Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական պայքարի համատեքստում Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները գնալով սրվում են: ԱՄՆ-ն սպառնում է Ռուսաստանին լուրջ տնտեսական՝ ոլորտային պատժամիջոցներով և առկա պատժամիջոցների խստացմամբ և ընդլայնմամբ, մինչդեռ առայսօր Ռուսաստանը բացի սպառնալուց, կարծես այդքան էլ լուրջ քայլերի չէր դիմում: Չնայած արդարության համար պետք է նշել, որ Ռուսաստանը վերջին շրջանում ևս սկսել էր պատժամիջոցների կիրառել ամերիկացի մի շարք ինչպես նաև առհասարակ արևմտյան բլոկի քաղաքական գործիչների և գործարարների հանդեպ, որոնք հիմնականում դրևորվում են մուտքի արգելման տեսքով: Վերջին դեպքերը, սակայն, ցույց են տալիս, որ Ռուսաստանը ևս պատրաստակամ է ծանրակշիռ ազդեցություն ունեցող քայլեր ձեռնարկել Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի նկատմամբ:
Այդ երկրի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, ով, ի դեպ, համարվում է Պուտինի ամենամտերիմ մարդկանցից մեկը, ինչպես նաև Ռուսաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը հայտարարել է, որ Ռուսաստանում հունիսի 1-ից դադարեցվում է ամերիկյան «Գլոբալ դիրքորոշման համակարգի» (GPS) աշխատանքը: Վերջինս նշել է, որ երկրի տարածքում գործում է 11 ամերիկյան կայան, որոնց աշխատաքները կդադարացվեն, եթե Ռուսաստանը համաձայնության չգա ԱՄՆ-ում «Գլոնաս» (Глобальная навигационная спутниковая система - ГЛОНАСС) արբանյակային համակարգի վերգետնյա կայանների տեղաբաշխման հարցի շուրջ: Նշենք, որ սրանք էլ Ռուսաստանի կողմից ստեղծված ամերիկյան GPS-ին համարժեք համակարգ է, որի տեղադրումն իր տարածքում ԱՄՆ-ն առայսօր թույլ չի տալիս:
Թեմայի շրջանակներում նշենք նաև, որ նույն ինքը` Դմիտրի Ռոգոզինը, նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է վերանայել իր դիրքորոշումը և չվաճառել ԱՄՆ-ին «РД-180», ինչպես նաև К-33 հրթիռային շարժիչներ` «ելնելով ստեղծված իրականությունից», առավել ևս, եթե, ըստ վերջինիս, դրանք չեն օգտագործվելու քաղաքացիական նպատակներով: Ռոգոզինը նաև ասել է, որ իրենք նաև չեն պատրաստվում արդեն իսկ վաճառված շարժիչների համար շարունակական տեխնիկական սպասարկում իրականացնել: Հարկ է նշել, որ վերոնշյալ շարժիչները շատ մեծ կարևորություն ունեն ԱՄՆ-ի համար, որն օգտագործում է դրանք հրթիռակիր «Atlas 5»-ի շահագործման համար:
Մի խոսքով, ինչպես երևում է, Ռուսաստանը ևս սկսում է «ատամներ» ցույց տալ ԱՄՆ-ին: Անկասկած, հարաբերությունների զարգացման առկա միտումը շատ վատ է, քանի որ ինչքան կողմերն իրարից ավելի շատ մեկուսանան, այնքան ավելի քիչ կհամագործակցեն, որն էլ իր հերթին կհանգեցնի փոխադարձ անվստահության և գլոբալ լարվածության: Դրանից հետևություն, որ Ուկրաինական ճգնաժամի լուծումը պետք է օր առաջ լուծվի և բնավ ոչ միայն ուկրաինացիների համար: Շատ փորձագետներ այսօր կանխատեսում են նոր սառը պատերազմ: Եթե հաշվի առնենք իրադարձությունների նման զարգացումը, ապա, դժբախտաբար, տեսնում ենք, որ դրան հասնելու համար աշխարհը կանգնած է բավականին «ճիշտ ուղու» վրա: Այնպես որ, կողմերը` Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, պետք է կրկնապատկեն իրենց ջանքերը և լրջորեն զբաղվեն Ուկրաինայի հարցով, որպեսզի մի երկրի պատճառով աշխարհը, ցնցումների ուղեկցությամբ, շեշտակի վերադասավորումների միջով չանցնի: