Մայիսյան տոները կարծես մի քիչ ստվերել են Ուկրաինական հակամարտության շուրջ հետաքրքրությունը: Ինչպես երևում է, այդքան էլ շատ չեն դրա վերաբերյալ մեկնաբանություններն ու գնահատականները: Ինչևէ, նշենք, որ վերջին շրջանում տեղի ունեցող բախումները Ուկրաինայի բանակի և այդ երկրի հարավ-արևելքում կազմավորված զինյալների (դաշնայնացման կողմանկիցների) միջև շարունակվում են և դեռ մի բան էլ ընդլայնում իրենց աշխարհագրությունը: Վերջին օրերին Սլավյանսկի, իսկ դրանից առաջ մի շարք այլ քաղաքների քաղաքային խորհուրդների շենքերը գրոհելուց հետո, ուկրաինական բանակն այս գիշեր գրոհել է Մարիուպոլի քաղաքային խորհրդի շենքը: Գրոհելը գրոհել, բայց, ըստ տարածված տեղեկատվության, այդ գրոհի ընթացքում գրանցվել է այնպիսի մի երևույթ, որը կարող է շրջադարձային դառնալ ամբողջ ճգնաժամի համար` ծայրաստիճան կերպով սրելով իրավիճակը:
Դոնեցկի «ժողովրդական նահանգապետ» Պավել Գուբարևը հայտարարել է, որ քաղաքային խորհրդի պաշտպանները տուժել են քիմիական զենքից: Ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» ղեկավարությունն արդեն պաշտոնապես արձագանքել է այդ դեպքին՝ պատահածի ամբողջ պատասխանատվությունը դնելով Կիևի վրա: Դոնեցկի իշխանությունները նաև կոչ են արել Ռուսաստանին դիմել քիմիական զենքի արգելման կազմակերպություն` Մարիուպոլում Կիևի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման փաստի վերաբերյալ ամբողջական և օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու համար:
Այս դեպքը կարող է շատ բան փոխել Ուկրաինական ճգնաժամում: Մի բան է զինված բախումներ կողմերի միջև, միանգամայն այլ բան է, երբ այդ բախումների ժամանակ քիմիական զենք է օգտագործում: Դա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է: Ինչպես հիշում եք, երբ նախորդ տարի Սիրիայում գրանցվեց քիմիական զենքի կիրառման դեպք, ԱՄՆ-ն քիչ էր մնում ներխուժեր այդ երկիր և դա չարեց բացառապես այն պատճառով, որ հնարավոր եղավ բանակցությունների միջոցով (Ռուսաստանի ակտիվ և ուղղակի միջնորդությամբ) ստիպել Սիրիային ձերբազատվել իր քիմիական արսենալից: Ասածս այն է, որ սա կարող է լուրջ հիմք ստեղծել, որպեսզի Ռուսաստանը վերջնականապես ուղղակի ներգրավվի ռազմական գործողությունների մեջ: Բանն այն է, որ Ռուսաստանը բազմիցս նախազգուշացրել է և´ Կիևին, և´ Արևմուտքին, որ «դեպքերի որոշակի զարգացումից» հետո կարող է և ներխուժել Ուկրաինա: Հերիք չէ այն, որ Ռուսաստանն արդեն իսկ ուներ «բավարար հիմքեր» իր ներխուժման համար, այժմ դեռ մի բան էլ առաջանում են «էլ ավելի լավ պայմաններ» այդ տեսական հնարավորությունը գործնականի վերածելու:
Իհարկե, ցանկալի է, որ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով և հնարավորինս արագ, և դրա համար պետք է, որ ոչ թե մթնոլորտն էլ ավելի լարվի, այլ առկա լարվածությունը գնալով թուլանա, բայց դեպքերի ներկայիս զարգացումները, ավաղ, նման լավատեսություն չեն ներշնչում: