«Ասպարեզը» Հայ առաքելական եկեղեցու գործունեության վերաբերյալ զրուցել է բլոգեր, պատմաբան Արա Նախշքարյանի հետ:

- Արդյո՞ք արդյունավետ համարում եք Հայ առաքելական եկեղեցու գործունեությունը աղանդների դեմ պայքարելու եւ այլ առումներով:

- Միանգամից պատասխանեմ Ձեր հարցին ու ասեմ շատ կարճ, մեկ բառով՝ ո՛չ:
Ասեմ՝ ինչու...
Հայ Առաքելական Եկեղեցին իր անձնագիրը ստանալու օրվանից շատ թույլ է: Թույլ է որովհետեւ իր մեջ կրում է տկար հոգեւորականների: Ի սկզբանե չկարողանալով ժողովրդի մեջ կոտրել նախկին հավատը, իր մեջ որոշակի փոփոխության ենթարկեց պարզապես հեթանոսական ծիսակատարություններն ու արարողությունները, անվանափոխեց, մի փոքր փոփոխեց ու այդպես ներկայացավ: Այսօր Քրիստոնեական եկեղեցու մեջ կատարվող բոլոր տաղավար տոնակատարությունների հիմքում հեթանոսականն է:
Աղանդներն այսօր վխտում են երկրի ներսում: Ու դա միայն հետեւանք է պետական ու եկեղեցական թուլության: Սոցիալապես տկար ժողովրդին հաց ու հագուստ ապահովող է պետք: Պետությունը ամեն ինչ անում է, անգործ ու սոված պահելու համար իր հարազատ ժողովրդին, եկեղեցին էլ մատը մատին չի տալիս այդ ծռված ողնաշարը ուղղելու համար: Մի գլուխ եկեղեցիներ են կառուցում աջ ու ձախ: Դատարկ շենքեր, որի միջոցով շատ էլ հնարավոր է տարբեր գույների փողեր լվանալ: Սա ունենք հիմա: Ունենք այն ինչ ունենք: 

- Հայաստանի բնակչության մեծամասնությունը վստահու՞մ է Հայ առաքելական եկեղեցուն:

- Վստահում է թե ոչ, դա միայն ինքը՝ ժողովուրդը կասի: Ես մի պարզ ճշտարտություն ամեն դեպքում գիտեմ. Այսօր եկեղեցին ժողովրդի կողքին չէ: Այսօր եկեղեցի հաճախողների մի ստվար զանգվածն էլ եկեղեցի է հաճախում պարզապես ձեւապաշտությունից դրդված: Ապա մի նայե՛ք. Եկեղեցական արարողություններին մասնակցող «հավատացյալ» ժողովրդին: Պատարագներից հետո էլի նույն քաղքենիական վարքագծով ապրող շատ սովորական մարդիկ են: Ես բացառություններին մատնացույց չեմ անում: Թե երիտասարդը, թե տարեցը հոգեւոր աղոթք կարդալուց հետո եկեղեցուց դուրս է գալիս եւ շատ կարճ ընթացքում միանգամից խաղդում բոլոր 10 պատվիրանները: Եթե ոչ բոլորը, ապա գոնե 7-ը կամ 8-ը հաստատ: Այս պարագայում ես կպնդեի եւ խորհուրդ կտայի. «Ավելի լավ է լինել ամրապնդված հեթանոս, քան թե կիսատ պռատ քրիստոնյա»:
Եկեղեցու հանդեպ վստահություն չկա, որովհետեւ հավատ չկա առ եկեղեցի: Որովհետեւ օրվա տնքացող ցավն ու հոգսը այնքան է սպառնում խեղճ ժողովրդին, որ նույնիսկ այդ դաշտում էլ չեն կարողանում հենարան գտնել: Հույսները միայն աստծո վրա են դրել ու այդպես ապրում են:

- Մեր եկեղեցու հոգեւոր հովիվներն ընդհանուր առմամբ իշխանամե՞տ են, թե՞ ավելի շատ ժողովրդի շահերն են պաշտպանում:

- Մեր եկեղեցու հոգեւոր հովիվները երբեք էլ իշխանություններից չեն հեռացել: Դարերի ընթացքում մի քանի հոգեւորականների կարող ենք մատնանշել, որոնք իսկապես աստվածավախ էին: Հոգեւոր դասի մեջ հիմնականում մարդիկ են ովքեր մինչեւ ժամերգության ավարտն են կարգի մեջ մնում: Դրանից դուրս նույն «առ ու տուրն» է, նույն շքեղությունը, նույն լճացած վիճակը ինչ ունենք իշխանության բոլոր թեւերում:
Երբեւէ տեսե՞լ էք մի Հայրապետի ով ժողովրդի մեջ դուրս գա ու ապրի ժողովրդի հետ: Մի ժամանակ մի ավանդույթ կար. հովիվն ու իր հոտը: Ժամանակ առ ժամանակ դուրս էին գալիս տներով, գերեզմաններով, շրջում փողոցներով, խոսում հոտի հետ, օրհնում էին տունը, շիրմաքարը... Այսօր քանի՞ հովվի գիտեք , որ այդ կերպ է վարվում: Իշխանասիրությունը թույլ չի տալիս, մեծամտությունը խեղդում է հոգին: Քաղաքականացված շատ հովիվներ կան, սկսած կաթողիկոսից: 
Երբեւէ տեսե՞լ էք կաթողիկոսին նախագահի վրա զայրանալով: Որ դրա իրավունքն ու հնարավորությունն էլ ունի: Ո՛չ, չեք տեսել, ու գիտե՞ք ինչու, որովհետեւ նրանք մեկ են: Մի լավ խոսք կա. «պոչդ տակս է, երբ աշխույժացար կսեղմեմ»: Այս պարագայում երկուսի պոչերն էլ իրար տակ են: Երբեւէ տեսա՞ք, որ կաթողիկոսը դուրս գար դեպի ժողովուրդն ու հորդորեր, որ չլքեն հայրենիքը, ախր իրենց քարոզած գրքի մեջ ասում է, առողջներին բժիշկ պետք չէ, այլ հիվանդներին: Մեր երկիրն այսօր հիվանդ է: Ասում ենք Մայր Հայրենիք, բա մարդ իրա մորը կլքի՞, այն էլ հիվանդ պահին: Բա սա ի՞նչ է, եթե ոչ համատեղ իշխանական ծրագրի իրագործում, պարտադրված գերտերություններից:
Վերջաբանի փոխարեն կասեմ, այո՛, իշխանամետ են:

- Ինչ եք կարծում, չպե՞տք է մեր հարուստ հոգեւորականների ունեցվածքի վերաբերյալ տվյալներն հրապարակային դարձնել:

- Եթե ասեք թե հրապարակելուց հետո ինչպիսի ռեզոնանս տեղի կունենա ապա ես կպատասխանեմ հարցին: Լավ, ենթադրենք մի պահ էսպես: Հրապարակեցինք, բոլորը տեղեկացան, հոգեւորականներն էլ տեսան ու զարմացան, որ խոսքը իրենց ունեցվածքի մասին է: Հետո՞: Դրանով հարցը փակվե՞ց: Ի հարկե ո՛չ: Սա անիմաստ պայքար կլինի, որը կռվի կվերածվի ու որ ոչնչի չպիտի հասնեն կողմերը, ուղղակի սեւակյան ոճով ասեմ. «...պատը կմնա պատ, կպակասի մի լավ ճակատ...»:

- Հռոմի պապ Ֆրանցիսկն օրինակ աչքի է ընկնում իր համեստ կենցաղավարությամբ: Նա հրաժարվել է իրեն ժառանգություն մնացած թանկարժեք ավտոմեքենաներից եւ այլն: ԶԼՄ-ներն այս մասին շատ են գրում: Արդյո՞ք մեր բարձրաստիճան հոգեւոր վերնախավն իրեն կարող է թույլ տալ նման բան անել:

- Պապին անդրադառնալուց ասեմ, որ նա էլ իր յուրատեսակ քաղաքականությունն ունի: Ո՞վ է ասել, որ նա հրաժարվել է: Մեքենայից է հրաժարվել բայց ո՛չ ապրելակերպից: Ես իմացա նման հայտարարություն, որ ասել էր թե աշխարհում դեռ այնքա՜ն սոված մանուկներ կան, որ ինքն իրեն թույլ չի տալիս շքեղության մեջ ապրել: Բայց ամեն դեպքում ինքն է Պապը: Ու դա արդեն առավելություն է մնացածի հանդեպ:

- Երբ հոգեւորականը երկակի կյանք վարելով, մի կողմից մեղք է գործում, մյուս կողմից` ձեւացնում, որ ինքն ազնիվ է, մի՞ թե ամեն անգամ նմաններին անհրաժեշտ է ներել:

- «Ով անմեղ է, թող նա առաջինը քարը նետի»: Հայտնի այս միտքը դեռ շատ դեպքերում կարող ենք օգտագործել: Հոգեւորականները ամեն ինչ անում են ժողովրդին մաքուր ու համեստ երեւալու: Վերջին դեպքերն էլ դրա դրսեւորումներից մեկն էր: Եթե հիշում էք մեծ աղմուք բարձրացավ Ռուսաստանի թեմում հոգեւորականին կարգալուծ անելու խնդրով: Ես հարց եմ տալիս կարգալուծ անելու իրավունքը վաստակած հոգեւորականին: Արդյոք ինքը մաքու՞ր է ապրում: Արդյոք դավանու՞մ է այն արժեքներին ինչի համար կոչված է: Էլի պիտի աստվածաշնչից օրինակ բերեմ. «առաջինը քո աչքի գերանը հանի, հետո միայն ուրիշի աչքի ճյուղի մասին մտածի»: Ի՞նչ է սա, արդյոք քաղաքական կամ կրոնական պարզ խանդի դրսեւորում չէ՞: Հոգեւորականին կարգալուծ անելով բոլոր հարցերը չի ավարտվում, դեռ միայն սկսվում է նորից: 
Մեր քաղաքի փողոցներում տեսնում ենք «Եհովայի վկաների», արդեն ասեմ, որ նույնիսկ համեստ սեղանիկ են դրել ու էդպես են քարոզում իրենց հավատը: Իսկ մենք մեր ունեցածը կորցնում ենք առանց սրտի ցավի: Վիլլաների, ռեստորանների, ակումբների զարդերի ու պճնանքների մեջ փորձում ենք սուրբ ձեւանալ: Ոտքի տակ են առել բոլոր սրբությունները: Տարիներ առաջ եկեղեցու մեջ շնացող հոգեւորականին պատժեցին հավատացյալ տղերքը սափրելով մորուքը: Այսօր մորուքն էլի աճել է, աճելու հետ մոռացվել է մեղքը: Բայց դեպքի մանրամասներն հիշող մարդկանց մեջ հո չի՞ վերացել զգացումը: Կուսակրոն հոգեւորականը հոգեւորական է մինչեւ փիլոնը հագից հանելը: Հետո նա մարդ է: Մարդ է իր բոլոր թերություններով ու առավելություններով հանդերձ:
Երանի երանելիներին, որ թույլ չտվեցին իրենց հետեւից հայհոյելու:

- Ֆրանցիսկը կոռոումպացված հարուստներին համեմատում է «սպիտակ դագաղների» հետ, որոնք արտաքինից գեղեցիկ են, իսկ ներսը լիքն է նեխությամբ: Ինչու՞ հայ առաքելական եկեղեցու ղեկավարը չի քննադատում հայ օլիգարխներին:

- Ինչպե՞ս կարող ես քննադատել մեկին, երբ դու ինքդ ես դրանցից մեկը:

- Ֆրանցիսկի գործունեության շնորհիվ հարյուր հազարավոր մարդիկ եկեղեցու գիրկն են վերադարձել: Ինչու՞ Գարեգին երկրորդը Ֆրանցիսկի նման չի վարվում:

- Իմ մոտ են տպավորությունն է, որ մենք անընդհատ փորձում ենք համեմատության եզրեր գտնել կաթոլիկ աշխարհի ու մեր եկեղեցու հետ: Գարեգինը այդպես էլ չկայացավ որպես հայրապետ: Նա կաթողիկոսից այն կողմ չանցավ: Գարեգինը գուցե եւ լավ մարդ է, բայց ճիշտ քահանայապետ չէ: Նա չկարողացավ իր շուրջը նախ համախմբել իր ծառաներին: Եկեղեցին պառակտված է: Սա բոլորն են տեսնում: Այստեղ էլ կան թեւեր: Այստեղ էլ, ինչպես քաղաքական դաշտում ամեն մեկն իր փրկության ծրագիրն ունի: Այ հենց դա էլ խանգարում է մարդուն դեպի եկեղեցի կամ հակառակը անելուն:


- Արդյո՞ք աշխարհում տարբեր կրոնների առկայությունը ազգությունների միջեւ թշնամության առաջացման պատճառ են հանդիսանում:

- Հիմա նայեք: Գլոբալիզացված հասարակությունների մեջ այս խնդիրը բացակայում է: Սա ավելի շատ պահպանողականների համար է վտանգավոր: «Վկաները» աշխարհաքաղաքացու կողմնակիցն են, ու դա արդեն շատ մեծ ազդեցություն է թողել նաեւ մեր մեջ: Հակամարտություններ կրոնական հողի վրա շատ են լինում՝ օրինակ. Շիա - Սունի: Սրանք խորքում երկուսն էլ նույն կրոնի տարբեր դավանանքի տեր են: Հայ կաթոլիկ - առաքելական: Սրանք էլ նույն կրոնի բայց տարբեր դավանանքի կրողներ են: Նման օրինակներ շատ կան բայց այս երկուսի մեջ նախ եկեք գտնենք տարբերություններ: Ինչ են ուզում իրարից, որ չեն կարողանում կիսել: Ի դեպ ասեմ, որ հայ կաթոլիկ համայնքում ամեն ինչ շատ նուրբ է արվում: Մանկան դաստիարակությունից մինչեւ ճիշտ քաղաքացի ձեւավորելը: Առաքելականի մեջ սա տեղ-տեղ է: Չգիտեմ, գուցե սա փոքրամասնության հետեւանք է՞: Առաքելականները իրենց պարզապես զգում են տան տիրոջ կարգավիճակում, ինչպես ձուկը ջրում: Թելադրում են իրենցը: Չնայած ասելն այլ բան է անելն այլ: Բայց ամեն դեպքում կրոնական թշնամանքները գալիս են դավանանքի տարբերություններից ու Աստծուն ծառայելու ձեւերից: Այսինքն՝ ակն ընդ ական եւ եթե մի այտիդ խփում են ապա մյուսն էլ պարզիր:
Ահա այս վերջինի հանդուրժողականությունով ապրեցինք արդեն 1700 եւ ավելի տարիներ: Դրա համար հիմա մի լուրջ հաղթանակի դեպքում առավել ցնծություն ենք ապրում, որովհետեւ այդ հաղթանակը բարոյական չէ:

Հ. Գ. Առաջարկում եմ: Մոտ կանգնեք ազգային արժեքներին: Դեպի համամարդկայինին մի ձգտեք, այտեղ արդեն ամեն ինչ զբաղեցրած է: Ձեր մոտ պիտի չհաջողի ու պիտի սկսեք չարանալը: Գիտե՞ք ինչից է չարոնում մարդը. Երբ ունենում է մեծ ձգտումներ ու փոքր հնարավորություն:
Շատ կուզեի որ գոնե այս դաշտ չոր լինի ու որովհետեւ այստեղ խաղի կանոնները այն պիտի լինեն: Մի թույլ տվեք չսիրել ձեզ: Ախր դուք էլ մեր մի մասնիկն էք: Մենք ձեզ նայելով պիտի աստծուն տեսնենք: Իսկ այսօրվա ձեր կեցվածքով հաստատ աստծուն ճանաչելը մեծ ջանքեր ու առանձին աշխատանք պիտի պահանջի:
Հարցազրույցը՝ Անահիտ Սիմոնյանի

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել