ՀՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներն ու ազատամարտիկներն իրավունք ունեն.
- բժշկի դեղատոմսով անվճար դեղորայք ստանալու և պետական բուժական հիմնարկներում արտահերթ և անվճար սպասարկվելու,
- անվճար ձեռք բերելու պրոթեզա-օրթոպեդիկ պարագաներ,
- տարին մեկ անգամ անվճար ձեռք բերելու առողջարանային ուղեգիր,
- վառելիքի հատկացման հարցում ստանալու փոխհատուցում՝ կատարվող ծախսերի 50 տոկոսի չափով,
- անվճար և արտահերթ հեռախոս տեղադրելու:
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած), ինչպես նաև մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների երեխաներն ազատվում են դպրոցներում և նախադպրոցական հիմնարկներում ուսման վարձը վճարելուց: Պետությունը երաշխավորում է ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողի երեխա-ուսանողների, ինչպես նաև մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ` մրցույթից դուրս, պետական բյուջեի միջոցների հաշվին: Վերջիններիս տրամադրվում է ուսանողական նպաստ՝ առաջին կուրսից մինչև ծրագրի ավարտը:
Մարտական գործողությունների պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողներին, ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին, որպես սոցիալական աջակցություն, կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն:
Հայրենական Մեծ պատերազմի վետերաններն իրավունք ունեն.
- պետական պատվերի շրջանակներում ստանալ անվճար բժշկական օգնություն և բժշկական սպասարկում, ինչպես նաև արտոնյալ պայմաններով ստանալ առողջարանային բուժման ուղեգրեր,
- էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով ստանալու ամենամսյա դրամական օգնություն,
- ստանալու ամենամսյա պատվովճար,
- անվճար երթևեկելու պետական ընդհանուր օգտագործման ներքաղաքային ուղևորատար տրանսպորտով (բացառությամբ միկրոավտոբուսների և մարդատար տաքսի ավտոմոբիլների),
- 50 տոկոս զեղչով վճարել բնակարանի, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վարձերը,
- ստանալ անվճար պրոթեզավորում և վերականգնողական պարագաներ:
Վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով, իսկ հաշմանդամ վետերաններին` նաև գազի, ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմամատակարարման վարձերը վճարելու համար տրվում է ամենամսյա դրամական օգնություն:
Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, Հայրենական Մեծ պատերազմի և ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցները իրավունք ունեն նաև ստանալ անվճար իրավաբանական օգնություն` բացառությամբ հետևյալ դեպքերի՝
- ձեռնարկատիրական բնույթի գործերով (ներառյալ` կորպորատիվ վեճերով).
- նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային (գումարի) պահանջով գործերով, բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանողի կողմում հանդես եկող երրորդ անձ.
- եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ:
Տաթև Շալջյան
ՀՀ փաստաբանների պալատի
երիտասարդական խորհուրդ
Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին:



