1in.am-ը գրում է.
Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը փոխել են Փարիզում ամուսնանալու իրենց պլանները և պատրաստվում են հարսանիքը Իտալիայում անցկացնել:
Բրիտանական The Daily Mail տաբլոիդի հաղորդմամբ՝ Ուեսթի մոտ ընկեր իտալացի դիզայներ Էրմանո Շերվինոն հայտնել է, որ արարողությունը տեղի կունենա Ֆլորենցիայում գտնվող 16-րդ դարի Ֆորտ Բելվեդեր ամրոցում, որտեղ գրեթե 1000 հյուրեր կհավաքվեն:
Ընդ որում, այս ամրոցը այցելությունների համար փակ էր, քանի որ 2006 և 2008 թվականներին երկու մարդ ընկել են դիտահրապարակից և մահացել: Ամրոցը զբոսաշրջիկների համար հասանելի է դարձել միայն 2013թ., և Քանյեն մեծ ջանքեր է թափել հարսանիքն այնտեղ կազմակերպելու համար:
«Ինձ համար Ֆլորենցիան եվրոպական ամենագեղեցիկ քաղաքն է, իսկ աշխարհում՝ ամենագեղեցիկներից մեկը: Մենք Քիմի հետ անցած տարի ծպտված եղել ենք Արնոյի ափին: Կարծում եմ, մենք մեր դստերը հենց այստեղ ենք ստեղծել՝ Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցներով շրջապատված: Մենք Քիմի հետ այն ժամանակ մեզ այնպես էինք զգում, կարծես մեղրամիս անցկացնեինք….»,- նշել է Քանյեն La Nazione կայքին տված հարցազրույցում:
Էրմանո Շերվինոյի մամլո քարտուղարի խոսքերով՝ դիզայները բոլոր ուժերով Քանյեին օգնում է նախապատրաստական աշխատանքներում:
Ինչպես հայտնի է, Փարիզից զույգը ամեն դեպքում չի հրաժարվում. Ֆրանսիայի մայրաքաղաքում հյուրերին նախահարսանեկան ընթրիք է սպասվում: Իսկ հաջորդ օրը հյուրերին մասնավոր ինքնաթիռներով Ֆլորենցիա կհասցնեն:
