Imyerevan.com-ը գրում է.
Ինչպիսին է կյանքը Երևանի այն համայնքներում, որտեղից «քաղաք են իջնում», ինչի պակաս են զգում դրանց բնակիչները, ինչ առանձնահատկություններ ունեին ծայրամասերը նախկինում և ինչ առավելություններ ունեն կենտրոնի նկատմամբ այսօր:
Արևմտյան Հայաստանի կորցրած բնակավայրերի անունները կրող վարչական շրջանի ամենահայտնի թաղը հիմնադրման օրվանից հայտնի է Ասիայի ամենաթշվառ պետություններից մեկի անունով:
Արմեն Հայրապետյան
32 տարեկան, ֆոտոմշակող
Երբ մեր թաղամասը շահագործման են հանձնել, էդ օրը համընկել ա Բանգլադեշ պետության Հնդկաստանից առանձնանալու հետ: Ու դրանով ամեն ինչ չի սահմանափակվել. մեր Բանգլադեշում էլ ա տաք, քանի որ ինքը քաղաքի հարավային մասում ա: Դրանից բացի, եթե Բանգլադեշ տեղափոխվում ես կենտրոնից, զգացողություններն էնպիսին են, ոնց որ իսկական Բանգլադեշում ես: Առաջին հայացքից էստեղ ամեն ինչ տխուր էր:
Մինչև Բանգլադեշ տեղափոխվելը մենք կենտրոնում ենք ապրել՝ նախկին Մարքս, հիմիկվա Խորենացի փողոցի վրա: Մեր առաջվա տան տեղում հիմա հայտնի «զաժիգալկա» նորակառույցն ա: Ոսկու շուկայի կողմից տները քանդելով գալիս էին, բայց մարդկանց նորից տուն էին տալիս էդ շրջակայքում: Մեր բախտն էտ հարցում չբերեց, քանի որ մեր շենքի տեղը որոշել էին պիոներ պալատ սարքել ու մեզ բնակարան առաջարկեցին կամ Բանգլադեշում, կամ Մասիվում: Մասիվ տեղափոխվելը միանգամից բացառեցինք: Գազանանոցի ճանապարհին շուռ եկած ավտոբուսի էն հայտնի դեպքից ազդված՝ մամաս կտրուկ դեմ էր Մասիվին: Արդյունքում որոշվեց, որ տեղափոխվում ենք Բանգլադեշ: Իհարկե, դա աքսոր էր: 1984-ին տեղափոխվեցինք, ես 6 տարեկան էի: Մեր շենքի ամբողջ շրջակայքում շինարարություն էր. մի շենքի հիմքն էին քցում, մյուսի կեսին էին հասել՝ ամեն տեղ աղմուկ էր, կեղտ ու փոշի: Փոշին դեղին էր՝ անապատի ավազի նման: Ինչ ասես կար՝ օձ, կարիճ, ահավոր քանակությամբ ճանճ: Էդ ժամանակվա Բանգլադեշը հիմիկվանինից, իհարկե, շատ տարբեր էր՝ չկար ասֆալտ, ծառ, խոտ: Բայց մինչև հիմա մեր թաղամասը փոշոտ ա:
Տրանսպորտն էր մեծ խնդիր նոր տեղափոխված ժամանակ: Հիշում եմ, որ ժողովուրդը առավոտ շուտ մեծ խմբով քայլում էր կանգառ: Կանգառն էլ Արգավանդում էր: Սովետի ժամանակ մեծ քարից կանգառներ էին սարքում՝ մի պատին մազայիկայով: Ճանապարհն ահագին էր, ոնց որ Փակ շուկայից քայլես Պուշկին-Մաշտոց խաչմերուկ: Բանգլադեշցիների մեծ մասը օգտվում էր 107 համարից: Կարծեմ դա «Զվարթնոցի» ավտոբուսն էր ու հասնում էր Օպերա: Իսկ Արգավանդը էն ժամանակ գյուղ էր, իրա ոչխարներով ու գյուղին հատուկ ուրիշ բաներով: Դե պատկերացրեք՝ կենտրոնից Բանգլադեշ տեղափոխված մարդու վիճակը, ով կանգառում 107-ին ա սպասում՝ ոչխարի գնդիկավոր արտաթորանքի կողքը կանգնած:
