Հենց նոր հեռուստացույցով լսում էի Արտեմ Երկանյանի և Արամ Աբրահամյանի զրույցը Միկոյանի արձանի տեղադրելու հարցի շուրջ: Մեկը հպարտ էր Միկոյանով, մյուսը տարակույսներ ուներ:
Անաստաս Միկոյանի արձանը Երևան քաղաքի կենտրոնում տեղադրելու Երևանի քաղաքապետարանի ավագանու որոշման շուրջ սկսված հանրային քննարկումներին մասնակցողները կողմ ու դեմ փաստարկներ են բերում այդ որոշման շուրջ: Կողմ փաստարկների հիմնական ձևակերպումը հանգում է «Միկոյանը մեծ ծավալի քաղաքական գործիչ էր», «Միկոյանը կասեցրել է հնարավոր երրորդ համաշխարհային պատերազմը»: «Դեմ» փաստարկներն ավելի կոնկրետ են և հղում են անում Ա.Միկոյանի գործունեության հակահայկական դրվագները:
Դուրս եմ գալիս Միկոյանի գործունեության «հակահայկական» ծավալից և փորձում եմ անդրադառնալ խնդրի ավելի մեծ ծավալին: Միկոյանը ԽՍՀՄ քաղաքական և պետական գործիչ էր և խնդիրը պետք է դիտարկել ԽՍՀՄ ծավալներով:
Ոչ մեկը չի առարկում, որ Միկոյանը ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների դերակատարներից էր, բայց ոմանք փորձում են արդարացնել այդ դերակատարությունը «ժամանակն էր այդպիսին» անորոշ ձևակերպումով: Ժամանակն ինքնին որևէ կերպ չի լինում, մարդկանցից դուրս հասարակական ժամանակ չի լինում, «ժամանակն այդպիսին» դառնում է «ժամանակը ձևավորող» մարդկանցով: Տվյալ դեպքում՝ պետության քաղաքական ու վարչական առաջին դեմքերով: Նրանց նախաձեռնությամբ, նրանց պասիվ կամ ակտիվ համաձայնությամբ, լռությամբ կամ համագործակցությամբ: Այդ հայտնի «ժամանակում» Միկոյանը վերջին մարդը չէր և նա՛և նրա պասիվ կամ ակտիվ համաձայնությամբ , իսկ որ ավելի ճիշտ է՝ համագործակցությամբ է «ժամանակն այդպիսին» դարձել: Կարո՞ղ էր «ժամանակն այդպիսին չլինել»: Կարող էր, եթե միկոյանները չհամաձայնվեին: Նրանք համաձայնվել են: Մորթապաշտությունից, համոզմունքներից, անձնական «ես»-ից: Գուցե՝ նաև վախից: Հասկանալի է, որ ամենամեծ վախերը եղել են ոչ թե երկրի բարօրության, ոչ թե հասարակության արժեհամակարգի կորստի, ոչ թե «սոցիալիզմի չկայացման», ոչ թե առաջընթացի, ոչ թե արտաքին քաղաքական վտանգի, այլ՝ սեփական և մերձավորների կյանքերի համար: Սկսվել է ուրիշների կյանքերից, որին համաձայնվել են, հասել է իրենց, որին համաձայն չէին: Համաձայն չէին ով իչպես կարող էր, այդ թվում՝ այլոց կյանքերի հաշվին: Իրենց և իրենց մտերիմների կյանքերը փրկելու համար զոհաբերել են միլիոնավորների կյանքեր, այդ թվում՝ շատ տաղանդավոր մարդկանց: Որբացել և «ժողովրդի թշնամու զավակ» են պիտակավորվել միլիոնավոր երեխաներ, որոնց հետագա կյանքը շարունակական վախ է եղել: Զոհաբերվել է հասարակական բարոյականությունը: Զոհաբերվել են ամբողջ ժողովուրդներ, այդ թվում՝ կրկնակի զոհաբերությամբ: Ու՞ր էր ընկեր Անաստաս Միկոյանը, երբ Ստալինը հրամանագիր էր ստորագրում Անդրկովկասի և Սևծովյան ավազանի «նախկին թուրքահպատակներին» Ալթայի երկրամաս աքսորելու մասին: Նա չգիտե՞ր, որ «նախկին թուրքապատակները» թուրքական ցեղասպանությունից փրկված հայերն էին: Նրա «դիվանագիտական տաղանդը» չհուշե՞ց այս հրեշավոր կրկնակի զոհաբերության հակամարդկային բնույթի դեմ քայլեր ձեռնարկել: Ոչ, ո՛չ որպես հայ, պարզապես որպես մարդ, որպես պետական ու քաղաքական գործիչ: Ո՞վ կարող է հաշվել, Կարիբյան ծովի ճգնաժամը հաղթահարելու ընդունակ քանի՞ ապագա հնարավոր տաղանդաշատ դիվանագետների կյանքեր է դրվել զոհասեղանին: Ո՞վ կարող է հաշվել, քանի՞ ապագա գիտնական, բանաստեղծ, նկարիչ, ականավոր մարդասեր քաղաքական գործիչ, հմուտ կառավարիչ, հմուտ զինվորական, լավ տնտեսագետ, պարզապես լավ մայր ու հայր են կործանվել այդ «մեղավոր գլխակեր ժամանակ» : Որքանո՞վ է հետ գնացել հասարակական զարգացումը: Քա՞ նի «պիոներ» ու «կոմսոմոլ» է այլասերվել միկոյանների կողմից փառաբանվող դավաճանական վարքով և դրանցից քանի՞սն են դարձել «ականավոր պետական գործիչներ»: Մեր հանրությունը գիտի՞ արդյոք մեր տնտեսական զարգացման հետընթացը, եթե նույնիսկ 60-ական թթ. տնտեսական ձեռբերումները չափվում էին առաջին աշխարհամարտի սկզբի ցարական Ռուսաստանի, այսինքն՝ 1913 թ. ցուցանիշներով: Կապ չունի՞ Անաստաս Միկոյանը այս ամենի հետ: Ժամանակն առանց միկոյաննե՞րի է ձևավորվել: Այս ամենը միայն Ստալին-Բերիա զու՞յգն են արել: Որովհետև այդպե՞ս է գնահատել Խրուշչովը՝ իրեն սատարած պետական գործիչների, այդ թվում Անաստաս Միկոյանի հետ միասին: Այն նույն գործիչների, որոնց հաջողվեց իրենց թանկարժեք գլուխները փրկել այլ գլուխների հաշվին: Իսկ ու՞ր էր Միկոյանի փառապանծ դիվանագիտական տաղանդն այդ ժամանակ: Նա տաղանդավոր հռետորաբանությամբ խրախուսում էր պիոներ շեգլովներին և 1937 թ. Եժովի գլխավորությամբ ՆԳԺԿ-ի կատարած «փառավոր աշխատանքը»: Այդ փառավոր աշխատանքը հարյուր հազարավոր մարդկանց գնդակահարություններն էին: Ինչո՞վ սա «տաղանդավոր դիվանագիտություն» չէր սեփական մորթին ու սեփական բարեկեցությունը փրկելու համար:
«Ժամանակն էր մեղավոր» անդեմ ձևակերպումը բացատրություն չէ, արդարացում չէ, իրականում այն մեղադրանք է այդ «ժամանակը ձևավորողների» համար, և նրանցից մեկն Անաստաս Միկոյանն էր: Մոլոտովի, Մալենկովի, Կագանովիչի և այլոց հետ, ովքեր նույնպես կարողացան «քաղաքական հմուտ դիվանագիտությամբ» այլոց կյանքերի հաշվին դառնալ խորհրդային վաստակաշատ թոշակառուներ, դոմինո խաղալ բակի տարեցների հետ և երկարակյաց ծերության օրերին ըմբոշխնել իրենց ծերունական արևոտ օրերը՝ աշխատելով մոռանալ իրենց ստորագրություններով գնդակահարված, ճամբարներ քշված մարդկանց խեղված կյանքերի, աքսորված ժողովուրդների մասին հիշողությունները: Գուցե նաև իսկապես չհիշելով, քանի որ իրենք չէ, «ժամանակն էր մեղավոր»: Սրանք ԽՍՀՄ բարձրագույն պետական և քաղաքական գործիչներն էին, իրականում հանցագործ սրիկաներ, որոնց «նյուրնբերգն» այդպես էլ չեղավ: Չի բացառվում, որ նրանք էլ երբեմն-երբեմն իրենց «երիտասարդկան խենթությունները» հիշելիս ասած լինեն «երեսնականներին մենք բոլորս սրիկաներ էինք», ինչպես ասել է Միկոյանը և այդ վերնագրով նրան գովերգող ֆիլմ են նկարահանել, հավանաբար, իր զավակների ֆինանսավորմամբ: Ասել է ծերության օրերին: Եվ այդ հավասարեցնող «մենքը», իհարկե, զգալի մխիթարանք է եղել նրա/նրանց համար: Կա՞ արդյոք հրապարակի վրա նրանցից որևէ մեկի խոստովանությունը, ապաշխարհանքը, թեկուզ ծերունական, անատամ, իր կյանքի համար անվտանգ: Չկա, չկա նաև այն պատճառով, որ նրանցից յուրաքանչյուրն իր հանցավոր անցյալը թաղել է «անհատի պաշտամունքի» և Բերիայի դատապարտմանը մասնակցելու մխիթարական գիտակցությամբ: Եվ ինքն իրեն ինքնամաքրված համարել: Գնացեք, տուն գնացեք, անտուն դարձած հաշմանդամներ, գնացեք դատարաններով վերականգնեք ձեր անմեղության փաստաթուղթը, փնտրեք որբանոցներում ձեր երեխաներին, ողբացեք ձեր մահացած ծնողների, եղբայրների, քույրերի, զավակների աճյուններին, երեկոները միմյանց պատմեք ձեր «գուլագային» կյանքը, բայց… չհրատարակեք: Պահեք գզրոցներում: Չհրապուրվեք ազատությամբ: Մենք մեծահոգի ենք, բայց…Չսպառվեց, չվերջացավ այդ «մեղավոր ժամանակը» Ստալինի արձանների շռնդալի կործանումներով: «Երեսնականների սրիկաները» իրենց պատճեններն էին պատրաստել՝ մանրապճեղ կագեբեականներին, հասարակության ցանկացած անդամի համար ոչ պակաս սպառնալի: «Պիոներ շեգլովները» գալիս էին փոխարինելու իրենց ուսուցիչներին: Ծավալներն էին փոխվել: Աշխարհն էր փոխվել, նյուրնբերգ էր եղել, պետական և ռազմական հանցագործներին պատժելու նախադեպ… կարևոր առիթ՝ օր ծերության «երեսնականների սրիկայության մասնակցությունը» հիշելու:
Անաստաս Միկոյանի գործունեության «հայկական հարցերին» չեմ անդրադառնա: Դրանց մասին բավական վկայություններ են հրատարակվել վերջին երեք օրերի ընթացքում: Այնուամենայնիվ չեմ կարող չասել, որ Կարիբյան ծովի ճգնաժամի լուծման հմուտ դիվանագետի համարում ունեցող Անաստաս Միկոյանը կամ նույնքան հմուտ դիվանագետ չեղավ «հայկական խնդիրներում», կամ ընդհակառակն՝ շա՛տ հմուտ դիվանագետ եղավ և «հայկական խնդիրները» լուծվեցին հենց ի՛ր պատկերացած լուծումներով (երկու տարբերակներից որն էլ ընտրենք՝ դե՛մ է Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու գաղափարին):
Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման գաղափարի շուրջ բարձրացված աղմուկը, սակայն, բացահայտեց մի իրողություն: ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում պատշաճ հանրային քննարկում չեղավ ԽՍՀՄ քաղաքական բռնաճնշումների հայաստանյան իրողությունների շուրջ: Մի կողմից արագորեն փակվեցին ԿԳԲ-ի արխիվները, մյուս կողմից հայաստանյան ներքին հասարակական-քաղաքական ճգնաժամն ու պատերազմի շարունակվող սպառնալիքը «հետաձգեցին» այս կարևոր խնդիրը: Հայաստանում նույնիսկ պատշաճ քննարկում չեղավ այդ տարիների թողած հասարակական հետևանքների, հանրային վարքի, իշխանություն-հասարակություն կապի, «լյուստրացիոն» որևէ գործընթացի շուրջ: Մեր հասարակությունը ցայսօր կանգնած է «անհատի պաշտամունք» խրուշչովյան ձևակերպման կետին: Երիտասարդների բացարձակ մեծամասնությունը «մեղավոր ժամանակներից» հիշում է գլխավորապես «կուլակաթափություն» և «հակա» բառերը, «Ստալին» և «Բերիա» անունները: Հայաստանը կարծեք մաս չունի այս ամենի մեջ: Կարծեք թե այս անիրազեկությունը ևս նպաստում է մեր հասարակության «օֆշորային» և «լֆիկա-լիսկայական», «գանգստերա-թիկնազորային» մշակույթի ծաղկմանը, որոնց դերակատարները նույնպես տարիներ անց կներկայացնեն «ժամանակի մեղավորության» քողի տակ և գուցե կկագնեցնեն այդ «մեղավոր ժամանակների հերոսների» արձանները: Եթե, իհարկե, նրանք Հայաստանում մարդ թողնեն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել