Ուկրաինայի ներկայիս իշխանությունները, ինչպես նաև դրան հավակնող պոտենցիալ ուժերը, բավական ուշագրավ հայտարարություններ են անում: Խոսքը հատկապես նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոյի, ով ի դեպ նախագահի պաշտոնի համար պայքարում գլխավոր ֆավորիտներից է, ինչպես նաև երկրի նախկին վարչապետ, «Բատկիվշինի» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի մասին է: Առաջինն ասել է, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամակցելու գաղափարից, իսկ Տիմոշենկոն նշել է, որ ԵՄ-ին ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը չի կարող կայացվել մեկ քաղաքական գործչի կողմից: Վերջինիս խոսքերով, դա քաղաքակրթական որոշում է իրենց պետության համար, իսկ նման հարցերում որոշում կայացնելու իրավունքը պատկանում է բացառապես Ուկրաինայի ժողովրդին: Հարկ է նշել, որ այս հարցում թե´ Պորոշենկոյի, թե´ Տիմոշենկոյի մոտեցումները փոխվել են շեշտակիորեն: Բանն այն է, որ ավելի վաղ երկուսն էլ խոսում էին նախագահական ընտրություններից անմիջապես հետո վերոնշյալ արևմտյան կառույցներին միանալու հայտը ներկայացելու մասին: Այժմ, սակայն, ինչպես երևում է, տեսնում ենք միանգամյան այլ դիրքորոշումներ:
Տեսեք, սա կարելի է դիտել մի քանի տեսանկյունից. փորձեմ ներկայացնել դրանցից երկուսը:
1-ին` Ուկրաինայի իշխանությունները կամ էլ պոտենցիալ իշխանավորներն ի վերջո գնում են Ռուսաստանի պահանջին ընդառաջ և հրաժարվում են ՆԱՏՕ-ին, կամ էլ առհասարակ արևմտյան կառույցներին ինտգրվելու գաղափարից, որը, ըստ երևույթին, կթուլացնի և բավական արագ ժամանակահատվածում կվերացնի ճգնաժամը երկրի ներսում, ինչպես նաև դրական կանդրադառնա դրանից բխող Ուկրաինա-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների վրա: Ինչ վերաբերում է հանրաքվեի անցկացմանը, ապա դա նրա համար է, որ երկրի իշխանությունները սպիտակ երեսով դուրս գան այս իրավիճակից: Այլ կերպ ասած՝ երկրի նախագահի պաշտոնակատարը, վարչապետը կամ էլ մեկ ուրիշը կարող են ասել, որ իրենք որպես անհատներ պատկերացնում էին երկրի ապագան Եվրոպայի հետ, բայց եթե ժողովուրդն այլ որոշում է կայացնում, ապա իրենք, լինելով ժողովրդի ներկայացուցիչներն իշխանության մեջ, այլ ելք չունեն, քան չհարգել հասարակության կամքը` ելնելով ժողովրդավարության սկզբունքներից:
2-րդ` ոչ ոք էլ չի գնում Ռուսաստանին ընդառաջ, ընդհակառակը, սա խաղ է, որի միջոցով Ուկրաինայի իշխանությունները կփորձեն հանրաքվեի միջոցով ներկայացնել ամբողջ աշխարհին, որ Արևմուտքին ինտեգրվելը ոչ թե ինչ-որ քաղաքական գործիչների կապրիզ է, այլ` ժողովրդական պահանջ: Իսկ նման պայմաններում Միջազգային հանրությանը դժվար կլինի հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը, որը կտրականապես դեմ է Ուկրաինայի` «իրենից բաժանվելուն»: Ոչ ոք չի կարող ըմբռնումով մոտենալ այնպիսի իրավիճակին, երբ մի ինքնիշխան երկրի ժողովրդի մեծամասնությունը ցանկանում է մի բան, իսկ մեկ այլ պետություն բողոքում է դրա դեմ` մտահոգություն հայտնելով, որ իր շահերը հաշվի չեն առնվում:
Ես ինքս, բնականաբար, ունեմ իմ ենթադրությունները, թե ի վերջո սրանցից որ մեկն է ավելի հավանական տարբերակ: Ի վերջո բոլորս էլ դա կարող ենք անել, բայց դա երկրորդական հարց է, քանի որ միանշանակ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ միտման հետ գործ ունենք այսօր: Բոլոր հարցերի պատասխանը լավագույնս ցույց է տալիս ժամանակը: Այնպես որ, սպասենք իրադարձությունների զարգացմանը` հուսալով, որ ինչ քայլեր էլ ձեռնարկվեն դրանք, ուղղված կլինեն ճգնաժամի թուլացմանն ու չեզոքացմանը: