Այս գրառման մեջ փորձեցի ներկայացնել մի քանի տեսանյութ, թե ինչպես են արտասահմանյան ընկերությունները կապ պահում իրենց հաճախորդների հետ և նրանց պարգևում հաճելի պահեր: Ճիշտ է, դեռ մեզ մոտ չի կատարվել նման ակցիաներ, բայց հավատացեք, յուրաքանչյուր նման հետաքրքիր քայլ մեծ արձագանք է ունենալու: Նման մի քայլ էլ կատարել էր Կոկա-կոլան, որի տեսանյութը կարող եք դիտել այստեղ :
1. Մելբուռնում՝ Ավստրալիա, Fantastic Delites –ը տեղադրել էր վենդինգային սարք, պարզ, բայց շատ արդյունավետ: Առևտրի սրահում ներկայացվել էր սարք, որն անվճար բաժանում էր ընկերության արտադրանքը՝ կռեկերներ: Սակայն այս անվճար կռեկերներին տիրանալու համար մարդիկ փորձության էին ենթարկվում: Առաջին տուփի համար նրանք պետք է կոճակը սեղմեին 100 անգամ, երկրորդին` 200 և այդպես շարունակ, մինչև 5000-ը: Այնուհետև մեքենան սկսում էր ծաղրել մարդկանց և դրանից հետո անվճար նվիրել կռեկեռները: Այստեղ նույնպես շատ հնարամիտ քայլ էին մտածել, քանի որ տեսանյութը դիտելուց հետո մենք պարզ տեսնում ենք, թե քանի մարդ է հավաքվում, դիտում, զվարճանում ու քանի ընկերոջ է պատմելու այս ակցիայի մասին: Իսկ YouTube-ի դիտումներն ու համաշխարհային արձագանքն արդեն իսկ ենթադրվում է, որ շատ մեծ է լինելու: Տեսանյութի տևողությունն է 3.45 րոպե՝
2. Հետաքրքիր ակցիա էին մտածել NAB-ի՝ National Australian Bank –ի մարքեթոլոգները, որը տեղի ունեցավ Ավստրալիայի առևտրի սրահներից մեկում: Նպատակը վիրուսային գովազդն էր, որը պետք է տարածվեր YouTube-ում, ինչը կարծում եմ իսկապես հաջողվել է, քանի որ հսկայական աշխատանք էր կատարվում վայրկյանների ընթացքում: Ակցիան հետևյալն էր.
Հարկավոր էր գտնել ամենաազնիվ մարդկանց, ուստի աշխատակիցները առևտրի սրահի մուտքի մոտ թողնում էին ակնոց, և գաղտնի նկարահանում էին գործընթացը: Հենց որևէ մեկը ակնոցը բերում էր տեղեկատուի մոտ, գործը սկսվում էր, նրան գաղտնի լուսանկարում էին, իմանում անունը և ամբողջ առևտրի սրահում տեղեկություններ էր տարածվում այդ մարդու մասին, նրա անունով անգամ տորթ էր ներկայացվում վաճառքի՝ որպես ամենաազնիվ հաճախորդ: Պատերացնու՞մ եք քանի դիտում կլինի YouTube-ում, քանի մարքեթինգային բնույթի կայքեր ու բլոգներ կներկայացնեն այս ակցիան: Դիտեք տեսանյութը 2.07 րոպե տևողությամբ՝
3. Direct mailing. Երևի թե իմ տեսած ամենաիդեալական ուղղակի նամակագրության օրինակներից է: Կանադական Pfaff ավտոդիլերը իրականում մի քայլ կատարեց, որը դեռ ոչ ոք չէր իրականացրել: Porsche Carrera 911 S մեքենայի գովազդի համար նրանք ընտրեցին ուղղակի մարքեթինգը: Սկզբում ընտրել էին քաղաքի ամենահարուստ թաղամասերն ու այն ընտանիքներին, որոնք իրենց կարող էին թույլ տալ գնել Porsche Carrera 911 S: Այնուհետև մեքենան կանգնեցնում էին յուրաքանչյուր տան դիմաց ու նկարում այն: Վերջում այդ նկարները տպում էին և ուղարկում հասցեատիրոջը: Նպատակը հետևյալն էր. Տեսեք, թե ինչ շքեղ տեսք ունի այս մեքենան Ձեր բակում, որից հետո կարծում եմ՝ այդ մարդկանց մոտ ցանկություն կառաջանար իրականում այդ մեքենան կանգնեցնել իրենց բակում: Դիտեք, Direct mailing-ի հիանալի օրինակ 1.19 րոպե տևողությամբ`
Հ.Գ. Ինչպես ասել է համաշխարհային գիգանտներից մեկի՝ Wal-Mart-ի հիմնադիր Սեմ Ուոլտոնը, Սիրեք Ձեր հաճախորդներին, քանի որ նրանք կարող են Ձեզ միլիարդատերից սարքել հասարակ բեռնակիր: