girl-boy-LՍտացվել է այնպես, որ աշխարհի երեսին կա ընդամենը երկու սեռ՝ իգական, արական, այս սեռերը հանդիպում են թե՛ կենդանիների, թե՛ միջատների և նույնիսկ մարդկանց մոտ: Արական սեռի ներկայացուցիչների համար իգական սեռն է անհասկանալի և բարդ, իսկ իգականի դեպքում՝ հակառակը: Ինչևէ, անցել են հազարամյակներ, երբ ստեղծվել են սեռերը, սակայն, քաղաքակրթության զարգացման հետ մեկտեղ, չեն զարգացել այս սեռերի փոխհարաբերությունները: Միշտ ինչ-որ կռիվներ, անհասկանալի երևույթներ, որոնք մի կողմից ավելի են ամրապնդում սեռերի առանձնահատկությունները, մյուս կողմից էլ մարդուն հասցնում են ընդհուպ մինչև գժանոց: Խոսեցի սեռերի մասին, ասեմ թե ինչու: Վերջերս կարդացի երկու շատ տարբեր ստեղծագործություններ, որոնք պարզվում է ունեն զուգահեռներ: Առաջինը՝ Օրասիո Կիրոգայի «Ադամանդը», երկրորդը՝ Գրիգոր Զոհրապի «Զաբուղոն»:
«Ադամանդը»-ը ստեղծագործությունը իրենից չէր ներկայացնում ենթատեքստով բարդ գրվածք, սակայն իր պարզությամբ պարունակում էր միտք, որը մտածելու տեղիք էր տալիս: Կին՝ գեղեցիկ, խելացի, երիտասարդ. տղամարդ՝ կայացած, ոսկերիչ, բարետես: Երկու սեռ, երկու համակեցություն: Սկզբում թվում էր, թե ամեն ինչ հիանալի է, գեղեցիկ նվերներ, թանկարժեք իրեր: Սակայն եկավ ժամանակը, երբ ամեն ինչ կորցրեց իր արժեքը: Սիրո բացակայությունը, նյութապաշտությունը բերեց մահվան ելքով ավարտի: Կինը գերված լինելով նյութականից՝ ուշադրություն չէր էլ դարձրել բնավորության, մտքի վրա: Ինչպես ասում են, ընկել էր՝ պետք է քաշեր. ամուսինը լինելով գիժ՝ իր կնոջն էր դարձրել հիվանդ և վերջում սպանել: Իրականում այս ստեղծագործությունը շատ արդի է մանավանդ 21-րդ դարում, երբ ամեն ինչ կառուցված է նյութականկի վրա՝ նույնիսկ զգացմունքները: Մեր օրերում էլ կան աղջիկներ, ովքեր ինքնամոռաց զգում են գումարի հոտը և, բթացնելով զգացմունքները, շարժվում բնազդով: Իսկ ապագայում անպայման իրենց սպասվում է դժբախտությունը, որովհետև նույն փողը կորցնում է իր արժեքը, երբ լինում է միշտ:
Հակառակ պատկեր էր երկրորդ ստեղծագործության մեջ՝ «Զաբուղոն». գրվածքը գեղեցիկ, և ռոմանտիկ զգացմունքի մասին է, որտեղ մոռացված է նյութականը, նույնիսկ կարգավիճակը:
Սիրահարված զույգեր, որոնց չէր պահում մեծ արգելքը, բանտը: Տղան, լինելով բանտում, կարողանում էր տեսնել իր սիրեցյալին միյան ուշ ժամերի, իսկ հերոսուհին, կորցրած իրեն, գնում էր իր սիրո ետևից: Սակայն արգելքները շատ էին, որ ռոմանտիկան դիմանար դրանց: Եկավ ժամանակը, որ ազատության մեջ գտնվող աղջիկը ի վերջո հանեց վարդագույն ակնոցը և գնաց ստանդարտ ճանապարհով, փորձեց սիրել մեկ ուրիշի: Չեմ ցանակնում ծավալվել և պատմել ստեղծագործությունների մասին, դրանք կարող եք կարդալ ինքներդ:
Ես այդքան էլ ռոմանտիկ չեմ, չեմ հավատում ինքամոռաց սիրուն, կարող ես սիրել, սակայն չես կարող տրվել, եթե կան այնպիսի արգելքներ, որոնք թվում են, թե փոքր են, բայց իրականում մեծ լինելով, արգելում են միությունը, իսկ եթե միություն չի լինում ժամանակի ընթացքում սերն էլ կորում է: Ստեղծագործություններում հանդիպեցի երկու տարբեր կանանց, որոնք ունեն տարբեր աշխարհայաքցներ, որոնց տարբերությունը այն էր, որ առաջինի դեպքում միասնությունը սկսվում է շահից, ավարտվում մահով, իսկ երկրորդի դեպքում սկսվում սիրով, ավարտվում շահով:
Ի վերջո, արական սեռի ներկայացուցիչները ճիշտ են ասում, որ կանանց հոգեբանությունը հասկաանալու համար մեկ կյանքը բավական չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել