Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը երեկ հարցազրույց է տվել «Նոյան Տապան» թերթին և անդրադարձել է Ղրիմի ինքնորոշման հարցին, ինչպես նաև դրա` Արցախի համար հնարավոր նախադեպ լինելուն: Պատասխանելով լրագրողի տված այն հարցին, թե արդյոք Ղրիմը կարող է Ղարաբաղի համար նախադեպ դառնալ, դեսպանն ասել է հետևյալը. «Գիտեք, այդ հարցին պատասխան տալն այնքան էլ հեշտ չէ: Երևի թե հարկավոր է ելակետ ընտրել այն, որ յուրաքանչյուր ազգ ինքնորոշման իրավունք ունի: Հարցը, թե կարող է արդյոք տվյալ ազգը ինքնորոշվել և անկախություն ստանալ՝ կոնկրետ պատմական հանգամանքներով է պայմանավորված: Ռուսաստանը, օրինակ, Ղրիմը ցանկացած գնով վերադարձնելուն չէր ձգտում, պարզապես ներկա պահին այնպիսի հանգամանքներ էին ստեղծվել, որ ռուսաբնակ Ղրիմը չէր կարող ենթարկվել բանդերականներին, ֆաշիստական տարրերին: Մենք օգնության հասանք մեր ռուս եղբայրներին: Այնպես որ, դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի և ինչպես: Այդուհանդերձ, նախադեպն արդեն կա»:
Տեսեք, դեսպանը հա´մ նալին է խփում, հա´մ էլ մեխին, ասել է թե, ինքնատիպ, ոչինչ չասող դիվանագիտական պատասխան է տալիս: Նախ ասում է, որ բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշվելու իրավունք, և ասում է, որ «արդեն նախադեպ կա», բայց մյուս կողմից ասում է, թե դա պայմանավորված է պատմական հանգամանքներով: Այժմ ցանկանում եմ անդրադառնալ հենց այս «պատմական հանգամանքերին», որոնք որպես փաստարկ ներկայանցում է ռուս պաշտոնյան: ՌԴ դեսպանը շատ հստակ (ես կասեի արդարացիորեն) պատճառաբանում է, թե ինչու Ռուսաստանը ճանաչեց Ղրիմի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և իրեն միացրեց այդ երկրամասը, բայց դեսպանը նրբանկատորեն անտեսում է այն պատմական հանգամանքները, որոնք դասավորվել էին Արցախյան հակամարտության շուրջ: Բայց ոչինչ, մենք դա կուղղենք:
Դեռ Ղրիմից շատ ավելի շուտ` 26 տարի առաջ, մեր արցախցի եղբայրները ևս կանգնած էին լուրջ վտանգի առջև, և մենք մեր ուժերի ներածին չափով արեցինք ամեն ինչ՝ չեզոքացնելու համար այդ վտանգը, ինչպես որ Ռուսաստանն արեց Ղրիմի հարցում: Եթե Ռուսաստանը մտածում էր, որ Ղրիմը կարող է դառնալ բանդերական, և դա պատմականորեն պատշաճ հանգամանք համարեց Ղրիմը «փրկելու համար», ապա մենք` հայերս, առաջին հերթին մտածեցինք մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության մասին, իսկ նման ֆիզիկական անվտանգության խնդրի առկայությունը իրական էր և ապացուցվեց Ադրբեջանի մի շարք քաղաքներում հայերի կազմակերպված ջարդերի կազմակերպմամբ: Դեսպանն իր խոսքում նաև նշում է, թե Ռուսաստանը չէր նախատեսել դեպքերի նման զարգացում և գործեց պատմական համապատասխան նախադրյալներից ելնելով: Գիտեք՝ ինչ, Հայաստանը ևս չէր նախատեսել, որ Արցախի հետ միասին ներքաշվելու է պատերազմի մեջ, բայց հանգամանքների բերումով եղավ այն, ինչ եղավ և, փառք Աստծո, մենք կարողացանք արժանապատվորեն դուրս գալ ստեծված իրավիճակից:
Այնպես որ, լավ կլիներ, եթե դեսպան Վոլինկինը կա՛մ օբյեկտիվ վերլուծեր իրավիճակը, կա´մ էլ ընդհանրապես խուսափեր որևէ մեկնաբանություններ անելուց: Այլապես ստացվում է այնպես, որ Ռուսաստանը հիմքեր ուներ «ազատագրելու Ղրիմը», իսկ հայերը` ոչ: Անխոս, դեսպանը ուղղակիորեն նման բան չի ասում, բայց հարցը մեկնաբանում է այնպես, որ ստեղծվում է նման տպավորություն, քանի որ խոսելով մի խնդիր պատմական հիմքերի մասին, չի անդրադառնում մյուսի հիմքերին:



