Արցախյան փառավոր հերոսամարտում հաղթանակած հերոսական հայ ժողովուրդ. 
Մայիսյան փառապանծ տոների կապակցությամբ «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և դարավոր աղետների ու փառապսակ հաղթանակների միջով անցած հայրենատեր հայ ժողովրդին` անչափ նշանակալից եռատոնի կապակցությամբ, և իմ մաղթանքներն եմ հղում ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս գտնվող բոլոր հայորդիներին՝ ցանկանալով խաղաղություն, ուժ և միասնություն:
Մենք հպարտ ենք, որ ժառանգորդն ենք հերոսական հայ ժողովրդի արժանավոր զավակների, ովքեր պատերազմի գողգոթայով անցան և իրենց ողջ գիտակցական կյանքը նվիրաբերեցին հայրենիքին:
Մենք հպարտ ենք, որ չնայած թշնամու ահռելի կուտակումներին, 1992 թվականի մայիսի 8-ին ազատագրվեց անառիկ բերդաքաղաք Շուշին: 
Խոնարհում ու փառք՝ Շուշիի ազատագրման բոլոր մասնակիցներին ու մարտում հերոսաբար ընկած մարտիրոսվածներին:
Փառք ու պատիվ՝ Հայոց Ազգային բանակի կազմավորման ակունքներում կանգնած հայկական կամավորական ջոկատների հերոս երկրապահներին, որոնք անզեն ու անպատրաստ, սակայն ոգով արի ու հայրենատեր, առաջինը ոտքի ելան հայրենիքը թշնամուց պաշտպանելու համար:
Փառք ու պատիվ՝ մայիսի 9-ին ստեղծված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին ու նրա քաջարի հրամանատարներին՝ թվացյալ խաղաղության այս օրերին բազում հակասությունների մեջ Արցախն անխոցելի պահելու, դժվարությամբ ձեռք բերած հաղթանակը հպարտությամբ սերունդներին փոխանցելու համար:
Փառք ու պատիվ՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին, որոնց փորձն ու իմաստնությունը քաջալերեցին և ուղղորդեցին արցախյան ազատամարտի մեր հերոսներին: 
Խոնարհում քեզ՝ Եռաբլուր, եռատոնդ հավերժության ջահն է քո:
Խոնարհում Ձեզ՝ հայոց մայրեր, Դուք արծիվ որդիներ եք հայրենիքին նվիրել:
Շնորհավո՛ր տոնդ, Հայրենիք, թող խաղաղությամբ բացվեն գալիք լուսաբացներդ մինչև հավերժություն...

«Հայոց Արծիվները» հայրենասիրական հասարակական 
կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել