Absolut օղու հայրն է Լարս Օլսոն Սմիթը, ով XIX-րդ դարի վերջին թողարկում էր արդեն ողջ շվեդական օղու 1/3-ը: Լարսը շեշտը դնում էր օղու մաքրության վրա, իսկ 1879 թվականին կարողանում է նոր օղի ստանալ, որն անվանում է «Absolut Rent Branvin» – Բացառապես մաքուր օղի: 100 տարի հետո, Vin & Sprit AB ընկերության ղեկավար Լարս Լինդմարկը որոշում է «Absolut Rent Branvin»-ը վերաթողարկել այնպես, որը հաջողությամբ կվաճառվի աշխարհի բոլոր երկրներում: Լինդմարկը հավաքում է ուժեղ մարքեթինգային թիմ, որոնք էլ սկսում են նոր ապրանք մշակել:
Առաջին քայլը շուկայի ուսումնասիրությունն էր, որը ցույց է տալիս ոչ գոհացուցիչ տվյալnեր՝ պինդ ըմպելիքների շուկան անկում էր ապրում: Այնուհետև հաջորդ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որակյալ և թանկ վիսկիների, ջիների, կոնյակների, օղիների վաճառքն անընդհատ աճում է: Բացի այդ, պինդ ալկոհոլի 60%-ը սպառվում է ԱՄՆ-ում: Vin & Sprit ընկերությունն իր առաջ զարմանալի ու անհնար մի խնդիր է դնում՝ գրավել ամերիկյան շուկան, այնուհետև Եվրոպան ու ողջ աշխարհը:
ԱՄՆ-ի համար սպիտակ ալկոհոլը օղին էր, որն ըստ ամերիկացիների՝ արտադրվում էր հիմնականում Ռուսաստանում: Բացի այդ էլ ԱՄՆ-ում ամենաշատ վաճառվող օղին ուներ ռուսական անուն և ծագում՝ «Smirnoff», բացի այդ էլ առկա էին նաև այլ ռուսական օղիներ՝ «Kremlevskaya», «Popov» և այլն:
Մյուս ամենահետաքրքիր արդյունքն այն էր, որ սպառողների համար ալկոհոլի ամենակարևոր նախապայմանը արտադրվող երկիրն է: Համեմատեք ու կտեսնեք, որ Ձեզ մոտ նույնպես նման կարծիք է՝ ռուսական օղի, շոտլանդական վիսկի, իռլանդական ջին, ֆրանսիական կոնյակ, մեքսիկական տեկիլա, ճապոնական սակե և այլն: Շվեդների համար շատ դժվար էր մտնել մի ոլորտ, որտեղ իշխում էր Ռուսաստանը:
Միակ առավելությունը ծագումն էր, քանի որ բոլոր խմիչք արտադրողները հպարտանում էին իրենց տարիքով՝ օղի «Smirnoff» 1864 թվական, կոնյակ «Hennessy» 1765 թվական, ջին «Beefeater» 1820 թվական, վիսկի «Johnnie Walker» 1820 թվական և այլն: Այստեղից հետևություն, որ շվեդական օղուն հարկավոր էր հին ավանդույթներ, բարձր որակ, որը կընդգծեր օղու մաքրությունն ու առողջության համար օգտակարություն:
1978 թվականին Լարս Լինդմարկն ԱՄՆ-ում հանդիպում է Carillon Importers ալկոհոլային խմիչքներ ներկրող ընկերության ներկայացուցիչների հետ: Կատարվում են բազմաթիվ հարցումներ, որից հետո ամերիկացի մարքեթոլոգները խորհուրդ են տալիս թողարկել մեծ ու գեղեցիկ շշով օղի: Շիշը պետք է ունենար արծվի թագ, արքայական փառք, կարմիր գույն և շատ ոսկի: Այլ կերպ ասած՝ ամերիկացիներն առաջարկում էին պատճենահանել Smirnoff-ը, որն այդքան էլ ճիշտ չէր. բիզնեսում նմանվել չի կարելի, պետք է տարբերվել: Խոսք էր գնում նաև շիշը որևէ հետաքրքիր ձևով փաթեթավորելու մասին, բայց առաջարկը նույնպես հավանության չի արժանանում:
Լինդմարկն ամերիկացիների առաջարկից հրաժարվում է և դիմում է շվեդական Carlsson & Broman ընկերությանը, որի առջև խնդիր էր դրված՝ ստեղծել օղու յուրահատուկ շիշ: Ըստ լեգենդի` ընկերության ղեկավար Գյուներ Բրոմանն ամեն օր քայլում էր Ստոկհոլմի փողոցներում և մտածում շշի ձևի ու տեսքի մասին: Մի անգամ քայլելիս նա նկատում է, որ հինավուրց իրեր վաճառող խանութի պատուհանին դրված է բժկակական կոլբայատիպ շիշ:
-Հենց սա էլ մեզ պետք է,-շշնջում է Բրոմանն ու մոտենում պատուհանին, քանի որ շիշը տարօրինակ էր, յուրահատուկ և շվեդական: Այնուհետև շշի օրինակը հանձնում է Շվեդիայի ամենահայտնի դիզայներներից մեկին՝ Հանս Բինֆորսին, ով մեծացնում է շշի չափսերը, երկարեցնում է շշի վերևի հատվածը: Օղու շշերի մեծ մասն ուներ նեղ գլխիկ, իսկ Բինֆորսն այն մեծացնում և դարձնում է օղու համար անսովոր: Յուրահատկությունն ապահովված էր: Շշի հարթությունն ու սպիտակությունն էլ նշանակում էր մաքրություն: Թղթե պիտակից միանգամայն հրաժարվում են և «Absolut Vodka»-ն փակցվում է շշի վերևի մասում և դիմացի մասով:
Բրենդի անվանումը Շվեդիայի լեզվով կոչվում էր «Absolut Rent Branvin», կամ անգլերենով՝ «Absolute Pure Vodka»: Ցավոք այս բոլոր բառերն ԱՄՆ-ում արդեն գրանցված էին և ընկերությանը մնում էր միայն Absolute բառից «е» տառը հանել և գրանցել: Որոշվում է, որ անունի մեջ պետք է լինի «Country of Sweden», որը պետք է արտահայտի շվեդական որակն ու ավանդույթները:
Շշերը պատվիրվում են Hammar’s Glassworks ընկերությունում, որտեղ մանրամասն ընտրվում է հումքը: Արդյունքում շիշն այնպես սպիտակ է ստացվում, որ իսկապես արտահայտում է մաքրություն, պարզություն ու հարթություն: Լինդմարկը գործարանը կառուցում է շվեդական Ահուս քաղաքում, որը հայտնի էր իր օղիներով և մաքուր ջրերով:
1979 թվականին Absolut օղին մտնում է ԱՄՆ, կամ ավելի ճիշտ Բոստոն քաղաք: Բոստոնից հետո օղին սկսվում է վաճառվել արդեն ԱՄՆ-ի մյուս մեծ քաղաքներում: Սակայն Absolut -ի ամենամեծ սխալներից մեկը կայանում էր նրանում, որ ընկերությունը ԱՄՆ-ի շուկայում աշխատում է միանգամից երեք գովազդային ընկերությունների հետ: Երբեք նման սխալ չկրկնեք, քանի որ ամեն մեկն իր յուրահատկությունն ունի և պետք է աշխատել կոնկրետ մեկ գովազդային ընկերության հետ: Արդյունքում գովազդային արշավներն իրականացնում է TBWA-ն:
TBWA-ի ներկայացուցիչներն իրականացնում են մասշտաբային հարցազրույցներ սպառողների հետ և արդյունքում պարզում, որ շեշտը պետք է դրվի շվեդական արժեքների, մաքրության, յուրահատկություն արտահայտող շշի վրա: Մարքեթոլոգները որոշում են, որ գինը պետք է 20% թանկ լինի, քան նույն սեգմենտի մրցակիցների գներն էին: Մարքեթինգի թիմը հավաքում է ժամանակակից կրեատիվ նկարիչների, որոնք պետք է նկարեին միայն շշի տեսքով հետաքրքիր նկարներ:
Absolut օղու բրենդինգի հաջողությունը կայանում էր նրանում, որ ամեն կերպ ընդգծվում ու ներկայացվում էր շիշը: Ընկերությունը սկսում է իրականացնել շշի տեսքով կրեատիվ գովազդներ, որոնք առկա էին միայն ամենաթանկ ու հայտնի ամսագրերում: Նշեմ, որ «Absolut» բրենդը առաջատար դիրքեր է գրավել ոչ թե հեռուստատեսությամբ, արտաքին գովազդով, կամ որևէ թանկ գովազդային միջոցով, այլ ընդամենը ամսագրերում տպագրվելով: Ահա այդ գովազդներից մի քանիսը, որոնք անպայման ուղեկցվում էին Absolut բառով՝
Շարունակությունն՝ այստեղ