Այնպիսի ոգևորությամբ էինք սպասում, թե երբ են վարչապետ Տիգրան Սարգսյանին ազատելու աշխատանքից, որ կողքից նայողը կարող էր ասել. «Այ հիմա Տիգրան Սարգսյանը կհեռանա և նրա տեղը զբաղեցնողը կփրկի Հայաստանը կործանումից»:
Տիգրան Սարգսյանը հեռացավ, եկավ Հովիկ Աբրահմյանը ու ի՞նչ…: Պատասխանը երկար սպասել չի տա, քանզի ոչինչ էլ չփոխվեց և չէր էլ կարող փոխվել, քանի որ Տիգրան Սարգսյանի կաբինետը գրեթե նույնը մնաց: Իհարկե, նոր վարչապետի կառավարման 100 օրը դեռ չի լրացել, բայց արդեն իսկ կարելի է ենթադրել, որ նրա կաբինետը աշխատում է նույն ոճով, ինչ աշխատում էր Տիգրան Սարգսյանի օրոք: Այլ կերպ չէր էլ կարող լինել, օրինակ՝ ինչ նոր մոտեցումներ մենք կարող ենք ակնկալել խոսքի, օրինակ, Գագիկ Բեգլարյանից կամ Գագիկ Խաչատրյանից, կամ այլ նախարարներից: Պետք է կույր չլինել և հասկանալ, որ նրանք չեն պատրաստվում փոխել իրենց ոճը, քանզի նոր վարչապետի կողմից ոչ մի գնահատական չի հնչել, թե նրանք ինչպես են աշխատել Տիգրան Սարգսյանի օրոք, ուստի նրանք էլ մտածում են հետևյալ կերպ. «Փաստորեն այն ժամանակ լավ էլ աշխատել ենք, թե չէ ի՞նչ էին մեզ վերանշանակում այս պոստերին, դժգոհ լինեին՝ կասեին»: Եվ հիմք վերցնելով այս ամենը, նրանք շարունակում են նույն ռիթմով աշխատել, նույնիսկ զլանալով, ինչ-որ նորանոր գործառույթներ մտցնեն իրենց աշխատանքային առօրյայում: Ամեն ինչ իր տրամաբանական հունով է գնում և ոչ ոք չի պատրաստվում «Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել»:
Ուղղակի հարց է ծագում, երբ երկրի բարձրաստիճան այրերը խոսում էին տարբեր ոլորտներում (ի դեպ, այն ոլորտներում, որոնց այն ժամանակվա ղեկավարները մնացին իրենց պաշտոններում) ատկատների, չարաշահումների մասին, չէին մտածում, որ գոնե ձևի համար, ժողովրդական լեզվով ասած, պետք է գոնե վինովնիկներ գտնեին և հանրությանը մատուցեին նրանց, թե չէ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ ատկատները, չարաշահումները կատարել են ոչ թե կոնկրետ մարդիկ, այլ ուրվականներ…:
Հ.Գ. Քանի գնում ենք համոզվում ենք, որ մեծն պոետ Հովհաննես Թումանյանը հիրավի իմաստուն խոսքեր է ասել` օրեր են, կմթնեն, անց կկենան…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=522094644569460&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել