ՀՀ նախագահի նստավայրի առաջ hունիսի 7-ին ինքնահրկիզման փորձ կատարած նախկին ոստիկան Մխիթար Ալումյանն այսօր ՀՀ Ոստիկանության շենքի առաջ հացադուլ է սկսել: Սակայն այստեղ ոստիկանները խոչընդոտում են նրան կանգնել շենքի առաջ` նախկին աշխատակցին ուղղորդելով հացադուլն իրականացնել Պետական պահպանության գլխավոր վարչության շենքի մոտ, քանի որ ըստ նրանց՝ Մխիթարն այնտեղ է աշխատել:
«Ինչ տարբերություն ոստիկանությունը, թե վարչությունը, երբ նույն դեմքն են»,- ասաց հացադուլավորը և նշեց, որ հանդիպում է պահանջում Ոստիկանապետից:
Հիշեցնենք, որ 5 անչափահաս երեխաների հայր և նախկին ոստիկան Մխիթար Ալումյանին և նախագահականում և Ոստիկանությունում խոստացել էին լուծել հավելավճարների և աշխատավարձի հարցը, ինչպես նաև աջակցել հիվանդ աղջկա՝ Կարինեի բուժօգնության հարցում:
Tert.am-ի հետ զրույցում նախկին ոստիկանը նշեց, որ աղջկա առողջական խնդիրների լուծման համար նախագահականից աջակցել են և հիմա սպասում են 10-ամյա հաշմանդամ աղջկա վիրահատությանը, որը կիրականացվի բուժում ստանալուց հետո: Սակայն աշխատանքի և հավելավճարների խնդիրն, ըստ նրա, ոչ մի կերպ չեն ցանկանում լուծել: Ալումյանի խոսքով` ինքն այդպես էլ չի կարողանում հետ ստանալ՝ ոստիկանությունում արտաժամյա աշխատած իր հասանելիք 2,5 մլն դրամը, իսկ 1,9 մլն-ն արդեն ստացել է:
«Նախագահի վերահսկողության ծառայությունում գրածս նամակը, որտեղ նշել էի, թե ինձ վճարել են այսքան գումար և պարտք են այսքան գումար, վերահասցեագրեցին Ոստիկանություն և պահանջեցին, որ հարցին հրատապ լուծում տրվի: Հիմա ես գիտեմ, որ իրանք նախագահին նամակը ուղարկել են, բայց ինձ չեն ուղարկում, պատճառաբանելով թե մատյաններն ամեն տարի վերանում են և մենք ապացույց չունենք, որ դու ծառայել ես: Իսկ վարչությունում ամեն կերպ ուրանում են, ասում են տենց բան չկա, մարդը չի ծառայել, իրա գործն ա արել: Ես էլ ասեցի, որ ունեմ վերջին երեք տարվա աշխատանքի մատյանների պատճենները, որ ես ծառայել եմ, և կտեսնեն, որ այդ գումարն է կազմում»,- ասաց նա:
Բացի այդ, նա տեղեկացրեց, որ նախապես խոստացած աշխատանքը՝ պայմանագրային զինծառայող աշխատելու համար ծառայությունը, դեռևս չեն վերականգնել, սակայն հույս հայտնեց, որ այն մոտ ժամանակներում կլուծեն:
Մխիթար Ալումյանին մոտեցան և նրա պահանջին ծանոթացան Ոստիկանության մամուլի աշխատակից Արմեն Մալխասյանը և այլ իրավասու աշխատակիցներ: Նրանք առաջարկեցին նախկին ոստիկանին իր հարցերը ձևակերպել նամակի տեսքով, և փաստերով ներկայացնել իր պահանջները: Հացադուլավորը նշեց, որ դա արդեն ինքը մի քանի անգամ արդեն փորձել է և այդպես էլ խնդիրը չի լուծվել:
Նյութը՝ Tert.am-ից