Ես դպրոց գնացի Բանգլադեշում, իսկ հենց իմ դպրոցի դիմաց կառուցում էին ռուսական դպրոց: Մեր թաղում շատ էին ապրում ռուս աֆիցերներ՝ շենք կար, ասում էին «աֆիցերների շենք»: Դա իրա դրական կողմերն ուներ, իհարկե. թաղում սիրունիկ ռուս աղջիկներ կային: Ռուսական դպրոցն էլ էդ էրեխեքի համար էին սարքում: Հետո աստիճանաբար մեր թաղեր էին տեղափոխվում ռայոններից, եսիմ որ գյուղերից: Էս մարդիկ բակերում սկսեցին բոստան պահել, իրանց հարկերում կաֆել խփել և այլն: Արդյունքում, ասենք՝ շենքի մի մասը կենտրոնից տեղափոխված մասսա էր, մյուս մասը՝ գյուղացիներ, մյուսներն էլ՝ անհայտ ծագման գեղցիներ, չխառնել գյուղացիների հետ: Պատկերացրեք՝ էս տարբեր ընտանիքների էրեխեքը միասին խաղում էին բակում, արդյունքում ստեղծվեց բանգլադեշցու տեսակը: Մինչև Բանգլադեշում ապրելս վատ խոսք չգիտեի՝ մաքսիմում կենդանական աշխարհի ներկայացուցիչներ թվեի: Հոյակապ Բանգլադեշը լեքսիկոնս զարգացրեց: Դպրոց գնալուց արդեն բոլ-բոլ վատ խոսքեր գիտեի: Ու սենց ինչ-որ մի տեսակ նոր խառնվածքով կենտրոն-գյուղ մասսա սկսեց ձևավորվել: Կենտրոնի բնակիչները ասում էին՝ «էս ո՞ւր ենք ընկել», գեղցիներն էլ՝ «էս ո՜ւր ենք ընկել»: Մի առիթով էլ Կարապետիչը ասել էր, որ շատ ա հարգում Բանգլադեշի ժողովրդին, որտև մեծ մասը ժամանակին Կենտրոնում են ապրել՝ էնտեղի լավ հասարակությունը տարբեր պատճառներով տեղափոխվել ա:
Մեր Բ2-ից տռասով բաժանված մի հատ տպարան կար, կողքը մի քանի հատ շենքերով: Դրան Անկախ մայլա էին ասում: Գնում էինք էդտեղ կապիռովկա թռցնելու: Բանգլադեշը շատ մեծացավ: Եռաբլուրի վրա էն ժամանակ հոյակապ, փառթամ անտառ էր: Մեջը մրգատու ծառեր էլ կային, ու դպրոցական տարիներին գնում էինք ցոգոլ ու թութ ուտելու: Հետո տեղ լիճ սարքեցին ու Վիշապաքաղ Վահագնի արձանը դրեցին: Հետո լիճը չորացրին ու արձանն էլ տեղափոխեցին՝ օդանավակայանի ճանապարհին դրեցին:
Մեր թաղում ծառեր շատ կային, մի 10-15 հատ մենակ ես էի տնկել մեր բակում: Հետո էն վատ տարիներին էդ ամեն ինչը վերացավ ու սկսվեց գառաժամանյան: Կոմունիզմի փլուզումից հետո էսթետիկ առումով Բանգլադեշը նորից հետ գնաց, նաև մարդկային մակարդակի անկում եղավ: Եթե սկզբում 70 տոկոսը Կենտրոնի նախկին բնակիչներ էին, սովետից հետո Բանգլադեշում տներ առավ մի հատ մասսա, որ առհասարակ բնակարաններում ապրելու մշակույթ չուներ:
Հիմիկվա տոնավաճառի տեղը սկզբում գոմեր են եղել: Իսկ տոնավաճառը սկսվեց վատ տարիներին: Սկզբում ով ինչ ասես վաճառում էր՝ լամպ, օճառ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուց մինչև Անդրանիկի արձանն ընկած հատվածում: Դրանից հետո մի քիչ վերև տեղափոխվեցին, ավելի հետո էլ գոմերը վերացրին, վերանորոգեցին մի քիչ ու դարձավ հիմիկվա տոնավաճառը: Հայտնի էր նաև Մալաթիայի շուկան, որ հիմա էլ կա, բայց էլ էն չի: Բայց դեռ մինչև հիմա էլ քաղաքում հայտնի ա Մալաթիայի շուկայի Ռոզայի քյուֆթան:
Ինձ համար թաղի հեղինակություն էր իմ պապան: Ինքը ֆուտբոլի տրեներ էր, ու իրան բոլորը գիտեին: Ինձ էլ հատուկ էին վերաբերվում, որտև գիտեին, որ իրա տղան եմ: Մեծ հեղինակություն էր, ու հիմա էլ ա, քավորս՝ Աշոտ ձյաձյան:
Շատ կռիվներ անում էինք հենց թաղի մեջ՝ Ռոբին Հուդ էինք խաղում, բայց էդ խաղը շուտ վերածվում էր արյունահեղության: Ամենաիսկական տփոցին սկսվում էր էն ժամանակ, երբ թաղամասը թաղամասի դեմ էր դուրս գալիս: Առանց չափազանցնելու՝ ամբողջ դպրոցով էինք գնում կռիվ ու էնքան էր ամեն ինչ մեկ-մեկ խառնվում իրար, որ հաճախ նույն թաղի մարդիկ իրար էին ծեծում սխալմամբ:
