Tert.am-ը գրում է.
Գորիսում քաղաքապետի ընտրություններից առաջ ոչ լարված, ոչ էլ վախի մթնոլորտ կա, վախի մթնոլորտը միայն Ադունցների նմանների մոտ է. Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի թեկնածու, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Արա Բուդաղյանը։
«Վախի մթնոլորտ Ադունցների նմանների մոտ կա, եթե ինքը Լիսկայի (Սուրիկ Խաչատրյան) կողքը կանգնում է, ուրեմն իր մոտ վախ կա, եթե մի առանձին տեղ լինեինք, ինքը հաստատ Լիսկայի կողքը չէր կանգնի. վախի մթնոլորտն ա, էլի, իրան տանում նրա կողքը»,-ասաց նա՝ պնդելով, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը քաղաքում այլևս չկա և ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածուի՝ Վաչագան Ադունցին սատարելու նրա փորձը՝ այդ ազդեցությունը վերականգնելու նպատակով է։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին կայանալու է Գորիսի քաղաքապետի ընտրությունները, որում առաջադրված է 4 թեկնածու՝ «Գորիսի Գամմա» ԲԲԸ գործադիր տնօրեն, անկուսակցական Տիգրան Կարապետյանը (ինքնաառաջադրվել է), Գորիս համայնքի ավագանու անդամ, «Շանի» ՍՊԸ-ի տնօրեն Հրայր Յոլյանը, Ավետիք և Արտակ Բուդաղյանների եղբայր, հանրապետական Արա Բուդաղյանը (ինքնաառաջադրվել է) և հանրապետական Վաչագան Ադունցը (առաջադրվել է ՀՀԿ-ի կողմից):
Արա Բուդաղյանը չի շտապում մեկնաբանություններ անել ստեղծված իրավիճակի մասին, քանի որ առաջադրումից, ըստ նրա, հնարավոր է ուժերի միավորում լինի. կամ ինքը հանի իր թեկնածությունը և սատարի թեկնածուներից Տիգրան Կարապետյանին, ում ի դեպ, սատարում է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, կամ էլ՝ հակառակը։ Հենց այդ պատճառով էլ չի շտապում խոսել թե իր, թե մյուս թեկնածուների հաղթանակի շանսերից. «Ամսի 21-ից հետո արդեն կարող եմ պատասխանել ձեր հարցերին, այդ ժամանակ էլ, եթե հարկ լինի շանսերից կասեմ, հիմա չեմ ուզում ասել։ Կարող է՝ ես հանեմ, կարող ա՝ ինքը, դեռ հլա պարզ չի, բայց հավանական է, որ չեմ հանի, կշարունակեմ պայքարը»,-նշեց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



