Երիտասարդ լուսանկարիչ Ալեքսանդրա Սոֆին համարում է, որ իր միակ զենքն իր ֆոտոխցիկն է: Նրա լուսանկարները մեզ տանում են բոլորովին այլ աշխարհ՝ գեղեցիկ ու սյուրռեալիստական: Ալեքսանդրան բնակվում է Փարիզում և Ֆիջիում: Նա հաճախ է ճանապարհորդում աշխարհով մեկ և իրականացնում է տարբեր ֆոտոնախագծեր: Նա դեռևս մանկուց է զբաղվել լուսանկարչությամբ: Ալեքսանդրան երկարատև հիվանդության պատճառով կիսատ թողեց ուսումը և սկսեց պրոֆեսիոնալ գործունեություն ծավալել լուսանկարչական ասպարեզում: Նրա՝ «ֆեյշն» ժանրի լուսանկարներից շատերը հրատարակվել են Vogue և Elle ամսագրերում: Դրանք նաև զարդարել են տարբեր գրքերի շապիկները: Նրա առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2010 թ.-ին Ֆրանսիայում: Այն մեծ հաջողությամբ պսակվեց և դրանից հետո Ալեքսանդրայի աշխատանքները ցուցադրվեցին Լոնդոնում, Փարիզում ու Բելգիայում: 2011 թ.-ին Ալեքսանդրան որդի ունեցավ: Որդու ծնունդը ոգեշնչեց նրան, և միայն նպաստեց նրա ստեղծագործական ուղու բուռն ընթացքին: Նա արժանացավ մի շարք հեղինակավոր մրցանակների և ուղևորվեց շուրջերկրյա ճանապարհորդության, որի ընթացքում էլ սկսեց աշխատել «Ռեբուս» ֆոտոնախագծի իրականացման ուղղությամբ: Ալեքսանդրայի լուսանկարներում վառ կերպով արտացոլված են մարդու կապը բնության հետ, գեղեցիկի ձգտումը և կանացի հմայքը: Նա ասում է, որ լուսանկարչությունը իր համար ինքնաարտահայտման միջոց է: Ստորև ներկայացված են այս շնորհալի լուսանկարչի ստեղծագործություններից մի քանիսը: Հուսով ենք, որ դրանք Ձեզ դուր կգան:























