Հիշեք` Աշխարհում հարստանում են այն մարդիկ, ովքեր լուծում են այլ մարդկանց խնդիրները: Ռեյ Կռոկ
Mc’Donald’s-ի մասին գրառման առաջին մասը կարող եք կարդալ այստեղ: Սակայն այս բոլոր առավելությունների հետ մեկտեղ Մաքդոլանդ եղբայրները ծույլ էին: Երբ առաջին ֆրանչայզերը նրանց առաջարկեց ռեստորանն անվանել McDonald’s, Դիկ Մաքդոնալդը հարցրեց, ինչի՞ս է պետք, մեր քաղաքում այս անունը ոչինչ չի նշանակում: Եղբայրները խուսափում էին գրավել ներդրողներին, չէին էլ ցանկանում նոր ֆրանչայզինգի պայմանագրեր կնքել, մի խոսքով զարգացման հեռանկարներ ընդհանրապես չկային:
Կռոկը սկսեց հետաքրքրվել, թե ինչպես են նրանք վերաբերվում բիզնեսին: Առիթը բաց չթողնելով` նա որոշեց առաջարկել Մաքդոնալդ եղբայրներին, որ ֆրանչայզինգի հարցերով զբաղվի ինքը, ինչը մեծ երջանկություն էր ծույլ եղբայրների համար: Հետաքրքիր մոտեցում ցուցաբերեց Կռոկը այստեղ, երբ եղբայրներին առաջարկեց ֆրանչայզինգի պայմանագրի մեջ ներառել եկամտի 1.9 %-ը, որից 1.4-ը՝ Մաքդոնալդներին, 0.5-ը՝ իրեն : Կռոկն այս պայմաններով էր մտածում գրավել ողջ Ամերիկան:
Ռեյ Կռոկը չէր հորինել ֆրանչայզինգը, այլ կատարելագործել էր: Նա միանգամից չեղյալ էր հայտարարում այն պայմանագրերը, որոնց դեպքում ֆրանչայզերները հրաժարվում էին կատարել իր պահանջները: Յուրաքնաչյուր դետալ պետք է համապատասխաներ McDonald’s –ի կանոնակարգին` կասսայի ձևից մինչև կարտոֆիլի չափսերը: Կռոկն արդեն մտնում էր իր տարերքի մեջ: Նա իր աշխատանքի հենց առաջին տարում կարողացավ բացել միայն 18 ֆրանչայզինգային ռեստորան, որոնցից մեծ մասը Կալիֆոռնիայում էր: Սակայն այստեղ Կռոկը հանդիպեց շատ լուրջ խնդիրների, մասնավորապես ֆրանչայզինգի պայմանագրով աշխատող ռեստորանների տերերը մենյուի մեջ սկսեցին մտցնել պիցցա, բարձրացնել համբուրգերների գները և ամեն ինչին նայում էին ըստ իրենց հայեցողության: Իսկ Կռոկը մտածում էր միանման հագուստների մասին, նույն գների, միատեսակ ապրանքատեսականու մասին: Նա դրան կհասնի, քանի որ նա գիտեր երազել և հասնել իր երազանքին:
Կռոկը գիշեր-ցերեկ մտածում էր, թե ինչպես դուրս գա այդ իրավիճակից, ում փրկությունը դարձավ Սենֆորդ Ագատեն, ով 20 տարում 25.000 դոլար էր կուտակել և ցանկանում էր ներդնել որևէ հեռանկարային բիզնեսում: Կռոկն Ագատեին համոզեց այդ գումարով կառուցել ռեստորան McDonald’s –ի համար և ֆրանչայզինգի պայմանգրով աշխատել: Ագատեն ու Կռոկը մի հողատիրոջ համոզեցին, որ վարձակալեն հողը ռեստորանի համար և վարձը նրան կվճարեն շրջանառության 5 %-ի չափով, բայց շատ 500 դոլարից, քիչ 1000 դոլարից: Հենց բացման օրն արդեն հերթեր էին գոյացել McDonald’s –ի դռների առջև: Մի շաբաթից այդ ռեստորանը սկսեց բերել օրեկան 1000 դոլարի եկամուտ, որից հետո այդ հողատերը պարզապես խելագարվում էր իր հիմար գործարքից: Նա չէր էլ պատկերացնում, թե ինչպես կարող էր այդ փոքրիկ ռեստորանն ամսեկան 30.000 դոլար եկամուտ ապահովել, որից միայն 999 դոլարն էր իրենը, բայց պայմանագիրն արդեն կնքված էր: Բանակցությունների այսպիսի հիանալի մոդելը Կռոկի հաջողության հիմքն էին, որով նա կարողանում էր էժան տարածք վարձակալել ու ավելի լավ պայմաններով այն տալ ֆրանչայզերներին:
Կռոկի մոտ էին գալիս այնպիսի մարդիկ, ովքեր իր պես անհաջողակ էին եղել, սակայն սիրում էին բիզնեսն ու պատրաստ էին կրկին ու կրկին փորձել: Ագատեի հաջողության մասին խոսում էին ողջ Ամերիկայում, որն էլ դարձավ McDonald’s –ի առաջին գովազդը: Այդպիսի հաջողությունից հետո Կռոկը սկսեց մտածել պայմանների բարելավման մասին:, որն էլ հետևյալն էր. Նոր McDonald’s ռեստորանը պահանջում էր 17-30.000 դոլարի ներդրում, որը ետ էր վերադարձվում 2 ամսվա ընթացքում: Այս պահանջի համար մարդիկ պատրաստ էին օրերով սպասել Կռոկի հետ հանդիպմանը, կատարել նրա բոլոր ցանկությունները, գիշեր-ցերեկ նամակ գրել, որպեսզի նա համաձայնություն տար ֆրանչայզինգի համար: Թերթերը Կռոկին անվանում էին միլիոնատերերի ստեղծման բյուրո: Նա այս մարդկանց բիզնես չէր վաճառում, այլ հաջողություն:
1961 թվականին Մաքդոնալդ եղբայրները համաձայնվում են Կռոկին տալ իրենց անվանումն ու ամբողջ բիզնեսի ազատ կառավարումը: M տառը նրանք գնահատեցին 2.7 մլն կանխիկ դոլար, որից 1մլնը Դիկին և Մակին, իսկ 700 հազարը հորեղբորը` Սեմ Մաքդոնալդին: Կռոկն այդ փողերը չուներ, սակայն երկրում աշխատում էր 228 ռեստորան, որոնք միասին բերում էին լավ փողեր: Այս թվերից նա շատ ցածր տոկոս էր ստանում, ուստի 2.7 մլն դոլար ձեռք բերելու համար հարկավոր էր վարկ: Այս գործում Կռոկին օգնում է McDonald’s-ի ֆինանսիստ Հարրի Զոնեբոռնը, ով պարզապես անհնարին մի քայլ է կատարում: Նա կարողանում է համոզել բանկիրներին McDonald’s-ում ներդնել այդ 2.7 մլն դոլար, որի մարման տոկոսը կազմում էր այն թիվը, որը Կռոկը վճարում էր Մաքդոնալդ եղբայրներին: Այսպիսով մի որոշ ժամանակ հետո, երբ վարկը մարվեր, ընկերությունն ամբողջությամբ անցնում էր Կռոկի ձեռքը:
Երբ Կռոկը բանակցում էր այս կամ այն ներդրողի հետ, Զոնեբոռնը McDonald’s-ի հաշվին գումարներ էր կուտակում: Այս անշարժ գույքի վարձակալության միտքը հենց նրանն էր: Վարձակալման սխեմայի գաղափարն իդեալական էր՝ Զոնեբոռնը վարձակալում էր տարածքը այդ ժամանակվա համար հսկայական գումարներով և շրջանառության տոկոսից մաս չէր տալիս հողատերերին: Մասնավորապես հողատերերը ստանում էին հաստատուն գումար` 700 դոլար ամսեկան, որն այդ ժամանակ շատ մեծ գումար էր և պայմանագիրը կնքվում էր 20 տարով, այսինքն 20 տարում ամեն ամիս 700 դոլար: McDonald’s-ն այսպիսով հողը ֆիքսված գումարով 20 տարվա համար վարձում էր և տալիս էր ֆրանչայզերին, ով այդ տարածքում կառուցում էր ռեստորանը և վաճառքներից 8,5%-ը տալիս էր McDonald’s-ին:
Կնքելով ֆրանչայզինգի պայմանագիր՝ ռեստորանի նոր տերը պարտավորվում էր 15000 դոլար ներդնել բանկային հաշվում որպես ավանդ և միայն 15 տարի հետո էր այն վերադարձվելու: Զոնեբոռնն այս գումարներով տալիս էր հողի ամսեկան վճարը, իսկ հետագայի մասին չէին էլ մտածում, քանի որ հողի գինը գնալով բարձրանում էր, բայց իրենք ֆիքսված վճարում էին ընդամենը 700 դոլար ամսեկան: Իսկ արդեն 60-ականների վերջում վարձատուները հասկացան, որ այդ 700 դոլարը պարզապես կոպեկներ է այդ ժամանակվա համար: Շատերը պարզապես ցանկանում էին ինքնասպան լինել, քանի որ տարածքի վարձակալությունը հարյուր հազարների էր հասնում, իսկ իրենք ստանում էին 700 դոլար ամսեկան: Ահա հենց այս խորամանկ քայլով բիզնեսը սկսեց զարգանալ աստղաբաշխական թվերով:
Շարունակելի…