Այսօր լրանում է նացիզմի դեմ համամարդկային պայքարի և հաղթանակի 69-րդ տարին: Սա չափազանց մեծ նշանակություն և խորհուրդ ունեցող իրադարձություն է, ինչպես ամբողջ աշխարհի համար, այնպես էլ նախկին սովետական ժողովրդի համար, ով իր անգնահատելի ներդրումն ունեցավ հաղթելու և աշխարհի երեսից արմատախիլ անելու մարդկության առջև ծառացած այս մեծագույն չարիքներից մեկ: Իսկ քանի որ այն ժամանակ հայ ժողովրդի մեծ մասը այդ ընդհանրական սովետական ժողովրդի անբաժանելի մասն էր, ապա այս օրը նաև հենց մեր հաղթանակն է, առավել ևս, երբ մեր փոքրաթիվ, բայց հպարտ և քաջ ժողովուրդն իր հերթին առանցքային դերակատարություն է ունեցել սովետական բանակի կազմում:

Շնորհավորում եմ մեզ բոլորիս այս փառապանծ հաղթանակի համար: Սա իրավամբ հպարտության օր է: Հուսով եմ, որ մեր ժողովորդը՝ լինի միայնակ, թե որպես «կոլեկտիվ պաշտպանության» մաս, այլևս երբեք չի առերեսվի նման մակարդակի չարիքի, որն այնքան մեծ վտանգ կներկայացնի մեր ազգի գոյության և ազատության համար, որպիսին որ նացիզմն էր, բայց եթե, Աստված մի արասցե, մի օր առերեսվի էլ, ապա ես այս դեպքում ոչ թե հուսով եմ, այլ վստահ եմ, որ մեր ազգը հերթական անգամ կվերգտնի իր մեջ հերոսական ոգին, էությունը և ավելի քան երբևէ կպաշտպանի իր ազատությունն ու արժանապատիվ ապրելու իրավունքը:

Հ.Գ. Բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն ասել, որ սա մեր հաղթանակը չէ (իսկ նման մարդիկ այսօր քիչ չեն), այլ ռուսներինն է, կամ էլ Աստված գիտե թե ումը, բայց ոչ մեր ժողովրդինը, անձամբ ինձ համար կդիտվեն որպես դավաճաններ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել