Երբևէ չեմ լսել դեպք, երբ պատգամավորին իր աշխատանքը կատարելու համար որևէ մեկը անվանի անբարոյական: Մինչդեռ բարոյականության հսկա Շուշան Պետրոսյանը անբարոյական է անվանել լրագրողին, ով փորձել է իմանալ մտքի տիտանի, բանականության սարի տեսակետը վերնիսաժյան հայտնի դեպքերի մասին: Մեկ այլ լրագրողի, ով փորձել է հարթել միջադեպը, ՀՀԿ-ի սոխակը չորել է. «Գնացիր ստուց»:
Անշուշտ, շուշանյան սկանդալների այս շղթան մի բանի մասին է վկայում. չկարողանալով բավարարել հասարակության պարենային ճգնաժամը՝ ՀՀԿ-ն մարդկանց կերակրում է տեսարաններով: Հակառակ պարագայում ամեն շաբաթ ցինիկ մտքեր արտանետող սույն պատգամավորուհին չէր ծածկի Ազգային ժողովի մակերեսի զգալի մասը: Նրա լկտի պահվածքն ու հակահիգիենիկ հայտարարությունները այնքան անպատասխան են մնացել իր վերադասների կողմից, որ տիկինը սկսել է անպարկեշտ վերաբերմունք և վտանգավոր վարքագիծ դրսևորել: Կա մի սահման, որից այն կողմ անցնելը անթույլատրելի է. պատգամավորուհին արդեն անցել է այդ սահմանը:
ՀՀԿ-ն այս սկանդալից հետո պետք է պահանջի սեփական խմբակցության անդամից վայր դնել իր մանդատը և մեկուսանալ, մինչև կդատարկվեն ագրեսիվ լիցքերը: Նրա փոխարեն, հուսամ, խորհրդարան կգա մարդ, ով կարտահայտի թեկուզ հիմար (կարծում եմ՝ դա կարևոր է), բայց ոչ ագրեսիվ մտքեր...