Պիոներ պալատ ունեինք, որտեղ ամեն տեսակի խմբակներ կային: Հետո կինո «Հայաստանը» կար ու դասից շատ էինք փախնում՝ գնում էինք կինո նայելու: Շատ պոպուլյար էր բասեինը, որի մուտքը 20 կոպեկ էր: Հիմա էլ կա նույն տեղում բասեին: Էն ժամանակ Վանո Սիրադեղյանը դրա մոտ մի հատ սամալյոտ էր բերել դրել ու սաղ դրա մոտ էին պայմանավորվում, ասում էին՝ «սամալյոտի մոտ»: Իսկական մեծ սամալյոտ էր, մեջն էլ կաֆե էին սարքել:
Հիմա ինչ-որ աշխուժություն կա: Անդրանիկի արձանի մոտ կարուսելներ են դրել: Հատկապես ամռանը մարդիկ շատ են էդ տարածքում զբոսնում՝ սիրահար զույգեր, ընտանիքներ, շարքերով հղիներ. սրճարան են նստում, էրեխեքին են հանում ման տալու: Եթե տասը տարի առաջ մի տեսակ ամոթ էր ու էն չէր թաղի սրճարաններում նստել, հիմա դա արդեն վերացել ա: Մշակութային առումով էլ աշխուժություն կա, քանի որ նախ լավ խմբակ-ներ կան Բլեյանի դպրոցում, հետո մի հատ էլ գեղագիտական կենտրոն կա երեխաների համար:
Իմ համար հիշված թաղային իրադարձություն ա եղել զորավար Անդրանիկի աճյունի տեղափոխումը Եռա-բլուր: Բոլոր բանգլադեշցիներն էլ մի տեսակ ոգևորված էին էդ փաստով: Աշոտ ձյաձյան ասեց՝ «գնամ Անդոյի թաղմանը»:
Մի հատ էլ վատ առիթ կար, որ ցնցեց Բանգլադեշցիներին: Եղբորս հետ բալկոնից նայում էինք, մեկ էլ տեսնենք ժողովուրդը փախնում ա: Էդ արդեն էն ժամանակներն էին, որ Օպերայի դիմաց միտինգներ էին կազմակերպվում: Օդանավակայանում ռուսական բանակ էին իջացրել միտինգները ճնշելու համար, ու մարդիկ եկել էին, որ փակեն դեպի քաղաք բանակի ճանապարհը: Բա-նակը հարձակվել էր մարդկանց վրա ու սկսել էին ջարդել:
Անձնագիր
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը զբաղեցնում է 2539 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 11.2%-ը։ Բնակչությունը 141.5 հազար է, Երևանի բնակչության 12.68%-ը։ Մալաթիա-Սեբաստիան աչքի է ընկնում համեմատաբար տաք կլիմայով ու ձանձրալի թաղամասային անվանումներով՝ Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4, Արարատյան մասիվ:
Լեգենդ
Բանգլադեշում դեռ խորհրդային տարիներից մի լեգենդ է ապրում: Ասում են, կենտրոնում ապրող մի մարդ, երբ իմանում է, որ իրեն տուն են տվել այդ թաղերում, վրդովված նամակ է գրում Բրեժնևին: Մասնավորապես նշում է, որ նա պատերազմի մասնակից է ու որ խնդրում է նորմալ տեղում հատկացնել իր համար բնակարան: Որոշ ժամանակ անց պատասխան է գալիս, որ Խորհրդային Միության քաղաքացուն իսկապես պետք է բնականարան հատկացվի ԽՍՀՄ տարածքում, այլ ոչ թե այլ պետություններում:
Երգերում ու գրականության մեջ
Մալաթիայի փողոցը, ուր ես ապրում եմ,
Մանկան անվարժ ձեռքի խզբզանք է,
տները աքսոր քշվողներ են.
նայում են փլչող հայացքով,
կողպած իրենց ներսը,
իսկ բարձրահասակ դուրսպրծուկները
չեկիստներ են քաջ,
որ քշում են սրանց
սատանայի հերյուրած մեղքերի համար։
— Ղուկաս Սիրունյան, 1995
Դու մեր համայնք
Սեր ու հմայք
Շատ հարազատ մեր սրտին
Տունն ես մեր նոր
Տունն ես մեր հին
Տարիներ, որ քայլեցինք միասին,
Դու մեր ներկա
Ու ապագա տունը մանուկների
Մալաթիա-Սեբաստիա այգիներդ ծաղկուն
Ուր ծիծաղն է մանկան թևածում
Շենացիր ու մնա լուսավոր ու կանգուն
Մենք քո շնչով ենք ապրում:
— Րաֆֆի, Գոռ, Եվա, Հովհաննես «Մալաթիա-Սեբաստիա», 2013