Սահմանի այս հատվածն այսպես էլ կոչվում է` «բոզի կալգոտկա»: Այստեղ դաժան մարտեր են եղել. թե հայկական, թե ադրբեջանական կողմերը տվել են մեծաթիվ զոհեր:
Ամենադաժանը 1994-ին էր: Ադրբեջանական զորամիավորումները ականանետների եւ հրետանու արկերով տեղանքը դարձրել էին ցանց` ամենուր փոսեր էին: Այն նման էր ցանցավոր զուգագուլպայի (կալգոտկա): 1990-ականներին Երեւանում ցանցավոր զուգագուլպաները մոդայիկ էին, դրանք տարածված էին հատկապես մարմնավաճառների շրջանում, եւ այդ տարիներին կրկեսի մոտ երեկոյան ժամերին կարելի էր հանդիպել ցանցավոր զուգագուլպաներով այդ կանանց` մարմնավաճառներին: Եվ տղաներից մեկն այս տեղանքը նկարագրելիս այն նմանեցրել է հենց այդ ցանցավոր զուգագուլպային` «բոզի կալգոտկային»: Անվանումը «կպել է» սահմանի այս ամենավտանգավոր հատվածին ու պահպանվել առայսօր:
Ղարաբաղում ու Հայաստանում շատերն են լսել այս տարածքի, այստեղի մարտերի, զոհերի մասին: Հայ-ադրբեջանական սահմանի ամենամոտ դիրքերն են: Հայ եւ ադրբեջանցի զինվորներն իրարից հեռու են երեսուն մետրով: Երբ դիտակետից նայում էի ադրբեջանցիների դիտակետին, թվաց՝ այնտեղից էլ ինձ են նայում եւ մի պահ աչքերս կկոցեցի այդ զգացողությունից: Իսկ երբ հրամանատարին զգացողությանս մասին պատմեցի, ծիծաղեց: «Նույն բանը շատերն են զգացել», -ասաց նա:
«Բոզի կալգոտկան» հեռվից ցցված է վարելահողերի մեջտեղը: Մի կողմից՝ Չայլու, մյուս կողմից՝ Թալիշ գյուղերի անմշակ հողերն են: Մինչեւ պատերազմը այստեղ կանաչ էր, ոռոգովի հողատարածքներ էին, հիմա ջուր չի հասնում, եւ ամբողջ տեսադաշտը դեղնած խոտածածկ է: Տեղ-տեղ դեղնությունը հատում են խրամատները:
Բարձունքը կիսել են հայկական եւ ադրբեջանական զորքերը, կիսել- խրամատավորվել են` դեմ-դիմաց, նույն հարթության վրա:
Առաջնագիծ հասնում ենք մի քանի հարյուր մետր քայլելուց հետո: Այստեղի զինվորները մի տեսակ առանձնանում էին, ավելի հանգիստ, հասուն էին, նույնիսկ նրանց շարժումներն էին ուրիշ: Մտածում եմ` երեւի ընտրովի են այստեղ բերում: Որովհետեւ այստեղ ոչ մի րոպե չես կարող ուշադրությունից դուրս թողնել դիմացի դիրքերը: Այս զինվորները զորացրվելուց հետո չգիտեմ պատմելո՞ւ են, թե որտեղ էին իրենք ծառայում՝ երեսուն մետր հեռավորության մասին պատմելո՞ւ են:
Տղաների մեջ չկային «գլուխգովան» տեսակից: «Տղաներին բոլորին պետք է պարգեւատրել»,- միանգամից անցնում է մտքովս: Տղաների այս տեսակի մասին չեն գրում, չեն պատմում, իրենք էլ խոսողներից չեն: «Այսպիսի զինվորների կնախանձեր ցանկացած պետություն»,- հետո մեր զրույցում ասում է դիվիզիայի հրամանատար Կամո Վարդանյանը:
Զրուցում եմ զինվորների հետ, տարբեր վայրերից են: Հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների տղաների կարող ես հանդիպել առաջին գծում: Մի քանիսի հայրերն արտագնա աշխատանքի են մեկնել: Չգիտեմ, երբ այս խավի մարդկանց եմ հանդիպում, հասկանում եմ, որ սահմանների պաշտպանությունն ապահով է: «Ինչ լավ է, որ պաշտոնյաների երեխաներ չկան այստեղ, թե չէ ամեն ինչ կփչացնեին»,- մտածում եմ:
«Բոզի կալգոտկայում» է «ծնվել» ադրբեջանցիների ազգային հերոսը` Մուբարիզ Իբրահիմովը: Ադրբեջանական բանակի ենթասպան 2010 թ. հուլիսին դիվերսիոն գործողության ընթացքում սպանվել է հենց այստեղ: Իլհամ Ալիեւը Մուբարիզ Իբրահիմովին հետմահու «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում է շնորհել: Կոչումը շնորհվել է «Ադրբեջանի անկախության ու տարածքային ամբողջականության պաշտպանության ժամանակ դրսեւորած բացառիկ քաջության համար»: Իսկ հայ զինվոր Արտակ Ղաբուզյանն էլ նրան ոչնչացրել է Ղարաբաղի անկախության ու տարածքային ամբողջականության պաշտպանության ժամանակ: Արտակ Ղաբուզյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Արիության», իսկ ԼՂՀ նախագահի հրամանագրով`«Մարտական ծառայության» մեդալներով: Իսկ Հայաստանի կառավարությունը սոցիալապես անապահով Արտակ Ղաբուզյանի 5 անձից բաղկացած ընտանիքին հատկացրել է 3-սենյականոց բնակարան: |
Այստեղի ճանապարհներն էլ են փոխվել, դարձել են զինվորական ճանապարհներ, զինվորական մեքենաներ են միայն անցնում: Այս ճանապարհները տրորում են միայն զինվորական կոշիկները: Մի մասն էլ նոր կառուցված ճանապարհներ են՝ թշնամու գնդակների համար անհասանելի հատվածներով: Ամենուր պաշտպանական կառույցներ են, փշալարեր, թաքստոցներ, զրահատեխնիկայի համար անանցանելի խորխորատներ...
Թիկունքում` հեռվում, երեւում են ձգվող լեռներն ու անտառները, իսկ դիմացը հարթավայրն է՝ շոգ ու փոշոտ հուլիսյան դեղնած հարթավայրը:
Եվ զինվորների մասին բազում պատմություններ, որոնց մեծ մասը մնում է այստեղ՝ այս ճանապարհներին, խրամատներում, հավերժական փոշու քուլաներում: Այստեղից քիչ հեռու Արաբոյի տղերքն են ծուղակի մեջ ընկել, այստեղ բերող ճանապարհին է ականի վրա պայթել «26-ի Յուրան», հարյուրավոր զոհեր են եղել «Բոզի կալգոտկայում» եւ դրա շրջակայքում:
Սրբի անկյուն
Դիրքում մի տեղ «Սրբի անկյունն է»: Տղաներից ամեն մեկը մի «սուրբ» բան է դրել այս անկյունում: Գումարտակի շտաբի պետը՝ Արթուր Մկրտչյանը, վեց տարի այստեղ է ծառայում: Չարենցավանցի է, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ուսումնարանն ավարտելուց հետո նշանակվել է այստեղ ու մնացել: Նա էլ իր զինվորների նման քիչ է խոսում: «Սրբի անկյունի» գլաքարերից մեկի վրա փորագրված է. «3-ի Ռազվեդկա Աստված ձեզ պահի պաhպանի»: Սովորաբար, գործողությունից առաջ տղերքն այստեղ մի քանի վայրկյան կանգնում են լուռ, հետո՝ շարժվում: Տղաներից մեկն ասում է, որ դիրքն ընդունելիս իրենք էլ են գնում «Սրբի անկյուն»:
Երիտասարդ նորակոչիկ Արմանը ՀՀ Ոսկեվազ գյուղից է, նայում է ադրբեջանական դիրքերին, որոնք տեղակայված են Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում գտնվող Մատաղիսի զորամասի իր դիրքից 30 մետր հեռավորության վրա | Կապիտան Արթուր Մկրտչյանը արդեն 5 տարի Մատաղիսի դիրքերից մեկի հրամանատարն է, հանգստանում է բլինդաժում: ԼՂՀ: |
Արմանը Ոսկեվազ գյուղից է: Արդեն մեկ տարի է՝ ծառայում է: 14 օր նա դիրքում է մնում, իսկ հետո 14 օր՝ զորանոցում: Նա նոր էր վերադարձել արձակուրդից: Արմանը բարձրահասակ է եւ հենակետում գլուխը տեղ-տեղ ստիպված իջեցնում է: Քչախոս է, դիրքի տղաները իսկապես քչախոս են, նրանք հարցերիս պատասխանելիս էլ անընդհատ դիտակետից դուրս էին նայում: «Էստեղ դժվար չի՞»,- հարցնում եմ Արմանին: «Դժվարություններին հարմարվել ենք», -պատասխանում է: Հարցնում եմ` ինչպե՞ս ես դիմանում: Նույն պատասխանը. «Դե, արդեն հարմարվել ենք»: Ես զգացի, որ հարցերովս խանգարում եմ, նա հայացքը դիտակետից չէր ուզում կտրել:
Դիրք ուղեկցում է հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Ալիկ Սարգսյանը: «Վիլիսը» սլանում է դաշտով՝ իր հետեւից թողնելով փոշու թանձր ամպ: Զիվորականներն արագ են վարում, դժվար է գտնել մի զինվորականի, որ դանդաղ վարի մեքենան: Հրամանատարի տեղակալն ասում է, որ տեղ-տեղ թշնամու համար հասանելի ենք, այդ պատճառով է արագ վարում, բայց ես գիտեմ, որ իրենց մոտ սովորություն է, պարզապես ավելորդ ժամանակ չեն ուզում ծախսել ճանապարհներին: «Սրանք ապագայի համար կենսական տարածքներ են»,- նայելով տափաստանի կողմը՝ ասում է հրամանատարի տեղակալը: Այնքան էլ հասկանալի չէր՝ նա նկատի ուներ ճանապարհից աջ ու ձախ ընկած տարածքնե՞րը, թե՞ հեռուն ձգվող տափաստանը: Հրամանատարի տեղակալը պարբերաբար զգուշացնում էր` այստեղ չնկարել, այս հատվածում չի կարելի նկարահանումներ կատարել:
«Հինգերորդ բրիգադն այստեղ է ձեւավորվել, կռիվների ընթացքում»,- ասում է Ալիկ Սարգսյանը: Մինչեւ դիրքեր հասնելը հրամանատարի տեղակալը հասցնում է ներկայացնել ղարաբաղյան շարժումը՝ սկզբնավորումից մինչեւ մերօրյա պատմությունը:
Պատմում է, թե ինչպես է ուսանողական շարժմանը մասնակցել, այնուհետեւ այստեղ գտնվող խորհրդային բանակի զինվորները նրան բռնել են եւ հանձնել ադրբեջանական ՕՄՕՆ-ին: Նա մեկուկես տարի (1990-92 թթ.) անցկացրել է գերության մեջ, հետո փոխանակել են ադրբեջանցի գերիների հետ: «Սա իմ հողն է եւ պաշտպանում եմ, ուրիշ բանաձեւ չկա»,- ասում է Ա.Սարգսյանը: Ավելացնում է, որ ինքը Ինտերպոլով հետախուզվում է, բայց չգիտի՝ ինչի համար: «Այստեղից ուրիշ տեղ չեմ կարող գնալ»,- ասում է հրամանատարի տեղակալը:
Ալիկ Սարգսյանը չի ընդունում կուuակցական խաղերը, միշտ դեմ է եղել դրանց: Ասում է՝ 1992-ին դա շատ վատ է ազդել: «Երեւանի ասֆալտներում չեն հասկանում, թե մի փոքր վեճը ինչի է բերում այստեղ: Շահումյանը, Մարտակերտը ընկան հենց այդ խաղերի պատճառով, ոչ թե թշնամու ուժեղ լինելու»,- համոզված է Ա. Սարգսյանը:
Ուշ գիշեր է, բարձրանում ենք «Եղնիկների» դիրքերից մեկը` Տիգրանին տեսնելու: Նա պառկած էր բլինդաժում, հանգստի երկու ժամերն են, քնում է, որ երկու ժամ հետո նորից հերթապահության կանգնի: Տղերքից մեկը փորձում է նրան արթնացնել, բայց իզուր, նա շրջվեց մյուս կողմի վրա: Իսկ դիրքերում թանձր մութ էր, մի քանի բառ փոխանակելուց հետո հրաժեշտ եմ տալիս զինվորներին ու մտքումս շշնջում` Աստված պահպանի ձեզ, տղերք:
ՀԵղ՝ Էդիկ Բաղդասարյան
Ֆոտոպատմությունը` այստեղ:
Լուսանկարները` Սառա Անջարգոլյանի
Նյութը՝Hetq.am-ից