Բարեկամներ, գրեցի այս երկար խորագիրը, և հիմա ասեմ այս գրության նպատակը: Հին բարեկամներիս համար ֆեյսբուքում գրել եմ և նորերի համար գրում եմ, որ ստեղծվել է «Իմ Մայրենին» ձեռնարկ-ընթերցարանը, որը հենված է մեր բնօրրանի ամբողջ տարածքում, Հայոց պատմական աշխարհներում ստեղծված բանահյուսական նյութի վրա - ավանդություն, հեքիաթ, էպոս, առած, ասացվածք, հանելուկ...Եվ այդ ամենի հետ՝ հեղինակային նյութը՝ աշխարհակառույցի Գաղտնիքի ու Գեղեցկության մասին: Ձեռնարկը միտված է դառնալ դասագիրք՝ Հայաստան-Սփյուռք միացյալ կրթական տարածքի համար: Գիրքը արևմտահայերենի վերածեց սիրիահայ, մեր լավ բարեկամ Յովհաննէս Սիւլահյանը, ֆեյսբուքում՝ Hovig Sulahian - ի դեպ, նա անցյալ ուրբաթ օրը ստացավ ՀՀ քաղաքացիություն և ընտանիքի հետ վերադարձավ Հալեպ: Գրքի արևմտահայերեն վարկածի խմբագիրն է հայտնի գրագետ և լրագրող Պարոյր Աղպաշեանը՝ Բեյրութից:
Այս օրերին այդ քաղցր գործին եմ - «Իմ Մայրենին» պատրաստում եմ ձևավորման և հրատարկման, առայժմ՝ էլեկտրոնային գրքի ձևով: Որոշեցինք ձևավորման մեջ չգնալ տրորված ճանապարհով - այսպես կոչված՝ «մանկական», անհամ նկարազարդում... Այլ գիրքը ձևավորել Պատմական Հայրենիքի աննման լանդշաֆթների, աղբյուրների, լճերի ու գետերի, ծառերի ու մրգերի, հերոսների ու մշակների զորավոր, հավերժ սիրելի, պաշտելի պատկերներով... Կրթական լեզվական նյութին միացնել Հայրենիքի ֆիզիկական և ոգեղեն կերպարներ, 7-10 տարեկան մանկան համար ստեղծել մի սիրուն, մատչելի հայրենագիտական ակունք, մի հանրագիտարան, - նաև ամբողջ ընտանիքի համար, ծնողների համար: Եվ ու՞մ պատկերն է տեսնելու առաջինը Ձեռնարկի մանուկ ընթերցողը - նա տեսնելու է մեր էպոսի հայտնաբերող և առաջին պատումի գրի առնող Գարեգին վարդապետ Սրվանձտյանի հավերժ խնկելի նկարը: Օ՜, միթե՞ հնարավոր է այս սեղմ սյունակում պատմել, թե ՈՒՄ, ինչ սուրբ ու ցարդ դպրոցում չհնչած ԱՆՈՒՆՆԵՐԻ, ինչ ՔԱՐԵՐԻ, ինչ ԾԱՌԵՐԻ, ինչ ԼՃԵՐԻ, ինչ ՎԱՆՔԵՐԻ են հանդիպելու մեր մանուկները: ՄԵՐ ԱՐԱՐԻՉ, եթե դու հայ ես - իսկ քո էության մեջ հայկական սկզբի քաղցր առկայությանը չեմ կասկածում, - ահա, Օգնիր մեզ՝ թող Մայր Բարձրավանդակի քաղցր գազպեն նստի մեր մանուկների շուրթերին, ի Հայաստան և ի Սփյուռս...
Ահա բարեկամներ, այս գործին էի, ճշտում էի՝ ամեն էջի նկարը ինչ պիտի լինի, համացանցում գտնում և ծրարի մեջ հավաքում էի առաջին լուսանկարները... Դիմելու եմ մեր հին ընկերոջը՝ հայտնի արշավորդ և լուսանկարիչ Կարեն Ասատրյանին, հեռաձայնեցի ֆայնդարմենիա.քոմ կայքի հիմնադիրնեիրն... Բայց հանկարծ մի միտք կայծակեց՝ ինչու՞ այս գործը չանել ավելի լայն, այս գրքի նկարազարդումից ավելի վեր նպատակով - այս առիթով հավաքել Պատմական Հայաստանի բնության ու մշակույթի՝ առավել ԲՆՈՒԹԱԳՐԵԼԻ, առավել ՎԱՌ, առավել ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ լուսանկարները: Ստեղծել այս հավաքածուն և օգտագործել առաջին հերթին ԿՐԹԱԿԱՆ նպատակներով...
Ձևակերպեմ առաջարկս և գործելակերպը - բոլոր հնարավոր աղբյուրներից, որոնցից հիմնականը ՀԱՄԱՑԱՆՑՆ Է, ընտրել լուսանկարներ - անպայման ճշտելով՝ ՀԵՂԻՆԱԿԸ, ապա՝ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ օգտվելու ձևը՝ թույլտվություն, գնում, և պատշաճ տեխնիկական ապահովումով ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին: Այս գրքի համար անհրաժեշտ կլինի տարբեր չափի մոտ 100 լուսանկարներ: Ամեն լուսանկար օգտագործելիս՝ առանձին ցանկում կնշվի հեղինակը, ընդհանուր շնորհակալական տեքստում պիտի հիշեմ այս գործի բոլոր մասնակիցներին: Իմ էլ. փոստի հասցեն է՝ [email protected] Հնարավոր է՝ ֆեյսբուքում բացել էջ՝ ԻՄ ՄԱՅՐԵՆԻՆ, որպեսզի մասնակիցներս հնարավորություն ունենանք օգնելու իրար, հետն էլ դնելու և նայելու մեր Հայրենիքի չքնաղ պատկերները... Այսօր հանդիպեցի Ալեքսանդր Քանանեանի արած լուսանկարները՝ Քարվաճառից... Հասկանալի է, չէ՞ - ազատագրվող Հայրենիքի պատկերները պետք է կրթություն մտնեն...
Բարեկամներ, ավարտում եմ... Թախանձում եմ՝ երբ կկարդաք այս գրությունը, երբ վաղը կհիշեք նրա մասին - մի պահ մոռացեք, որ Հայաստանում կա չգիտեմ ինչ՝ կռիվ ու պայքար, իշխանություն ու ընդիմություն, վարդանիկ ու պալաչ, հիշոցք ու հառաչ - մոռացե՜ք, և հիշե՜ք՝ կա մի վիրավոր Հայրենիք, բայց նրանից վեր՝ մի անվնաս, մի վառ, մի զարմանալի մշակութային Հայրենիք, որը մի իղձ ունի - որ իր զավակները իրենց ոգու ոսպնյակով անցկացնեն Մայր Բնության և Մայր Մշակույթի լույսը, խտացնեն այն, հավաքեն կիզակետում, և որպես ԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ հասցնեն հայ երեխային...
Ի ԳՈ՜ՐԾ...
Մնամ Հայ Մարդու գաղտնի ուժերի հավատավոր՝
Հ.Գ. ԻՄ ՄԱՅՐԵՆԻ գրքի մասին հղումը կդնեմ վաղը առանձին, որ ցանկացողները ծանոթանան - այսօր չդրեցի՝ այս անդրադարձը չծանրաբեռնելու համար: