1956 թվականի մարտի 16-ն էր: Զարմանալի հանդարտ լուսանում էր Երևանի գարնանային առավոտը։ Ոչ քամի կար, ոչ զեփյուռ էր փչում Քանաքեռի և Նորքի բարձունքներից։ Կարծես ամեն ինչ սովորականի նման էր, բայց ոչ, դա այդքան էլ այդպես չէր: Զորավար Սմբատն էր այդ առավոտ մահացել:
Զորավար Սմբատը իր կյանքի վերջին երեկոն անցկացրեց իր վաղեմի ընկեր Սմբուլ Արշակի ընկերակցությամբ: Երկուսով հիշել էին իրենց գլխով անցած օրերը, իրենց մարտական ընկերներին, ովքեր արդեն չկային: Ապա մի աման Մշո կլուլիկ է կերել, երկար ծխել և պառկել քնելու, իսկ Արշակը նրա հեռացել բնակարանից:
Առաջինը նրան իր տան մեջ մահացած գտել էր հայրենադարձ Ղարիբը: Արդեն առավոտյան ցավագին լուրը տարածվեց ողջ քաղաքով, իրար շուրջ հավաքվեցին նրա մարտական ընկերները, ծանոթները և պարզապես մարդիկ, ովքեր գիտեին այդ հսկայի հերոսական անցյալը:
Մարտի 20-ին տեղի ունեցավ նրա հուղարկավորությունը: Հուղարկավորների մեծ թափորը Երևանից շարժվել էր Էջմիածին և դագաղը ձեռքերի վրա պահած հասել էր դեպի Գայանեի վանքի գավիթը։ Թափորը գնալով ստվարացավ, իր մեջ առնելով էջմիածնի և շրջակա գյուղերի ու ավանների շատ բնակիչների։ Ղադազին գրեթե կպած քայլում էին հարյուրապետ Սմբուլ Արշակը, ձիապան Բարսեղը, հայրենադարձ Ղարիբը, Հոնկա պապի թոռ Սիմոնը, հանգուցյալի մի քանի ազգականները, ծերացած զինվորներ, հին ֆիդայիներ, հայրենակիցներ։ Ընդհանուր կարգադրիչը երբեմնի հարյուրապետ Սմբուլ Արշակն էր։
Երբ դագաղը դրեցին հողաթմբին, բոլորը մոտեցան, համբուրեցին Մախլութոյի ճակատը, ապա կանգեցին վանքի պատի տակ: Վեհափառ հայրապետը բացակա էր, ուստի առաջինը խոսեց նրա տեղապահ Սահակ արքեպիսկոպոսը։ Նա դրվատեց զորավար Մախլուտոյին իբրև մեծ հայրենասերի և զորավար Անդրանիկի մարտական զինակցի։
— Հանգուցյալը միայն մի անգամ եկավ ս. Էջմիածին, — ասաց նա, — և այդ մի ամիս առաջ էր։ Նա եկավ նորին սուրբ օծության Վեհափառի մոտ և նրան հանձնեց մի փոքրիկ ծրար։ Ապա ծոցից հանելով մի հին գդակ, նվիրեց վանքիս թանգարանին։ — Սա Մշո սուրբ Կարապետի վանահայր Հեսու վարդապետի գդակն է, — ասաց նա և պատմեց այդ գդակի հետ կապված ամբողջ պատմությունը։
Իսկ այդ նամակում գրված էր ընդամենը երկու խոսք՝ «Հավատքիս համար ինձ կթաղեք ս. էջմիածնում, իսկ քաջությանս համար «Խենթի» կողքին։ Եթե հարմար կդատեք։ Սախլուտո»։
Ապա խոսեց հայրենադարձ Ղարիբը։
— Այս մարդը, որ այժմ հանգչում է դագաղում և քիչ հետո պիտի իջնի գերեզման, մեր ժողովրդի քաջարի զավակներից մեկն է, — ասաց նա։ — Դուք քիչ թե շատ ծանոթ եք նրա ֆիդայական անցյալին, նրա հերոսական կերպարին:
Նա 1947-ին հայրենադարձների առաջին քարավանով եկավ Հայաստան։ Գնաս բարով, Տարոն աշխարհի քաջակորով հայդուկ և աննման հայրենասեր։ Քո պատմությունը դեռ նոր պիտի գրվի։ Մենք քո և քո սերնդի մոլորությունները կհանձնենք Մասյաց հողմերին, իսկ բռնակալության դեմ մղած ձեր ազատատենչ կորովը և անհողդողդ կամքը՝ դարերին՛. Եվ գուցե այս բրոնզադեմ մանուկը շարադրի քո պատմությունը, որ գլուխը ձեռքերի մեջ առած մտախոհ կանգ Է առել քո տխուր վերջաբանին։
Երբ բոլորը հեռացան և Սմբուլ Արշակն ու ձիապան Բարսեղը վերջինը լքեցին նոր ծածկված շիրիմը, իրենց հետ տանելով խելագար Անդրեասին, բրոնզադեմ մանուկը հանեց ծոցատետրը և ծնկանը դնելով հուշագրեց, «Զորավար Մախլուտոն գերեզման իջավ 1956 թվականի մարտ ամսի 20–ին, երեքշաբթի, երեկոյան Ժամը 6-ին։ Նա թաղվեց «Խենթի» քարից յոթ թիզ դեպի աջ։ Փառք քաջ նախնիների հիշատակին»։
Ահա այսպես հրաժեշտ տվեցին Տարոնի առյուծին…
Հաջորդ առավոտյան երրորդ քաղմասի թաղային լիազորը հետը վերցնելով շրջանային սովետի նոտարին և գըլխավոր հաշվապահին, շտապեց դեպի Նաիրի փողոցի այն տունը, որտեղ իր վերջին օրերն էր անցկացրել ծերունի զինվորականը։
Կնիքը քանդեցին և ներս մտան։
Տունը դատարկ Էր։ Թախտի վրա, բարձի տակ հայտնաբերեցին հնամաշ մի պայուսակ և մի նույնքան հնամաշ զինվորական վերարկու։ Նոտարական բաժնում պայուսակը բաց անելիս մեջը գտան պատմական Հայաստանի քարտեզը, պարսկական մի մաշված ձիու սանձ դեզին ծոպերով, Գեորգիևյան երկու ոսկի խաչ, Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի և Անդրանիկի լուսանկարները, կամավորական մի խմբանկար՝ Հայկ Բժշկյանը Անդրանիկի և իր կողքին նստած, Մուշ քաղաքի տեսարանը՝ Սիմ լեռը ետևում, դաշտային մի հեռադիտակ, երեք արշին ճերմակ կտավ և մի սևացած փոքրիկ տուփ։ Վերջինը Արաբոյի ծխատուփն էր։ Այնտեղ գտան նաև Բդեի Միսակի «Հիշատակարանի» վերջին գլուխը և մի քանի հաստ տետրեր վրան գրած՝ «Ֆիդայի Մախլուտոյի թղթերը»։
Այդ ամենը նույն օրը հատուկ արձանագրությամբ հանձնվեց Հայաստանի Պատմական թանգարանին։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/mariam.andreasyan.7/posts/442955842415663?ref=notif¬if_t=like
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել