Ստալինի ապօրինի որոշումը, որն այն ժամանակ վերաբերում էր և ողջ Արցախին՝ ներառյալ՝ դաշտային մասը և Նախիջևանին: Ավելին՝ միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարց չի կարող լինել, որովհետև այն առկա է միայն, երբ կա տարածքային վեճ երկու՝ միջազգայնորեն ճանաչված պետությունների միջև, իսկ ԼՂՀ-ն միջազգայնորեն ճանաչված չէ, իսկ Հայաստանն էլ երբեք հանդես չի եկել ԼՂՀ-ն իրեն միացնելու պահանջով: Այնպես որ, ինֆորմացիոն պատերազմի ճակատում այս «պատրաստի հնարքները» ճիշտ ու հետևողական չօգտագործելու պատճառով, մենք Ադրբեջանին քարոզելու լայն դաշտ ենք ապահովել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/704708006234364
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել